«Մենք մտադիր չենք, ոչ միայն 60 միլիոն, այլ 60 լումա վճարել». ՀՀԿ-ական տնօրեններն ընդդեմ Իոաննիսյանի հայցերը վարույթ են ընդունվել. «ՀԺ»
Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակագրմամբ «զբաղված» 30 դպրոցի եւ մանկապարտեզի տնօրենների հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի եւ Դանիել Իոաննիսյանի վարույթ է ընդունվել:
Բոլոր 30 հայցերը վարույթ են ընդունվել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մակագրվել նույն դատարանի դատավորներին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սույն գործով արդեն նախնական դատական նիստի օրեր են նշանակվել: Այսպիսով՝ հայցերը կքննվեն սույն թվականի հուլիսի 17-ից:
«ՀԺ»-ի հետ զրույցում գործով պատասխանող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արդեն ստացել է հայցադիմումների մի մասը:
– Դանիել, իսկ հայցադիմումում փոխհատուցման պահանջի մասով ինչ-որ մանրամասներ կա՞ն ներկայացված:
– Որեւէ կերպ գումարի չափ, հիմնավորում չկա: Հայցադիմումները առհասարակ բավականին համեստ են գրված, կարող էին ավելի հիմնավոր գրվել, մի քիչ կոռեկտ արտահայտվեմ էլի (ծիծաղում է):
– Դուք հրապարակել էիք 114 տնօրենի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, սակայն հայց են ներկայացրել նրանցից 30-ը: Ըստ ձեզ, ինչո՞ւ 30 տնօրենին մյուսները չեն միացել:
– Պատկերացրեք՝ դուք տնօրեն եք եւ կյանքի բերումով ստիպված եք դառնալ Հանրապետական, ցուցակներ եք հավաքագրում ու ձեզ ինչ-որ պայծառ օր դրա վրա բռնացնում են, դուք հայտնվում եք կիզակետում: Դուք կցանկանայի՞ք արդյոք հետո այդ թեման նորից բարձրացնել, դուք կցանկանայի՞ք ձեր անունը նորից շրջանառվի, եւ վերջապես կցանկանայի՞ք հայտնվել քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Ես չեմ բացառում, որ 84 տնօրեն ուղղակի հրաժարվել է հայցադիմում ներկայացնելուց:
– Դանիել, հաշվի առնելով մեր դատական համակարգը, որեւէ ակնկալիք ունե՞ք դատարանից, որ հօգուտ ձեզ որոշում կկայացվի:
– Հայաստանը խնդիրներ կունենա, եթե հանկարծ դատարանները որոշեն բավարարել անհիմն հայցերը եւ այս աղմկահարույց գործով ապօրինի որոշում կայացնել: Դրանից ելնելով՝ մենք անհանգստանալու կարիք չունենք:
– Ի՞նչ խնդիրներ կունենա Հայաստանը:
– Միջազգային հեղինակությունը շատ ուժեղ անկում կապրի, որովհետեւ խոսքի ազատության իրացման դեմ ուղղված գործողություն կլինի, միջազգային հանրությունը, չեմ կարծում, որ աչք փակի այս մոտեցման վրա:
– Իսկ եթե որոշում կայացվի վճարել փոխհատուցման գումարը՝ 60 միլիոն դրամ, վճարելո՞ւ եք:
– Մենք մտադիր չենք, ոչ միայն 60 միլիոն, այլ 60 լումա վճարել:
– Այսինքն՝ եթե օրինական ուժի մեջ մտնի որոշումը, ի՞նչ եք անելու:
– Ես վստահ եմ՝ գործը դրան չի հասնի, հենց առաջին ատյանի դատարանը մեր օգտին որոշում կկայացնի, եթե՝ ոչ, ապա վստահ եմ վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում հօգուտ մեզ որոշում կկայացվի: Մենք կբողոքարկենք դատարանի որոշումները, կգնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: