Հրաժեշտ հին Թուրքիային. Որտե՞ղ կլինի Հայկական հարցը Թուրքիայի քաղաքական նոր օրակարգում

«Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս դրությունը ձեռնտու է Էրդողանի իշխանությանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներին և նոր իրավիճակում հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր զարգացումներին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների համաձայն՝ Էրդողանի նախաձեռնած «այո»-ի օգտին է քվեարկել ընտրողների 51.32 տոկոսը, իսկ «ոչ»-ի օգտին՝ 48.68 տոկոսը, թեև երկրի խոշորագույն քաղաքներում՝ մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում, հաղթել է «ոչ»-ը: Հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից հետո երկրի կառավարման համակարգում նախատեսում է ամենամասշտաբային փոփոխությունները:

Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող Սահմանադրության 18 հոդված: Համաձայն այս փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների, այդ թվում և՝ նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու՝ հայտարարե՞լ արտակարգ դրություն, թե՞ ոչ:

Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին համապատասխանող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով:

Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600:

Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից: Մեզ հետ զրույցում Ջենգիզ Աքթարը նշեց, որ այս արդյունքներն ամբողջությամբ կանխատեսելի էին։

Ըստ նրա՝ միանշանակ էր, որ «այո»-ն ցածր արդյունքներ չէր ունենալու, քանի որ Էրդողանը կյանքի գնով փորձելու էր հաստատել այս փոփոխությունները, չափազանց բարձր արդյունքները՝ 80-90% «այո»-ի օգտին, թույլ չէին տա Էրդողանին ցույց տալ գոնե արհեստական ժողովրդավարություն, իսկ 52%-ն իդեալական է այս իշխանության համար, որով և՛ Էրդողանի դիրքերն են ամուր, և՛ միջազգային հանրությանը ցուցադրվում է գոյություն չունեցող ժողովրդավարություն։ Թեև, նրա համոզմամբ, աշխարհի համար պարզ է, թե ինչ է տեղի ունենում. երկիրը թևակոխում է բռնատիրության խորացման հերթական փուլ, ինչը լի է էլ ավելի մեծ անկայունությամբ, ճնշումներով և անհասկանալի ներքին ու արտաքին քաղաքականությամբ։

«Ցավալին այն է, որ ներկայումս չեմ տեսնում ներքին ռեսուրս՝ այս ամենին դիմադրելու համար, քանի որ խորանում է հասարակական բևեռացվածությունը, երկու թևերի միջև լարումը։ Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ մեծ քաղաքների քվեարկությունը ցույց է տալիս Էրդողանի տապալումը, մեծ քաղաքներում է կենտրոնացած երկրի կիրթ, հարուստ, էլիտար, գիտակից հատվածը, որը դեմ էր այս փոփոխություններին, իսկ ծայրամասերը, չքավոր հասարակությունն ընդունել է այս փոփոխությունները՝ կողմ քվեարկելով։

Հիմա իշխող ուժն ավելի մեծ ռեսուրսներ ունի ճնշելու այն հատվածին, որը կենտրոնացած է մեծ քաղաքներում, դրանք լրագրողներն են, քաղաքագետները, իրավապաշտպանները, բնապահպանները, և այլն, և այլն։ Չեմ տեսնում հնարավորություն, որ ժողովրդավարության ջատագովները կարողանան հաղթել ներկայիս Էրդողանին՝ թեկուզ մինչև 2019 թվականը, երբ պետք է ուժի մեջ մտնեն այս փոփոխությունները»,- ասաց նա։

Վերջինիս կարծիքով՝ այս փոփոխություններն Էրդողանին հնարավորություն կտան իրականացնել իր ծրագրերն էլ ավելի հարթ և առանց խոչընդոտների՝ կենտրոնացնելով ողջ իշխանությունը մեկ ուժի ձեռքում։ Աքթարն ասաց, որ նույնիսկ մինչև 2019թ. Էրդողանը չի սպասի և կսկսի օգտվել նոր Սահմանադրության տրամադրած փոփոխություններից։ Ջենգիզ Աքթարի համոզմամբ՝ առաջին թիրախը լինելու են քրդերը և ազատականները։

«Էրդողանը պետք է փորձի լեզու գտնել և՛ Արևմուտքի հետ, որպեսզի քրդական հանրապետություն չձևավորվի, և՛ ճնշել քրդերին, անկայունության նոր ալիք բարձրացնելով։ Արևմուտքից շատ ավելի կոշտ վերաբերմունք է ակնկալվում, բայց չեմ կարծում, թե մենք ստանանք այդ վերաբերմունքը, քանի որ Էրդողանին դեռ հաջողվում է վերահսկել Արևմուտքին»,- նման կարծիք հայտնեց Աքթարը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ թուրք քաղաքագետն ասաց, որ այս ուղղությամբ Էրդողանի իշխանությունը հատուկ նպատակներ չունի, և հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի արտաքին քաղաքական դոկտրինի բավականին ետին էջերում են։

«Կա հստակ բանաձև՝ չեն ծավալվի բանակցություններ հայկական կողմի հետ, չեն բացվի սահմաններն առանց ԼՂ հակամարտության կարգավորման և Ադրբեջանի հավանության, ինչի հավանականությունը զրոյական է։ Իրերի այս դրությունը դեռ ձեռնտու է Թուրքիայի իշխանություններին, քանի որ քրդական հարցը Թուրքիայի համար չափազանց մեծ խնդիր է, առաջիկա տարիներին երկրի բոլոր ռեսուրսներն ուղղվելու են քրդերի դեմ, իսկ այս իշխանության համար քրդերը և հայերը նույնացվում են, հայերի հետ շփման ուղի չի բացվի, քանի դեռ քրդական հարցը Էրդողանի համար կարգավորված չէ»,- ասաց թուրք քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս