Բաժիններ՝

Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 51.41 տոկոսը. ընտրատեղամասերի 99.97 տոկոսի արդյունքները

Թուրքիայում ապրիլի 16­-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-­ն: Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի խոշորագույն քաղաքները`մայրաքաղաք Անկարան, Ստամբուլը և Իզմիրը ոչ են ասել սահմանադրական փոփոխություններին: Ամենամեծ թվով «ոչ» քվեներ է եղել Թունջելիում (նախկին Դերսիմ):

Մինչդեռ արտերկրում Թուրքիայի քաղաքացիները կողմ են քվեարկել սահմանադրական փոփոխություններին` 59,02 տոկոսն ասել է «այո», 40,98 տոկոսը` «ոչ»:
Հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ

Էրդողանը շնորհավորել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիին:

Նա ապրիլի 16­-ի հանրաքվեն «Թուրքիայի հաղթանակն է» անվանել: Գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է հանրաքվեի արդյունքները բողոքարկելու մասին: Ընդդիմադիր գործիչը հայտնել է, որ շուրջ 1,5 միլիոն քվե հաշվվել է «այո»-­ի օգտին խախտման արդյունքում:

Երկրում հայտարարված արտակարգ իրադրության պայմաններում անցկացվող հանրաքվեն Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից հետո երկրի կառավարման համակարգում նախատեսում է ամենամասշտաբային փոփոխությունները: Ընդհանուր առմամբ, փոխվելու է գործող սահմանադրության 18 հոդված: Համաձայն այս փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել
պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի:

Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց:

Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550­-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 2-5­ից իջեցվելու է 18-­ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Սահմանադրական հանրաքվեով «այո»­ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս