«Շատ ավելի մտահոգիչ է, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման՝ տոկոսավճարների տեսակարար կշիռը». Արշալույս Մարգարյան
«Պարտքային ճգնաժամերը վերջին 20 տարում են ուշադրության արժանանում, բայց երբեք ոչ մի ճգնաժամ նախորդի պատճառներով չի լինում։ Եվ եթե անգամ ցուցանիշներդ լավն են, դա չի նշանակում, որ դու ապահովագրված ես ամեն տեսակ վտանգներից կամ ռիսկերից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։
Ըստ նրա՝ ՀՀ արտաքին պարտքի առաջին շեմը՝ 50%-ը, մեր երկիրն անցել է, և պարտքը ՀՆԱ-ի 52.3%-ն է, սակայն դա մտահոգիչ չէ, այլ ընդամենը 50%-ի շեմն անցելուց հետո որոշակի փոխվում է վարքագիծը՝ դեֆիցիտը ծրագրավորվում է 3%-ից պակաս:
«Շատ ավելի մտահոգիչ է, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է պարտքի սպասարկման՝ տոկոսավճարների տեսակարար կշիռը, և, եթե 2-3 տարի առաջ դա մոտավորապես 1.5-2 % էր, ապա անցած տարի հասանք գրեթե 9 %-ի: Դրա լուծման միակ ճանապարհը տնտեսության աճի տեմպերի ավելացումն է և բարձր ՀՆԱ-ն»,- ասաց Ա. Մարգարյանը՝ հավելելով, որ այս տարի սպասվող 50 մլրդ ավելի հարկ հավաքելու արդյունքում սպասարկման ծախսի տեսակարար կշիռը կնվազի:
Ըստ նրա՝ տնտեսության աճն արդեն սկսել ենք զգալ, և միտումը կշարունակվի: Ա. Մարգարյանն ընդգծեց, որ վտանգավոր չէ ոչ 50%, ոչ 60 % պարտքը. «Մեր պարտք/ՀՆԱ ցուցանիշը բավականին բարձր է, բայց մարումների գրաֆիկն այնքան հարթ է, որ որևէ վտանգ չի երևում: Պարտք մենք միշտ վերցրել ենք հետ նայելով, որովհետև այնքան համարձակ չենք, որքան այլ պարտք անող երկրները: Միջազգային պրակտիկայում կան, այսպես կոչված, դեֆոլտ անող երկրներ, որոնք մասնագիտություն են արել դա, վերջին 50 տարվա ընթացքում Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Թուրքիան, ամեն մեկը՝ նվազագույնը 13 անգամ, հայտարարել են անվճարունակության մասին: Մեզ մոտ, փառք Աստծո, այդ դեֆոլտի մասին միայն խոսում են: Մեր պորտֆելին հատուկ ռիսկերը հսկվում են և գնահատվում դրանց հնարավոր հետևանքներն առաջիկա տասը, քսան տարիների համար»:
Նա դրական գնահատեց, որ լրացուցիչ հարկերն ուղղվում են կապիտալ ծախսերին, և ընթացիկ ծախս չենք ավելացնում, իսկ կապիտալ ծախսերը գեներացնում են եկամուտներ՝ հետագա պարտքը մարելու համար: