«Խաչատուրովի նշանակմամբ ՀՀ-ն կրկին, որպես խաղալիք, օգտագործվում է Ռուսաստանի քաղաքականության մեջ». Մանվել Սարգսյան

«ՌԴ-ն ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում իր պաշտոնյային է նշանակել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից նշանակվելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկելիս միաձայն ո րոշում Է ընդունվել մայիսի 2-ից այդ պաշտոնում նշանակել Յուրի Գրիգորի Խաչատուրովին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սեմերիկովը՝ ամփոփելով ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները: Նշենք նաև, որ ամիսներ շարունակ այս պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի շուրջ կոնսենսուս գոյություն չուներ, որը հաստատում էր ՀՀ ԱԳ նախարարությունը ևս։

Մանվել Սարգսյանը պարզաբանեց, թե ինչպես է ՀԱՊԿ-ում ի վերջո այս հարցի վերաբերյալ կոնսենսուս ձևավորվել։ Ըստ նրա, այս որոշումը կապված է Ռուսաստան-ԱՄՆ դիմակայության այս նոր փուլի հետ, որը սկսվել է օրերս։ Նրա դիտարկումներով, Ռուսաստանն այսօր լուրջ ընտրության առջև է կանգնած, քանի որ ԱՄՆ-ն պահանջում է կողմնորոշվել սիրիական հակամարտության հարցում և այս ֆոնին Ռուսաստանի համար շատ էական է տեսնել իր գործընկերների՝ ՀԱՊԿ անդամ երկրների, տրամադրությունները՝ մասնավորապես նվիրվածությունը։

«Գիտենք, որ ամիսներ շարունակ խորանում էին Ղազախստանի և Բելառուսի հակասությունները Ռուսատանի հետ, որը հիմնականում կապված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Թուրքիան կրկին ռեվերանսներ է անում ԱՄՆ-ի ուղղությամբ, ինչը հավելյալ բարդություն է Ռուսաստանի համար և ես կարծում եմ, որ Ռուսատանը պետք է փորձեր իր գործընկերներին, նրանց առջև պարզ ու հստակ խնդիր դնելով, թե նրանք ում հետ են։ Եվ լավագույն ձևը դա պարզելու այս հարցն էր, ինչը Հայաստանի համար ոչ էական հարց է։ Ռուսաստանն ասել է. «եթե մեզ հետ եք, ընդունեք»»,- ասաց Սարգսյանը։

Նրա կարծիքով, պատահական չէր նաև օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անդրադարձը գունավոր հեղափոխություններում ՀԱՊԿ-ի դերակատարությանը։ Սարգսյանի խոսքով, Ռուսաստանը հավատարմության ապացույցներ է ցանկանում տեսնել, որոնք կապված են ներքին վախերի, այդ թվում գունավոր հեղափոխությունների հետ։

«ՌԴ-ԱՄՆ դիմակայությամբ պայմանավորված՝ կան վախեր, որ կարող է անկայության շրջան սկսվել Ռուսաստանում առաջին հերթին, որովհետև եղան ցույցեր, որոնք մեծ ազդեցություն թողեցին ՌԴ ներքին կյանքի վրա։ Այս ամենը շաղկապված է, կրկին ՀԱՊԿ-ին առաջարկվում է նման գործառույթ»,- ասաց փորձագետը։

Հարցին, թե այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում որքանո՞վ է նպատակահարմար Յուրի Խաչատուրովի նշանակումը, ի՞նչ հնարավորություններ է ստանալու Հայաստանը, Սարգսյանը պատասխանեց, որ ՌԴ-ն պրակտիկորեն իր պաշտոնյային է նշանակել ու կարծել, թե այս մարդը կգործի ՀՀ շահերից ելնելով, միամտություն կլինի։

«Փայլուն տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ, թե ինչպես ի օգուտ Ռուսաստանի և Ադրբեջանի Խաչատուրովը որոշում կայացրեց հրադադարի մասին։ Ուստի այս պաշտոնն ընդամենը անիմաստ բեռ է Հայաստանի քաղաքականության վրա, քանի որ այդ մարդը երբեք չի ենթարկվի ՀՀ-ում ընդունված որոշումներին, թեև ՀՀ-ում որոշում չի ընդունվում։ Վտանգներ կան այս ամենում, որովհետև որպես խաղալիք ՀՀ-ն կրկին օգտագործվում է Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Մենք ավելի ենք կապվում, ներգրավվում Ռուսաստանի քաղաքականության մեջ, պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա, քանի որ ի վերջո ասելու են, թե ՀՀ ներկայացուցիչն է նման որոշում ընդունել, նման բան արել, իսկ իրականում ոչ մի որոշում չի ընդունում ՀՀ ներկայացուցիչը»,- նշեց Մանվել Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս