Ի՞նչ կապ ունի Վլադիմիր Գասպարյանը «ՍԱՍ»-ի սկանդալի հետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՍԱՍ գրուպում» անցկացված նախընտրական ժողովի գաղտնի ձայնագրությունը չի կարող անտարբեր թողնել Ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանի, ազատ անկախ ինքնիշխան որևէ քաղաքացու: Առավել ևս՝ այդ ձայնագրության նկատմամբ չեն կարող անտարբեր լինել Հայաստանի իրավապահ մարմինները:

Այն, ինչ տեղի է ունենում 40 րոպեների ընթացքում, Հայաստանի քաղաքացու հիմնարար իրավունքների ոտնահարում է: Պարունակում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, քաղաքացուն իր կամքին հակառակ գործողություններ ստիպելու, դրանք չկատարելու դեպքում աշխատանքից հեռացնելու սպառնալիքի, կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, ստիպողաբար որևէ թեկնածուի օգտին ձայն կորզելու, կաշառելու, նյութապես կամ բարոյապես շահագրգռելու էլեմենտներ: Հարց է առաջանում՝ ինչու «ՍԱՍ գրուպի» աշխատակիցները չեն ընդվզում և չեն փորձում տեր կանգնել իրենց իրավունքներին։ Ցանկալի կլիներ, իհարկե, որ շրջաններից եկած աղջիկները, 9-ամյա տղան և մյուսները այնպիսի կրթական ցենզ ունենային, որ կարողանային պաշտպանել իրենք իրենց։ Այդ դեպքում նաև մտավախություն չէին ունենա, որ գործազուրկ կմնան, վստահ կլինեին, որ անպայման նոր, ավելի քաղաքակիրթ և օրինական հիմքերով գործող ընկերությունում աշխատանք կգտնեն։

Բայց այդպիսի քաղաքացին և այդպիսի հիմքով գործող ընկերությունները շատ հեռու են մեզանից։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդկանց և նրանց իրավունքները պետք է պաշտպանեին մյուսները՝ առաջին հերթին պետութունը, և հետո բոլոր այն քաղաքացիները, ովքեր գիտակցում են ազատության և իրավունքների արժեքը հասարակության, մարդու և պետության կյանքում։ «ՍԱՍ գրուպի» հիմնականում երիտասարդ աշխատակիցները ՀՀԿ-ական հայտնի տնօրենների սաներն  են, որոնց աչքի առաջ նման ժողովներ տեղի են ունեցել իրենց ուսուցիչների մասնակցությամբ և որոնց ծնողները տարիներ շարունակ տեղ են զբաղեցրել տնօրենների՝ ՀՀԿ շտաբին ներկայացվղ ցուցակներում։ Դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքելու նպատակով հրավիրած ժողովները վստահաբար ոչնչով չեն տարբերվել հայտնի ձայնագրությունում արձանագրվածից։ Գուցե միայն ռոմանտիկ ճանապարհորդության խոստումը բացակայի։

Իսկ «Երևան-Սիթիո՞ւմ»: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ընթացք են ստացել նույն ժողովները այստեղ: Ասում են՝ «Սիթիներում» սովորություն ունեն իրենց աշխատանքը թերի կատարած աշխատակիցներին ֆիզիկական բռնությամբ պատժել: Ի՞նչ կլինի նրանց հետո, ովքեր կհրաժարվեն ընտրել համապատասխան թեկնածուին, կամ ձայն հավաքել նրա համար, չարժե նույնիսկ պատկերացնել: Աշխատանքից ազատվելով պրծնելը տվյալ պարագայում, թերևս, մատաղի թեմա է: Իսկ «Մուլտի գրուպ»-ի աշխատողնե՞րը: Հնարավո՞ր է, որ նման ժողովներ նրանք չեն վայելել: Իհարկե, հնարավոր չէ: Մի քիչ ավելի գրական հայերենով, մի քիչ ավելի փողոցային լեզվով, ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներով, մեծ կամ փոքր պարգևներով, առյուծի վանդակն ընկնելու հեռանկարով, կամ առանց դրա, այս խոսակցությունը տվյալ ժամանակահատվածում սփռված է եղել ողջ Հայաստանով:

Ըստ որոշ վերլուծությունների, «ՍԱՍ գրուպի» ժողովի ձայնագրությունը պատահականություն չէ, այլ կապ ունի տվյալ ընտրատարածքում Արտակ Սարգսյանի մրցակից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գևորգյանի հետ: Այսինքն, դա նախընտրական շրջանում ձեռք բերված կոմպրոմատ է, որը կախված ընտրությունների արդյունքներից կամ գործի կդրվեր, կամ ոչ: Այս վարկածի օգտին կարող է երկու փաստարկ բերվել: Առաջին` ինչպե՞ս եղավ, որ ամբողջ Հայաստանում տեղ գտած այդ խոսակցություններից նման ձայնագրություն հրապարակվեց միայն «ՍԱՍ»-ի ժողովից: Երկրորդ`նման բան կազմակերպելու համար ոստիկանության տրամադրության տակ եղած օպերատիվ միջոցները խիստ օգտակար կլինեին: Իհարկե, պարզ է, որ ցանկացած այդպիսի ժողովի մասնակից սեփական հեռախոսով կարող էր ձայնագրություն կազմակերպել, բայց փաստ է, որ նման բան տեղի չի ունեցել:

Եվ ինչպե՞ս կարող էր տեղի ունենալ, եթե նման ժողովների մասնակիցներին «5 անգամ ավելի վատ» վերաբերմունք են խոստանում միայն նրա համար, որ ձայն չեն բերում: Ձայնագրության փորձ անելու համար գնդակահարվելը միանգամայն իրական վտանգ է:

Ոստիկանության հետ սերտ հարաբերություններ ունենալը նման վտանգից ապահովագրված զգալու լավագույն տարբերակն են: Տվյալ դեպքում, սակայն, կարևոր չէ, թե ով է կանգնած այս ձայնագրության թիկունքում, կարևորն այն է` ով կկանգնի Ազատ անկախ և ինքնիշխան Հայաստանի քաղաքացիների թիկունքին, և եթե քաղաքացիներն այնքան էլ ազատ և անկախ չեն, ով է նրանց այդպիսին դարձնելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս