«Ավագանու անդամների աշխատավարձ չստանալու օրենքի կետը պետք է վերանայվի». Անահիտ Բախշյան
Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի համաձայն՝ ավագանին ներկայացուցչական մարմին է, և ավագանու անդամներն աշխատավարձ չեն ստանում: Համայնքի ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց, իր ցանկությամբ և ավագանու որոշմամբ՝ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչև 30 տոկոսի չափով, որը կազմում է մոտավորապես 50 հազար դրամ:
Միաժամանակ, ըստ օրենքի՝ համայնքի ավագանու անդամը չի կարող աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար, լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ, աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:
Ստացվում է, որ լինել համայնքի ավագանու անդամ՝ ոչ միայն արդյունավետ չէ, այլև որոշակի սահմանափակումների առաջ է կանգնեցնում տվյալ մարդուն: Այդ դեպքում ինչքանո՞վ է արդյունավետ ավագանու աշխատանքը, և ո՞րն է ավագանու անդամների՝ ավագանիում աշխատելու հիմնական մոտիվացիան:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար, «Ելք» դաշինքի ցուցակով առաջիկա ավագանու ընտրություններում առաջադրվող Անահիտ Բախշյանը նշեց, որ Երևանի ավագանու աշխատանքն օրենքով համարվում է հասարակական, և բոլոր նրանք, ովքեր առաջադրվում են, նախապես դա գիտեն, հետևաբար՝ իրենց կամքով գնում են՝ հասարակական կարգով աշխատելու Երևանի համար:
«Իհարկե, լավ կլիներ, որ աշխատավարձ լիներ, բայց օրենքն այդպիսին է: Աշխատավարձ ստանալը կամ չստանալը չպետք է խոչընդոտի ավագանիում աշխատելու համար, որովհետև, եթե ուզում ես աշխատել և դու ես ընտրել այդ ճանապարհը, ուրեմն՝ պետք է գնաս և բարեխղճորեն այդ աշխատանքը կատարես: Ազգային ժողովում էլ շատ պատգամավորներ կան, որոնք ստանում են շատ բարձր աշխատավարձ, բայց հինգ տարվա մեջ ոչ մի ելույթ չեն ունենում, ոչ մի խնդիր չեն բարձրացնում, և ստացվում է, որ աշխատավարձը չէ պատճառը, որ մարդիկ աշխատում կամ չեն աշխատում: Ես կարծում եմ, որ, եթե գնում ես, ավագանու անդամ ես դառնում, նախապես գիտես այդ պայմանը, ուրեմն՝ դու պարտավոր ես աշխատել ու օգուտ տալ Երևանին, կազմակերպել ճիշտ աշխատանք, վերահսկողություն իրականացնել քաղաքապետի գործունեության նկատմամբ ու երևանցիների խնդիրները բարձրաձայնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Ա. Բախշյանը ճիշտ է համարում այն սահմանափակումները, որոնք դրվում են ավագանու անդամի վրա՝ նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում աշխատել չկարողանալու, համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար, մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ լինել չկարողանալու, իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում աշխատել չկարողանալու հետ կապված:
Ա. Բախշյանի համար օրենքի այս պահանջը հասկանալի է, որովհետև, նրա խոսքով՝ լինել որևէ ՏԻՄ-ում ու, միաժամանակ՝ ավագանու անդամ, որը պետք է վերահսկի հենց իր գործունեությունը, ճիշտ չէ. «Բայց մյուս կողմից էլ՝ դա լուրջ աշխատանք է, որը ժամանակ է խլում, և սեփական փորձից գիտեմ, որ որպեսզի ավագանու անդամը լիարժեք աշխատի, ժամանակ է պետք, անընդհատ պետք է ձեռքդ Երևանի խնդիրների պուլսի վրա պահես, այդ ժամանակը որտեղի՞ց պետք է վերցնես, կամ պետք է չաշխատես, կամ էլ որտեղ աշխատում ես, դրա ժամանակի հաշվին պետք է արվի, իսկ այստեղ որոշակի հակասություն կա: Կարծում եմ՝ պետք է դա վերանայվի, որովհետև օրենքը կարծես թե ասում է՝ դու գնա ավագանու անդամ դարձիր, բայց մի աշխատի, ժամանակ մի տրամադրի»:
Մեր այն հարցին, թե՝ Դուք նկատե՞լ եք, որ շատերը հենց դրանից ելնելով՝ չեն ներկայանում նիստերին կամ ոչ արդյունավետ են աշխատում՝ Ա. Բախշյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, որպես կանոն, ավագանու նիստերին 85-90 տոկոսով մասնակցում են, բայց դա ամիսը մեկ է տեղի ունենում, ամիսը մեկ կարող են իրենց աշխատանքի հաշվին գնալ այնտեղ, բայց եթե միայն դրանով սահմանափակվես, կստացվի՝ դու այնտեղ ընդամենը գլխաքանակ ես ապահովում, ու այն լիազորությունները, որոնց շրջանակում դու կարող ես ծառայել, չի ստացվելու: Այստեղ կա հակասություն, օրենքի վերանայման անհրաժեշտություն կա, որովհետև ավագանու անդամը հսկայական լիազորություններ ունի, այդ լիազորությունների շրջանակում աշխատելու համար ժամանակ է անհրաժեշտ»:
Հարցին էլ, թե՝ Ըստ Ձեզ՝ հիմա ավագանու անդամ դառնալու մոտիվացիան ո՞րն է, եթե մարդիկ գիտեն, որ այդ աշխատանքն իրենց ժամանակն է խլելու, և իրենք դրա դիմաց աշխատավարձ չեն ստանալու, Ա. Բախշյանը պատասխանեց, որ տարբեր մարդկանց մոտ տարբեր մոտիվացիաներ են գործում.
«Կան ավագանու անդամներ, որոնք սիրահոժար գնում են այդ քայլին, որովհետև իրենք Երևանին ծառայելու, երևանցիների խնդիրները բարձրաձայնելու փոխարեն՝ իրենց անձնական խնդիրներն են լուծում: Մտնում են քաղաքապետարան, ծակ ու ծուկն իմանում են ու կարողանում են իրենց անձնական հարցերը լուծել: Դա էլ է լուրջ մոտիվացիա: Իմ պարագայում մոտիվացիան այն է, որ ես հաճույք եմ զգում երևանցիներին ծառայելուց ու պատրաստ եմ էլի շարունակել այդ աշխատանքը, որովհետև իսկապես սրտանց աշխատելու դեպքում՝ ահագին բան կարողանում ես անել»:
Մեզ հետ զրույցում քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանն էլ նկատեց, որ ունենք պատգամավորներ, որոնք հաստատ պատգամավորի աշխատավարձի հույսով չեն պատգամավոր դարձել, և այդ աշխատավարձը նրանց համար չնչին գումար է.
«Ավագանիի դեպքում նույնպես ունենք մարդիկ, ովքեր նույնպես աշխատավարձի համար չեն դա անում: Խնդիրը քաղաքական թիմի մաս լինելն է, հետագայում ավելի լուրջ քաղաքական քայլերի համար հիմք ստեղծելը, կուսակցության շահերն առաջ տանելը, կարիերիստական աստիճանների վրա ևս մեկ աստիճան անցնելը: Կարծում եմ՝ այն շատ սիմվոլիկ նշանակություն ունի: Աշխատավարձը, նույնիսկ, եթե պատգամավորի դեպքում շատերին չի մոտիվացնում, ապա ավագանու դեպքում էլ դա այնքան էական հանգամանք չէ, դա քաղաքական խնդիրների լուծում է տարբեր ուժերի ներկայացուցիչների համար»: