«Թուրքիան մեծ շանսեր ունի՝ մինչև 2029 թվականը ղեկավարվել Էրդողանի կողմից». թուրքագետ
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքները սպասելի էին.
«Սպասելի էր, որ էրդողանը հաղթանակ է տանելու, և բավական փոքր է լիելու ձայների տարբերությունը։ Մեծ քաղաքները, այդ թվում՝ Անկարան, Իզմիրը, Միջերկրական ծովի շրջանները դեմ են քվեարկել. սա հետաքրքիր է ու պետք է վերլուծության ենթարկել։ Ինչպես և սպասվում էր` քրդաբնակ շրջանները ևս դեմ են քվեարկել։ Այս բարեփոխումները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն, և, ըստ էության, երկիրը բաժանվել է երկու հատվածի։ Թուրքիայի բնակչության այն հատվածը, որն ապրում է ավելի զարգացած պայմաններում, ավելի կիրթ է, դեմ է այս ամենին»։
Նրա խոսքով` սպասվում էր նաև, որ քրդաբնակ շրջանները դեմ կքվեարկեն. «Մոտ հինգ մլն թուրք ընտրող ապրում է դրսում, և պայքար գնաց այդ ձայների համար, որն ավարտվեց էրդողանի հաղթանակով, քանի որ մեծամասամբ դրսի ընտրողները կողմ քվեարկեցին նոր Սահմանադրությանը։ Ինչ վերաբերում է հետագային, ապա այս երկու տարին բավական լարված քաղաքական պայքարի տարի կլինի Թուրքիայում։ Քաղաքական խոշոր կուսակցություններից պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցությունը սատարեց էրդողանին, ինչը նշանակում է, որ էրդողանի ծրագրերը հենվում են պանթյուրքիստական մեթոդների վրա։ Թուրքիան մեծ շանսեր ունի՝ մինչև 2029 թվականը ղեկավարվել Էրդողանի կողմից»։
Նրա խոսքով`Թուրքիան վերադարձավ Աթաթուրքի շրջանին. «Թուրքիան սուլթանապետության չի վերածվի, բայց գնաց միանձնյա կառավարման ճանապարհով»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա՝ Թուրքիայից նոր երևույթներ սպասել պետք չէ. «Հայաստանն այս պահին Թուրքիայի համար կարևոր նշանակություն չունի։ Էրդողանին պետք է այնպիսի Թուրքիա, որն իսլամամետ քաղաքականություն կվարի, ավելի ակտիվ կլինի միջազգային քաղաքականության մեջ, և սանձված կլինի իր կողմից»։