Բաժիններ՝

«Ամուլսարի հանքի շահագործումը և ոսկու կորզումն իրականացվելու է կույտային տարրալվացման եղանակով, որը մինչ այսօր Հայաստանում չի կիրառվել». Հայկ Ալոյան

Ամուլսարի հանքավայրում այս պահին ընթանում են հանքի շինարարության աշխատանքները, որոնք կավարտվեն 2018 թվականի գարնանը: Շինհրապարակում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ հանքի շինարարական աշխատանքները մեկնարկել են անցյալ ամռանը:

«Այս տարի մենք արդեն սկսել ենք լայնածավալ շինարարական աշխատանքները, իրականացնում ենք հողային աշխատանքներ, էլեկտրական լարերի փոխադրում, ջրի խողովակի տեղափոխում, ճանապարհների շինարարություն: Այս պահին այս մասում գտնվում է ոսկու կորզման ֆաբրիկան, իրականացնում ենք այդ ֆաբրիկայի հիմքի աշխատանքները: Ունենք մոտ 450 աշխատակից, որից 230-ը շրջակա համայնքներից են: Շինարարական աշխատանքի զարգացման փուլում հավելյալ աշխատատեղեր կստեղծվեն: Նախատեսում ենք շինարարությունն ավարտել 2018 թվականի գարնանը, կարծում եմ՝ այս ընթացքում կունենանք 1300 աշխատակից՝ շինարարության ընթացքում, և 700 աշխատակից՝ հանքի շահագործման ընթացքում»,- նշեց Հ. Ալոյանը:

Նրա խոսքով՝ ընկերության համար առաջնահերթություն է աշխատանքային անվտանգությունը. «Մուտք գործելու տարածքից արդեն կարող եք տեսնել, որ շատ խիստ անվտանգության պայմաններ ունենք, այսինքն՝ առանց համապատասխան հանդերձանքի չեք կարող մտնել տարածք, և անպայման պետք է ինչ-որ մեկը ձեզ ուղեկցի, եթե դուք հյուր եք տարածքում: Նպատակն է՝ ունենալ զրո դժբախտ պատահար: Մենք ունենք նաև դրսից բերված մասնագետներ, որոնք հետևում են գործընթացին և սովորեցնում են տեղի մասնագետներին՝ ինչպես հետևել աշխատանքային անվտանգությանը»:

Հ. Ալոյանը նշեց, որ հանքի շահագործումը և ոսկու կորզումն իրականացվելու է կույտային տարրալվացման եղանակով, որը մինչ այսօր Հայաստանում չի կիրառվել. «Դա նոր տեխնոլոգիա է և բնապահպանական տեսանկյունից՝ ավելի անվտանգ է: Մենք այսօր ունենք 28 դրսից եկած մասնագետներ, հիմնականում կանադական ընկերություն է, որը հետևում է աշխատանքներին և բերում է իր փորձը: Մենք արդեն ձեռք ենք բերել հանքի շահագործան տեխնիկան՝ մեքենաները, ջարդիչը, փոխակրիչը, այս պահին ներդրել ենք ավելի քան 70 միլիոն դոլար հանքի շինարարության վրա, ունենք դեռ ներդնելու 300 միլիոնը, որը կավարտենք 2018 թվականին»:

Նշենք, որ շինարարության աշխատակիցները հիմնականում Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն են: Գնդեվազ համայնքի բնակիչ Խաչատուր Հովսեփյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն մի քանի ամիս աշխատում է «Արփա-Սևան» ընկերությունում, որը կատարում է Ամուլսարի ծրագրերից մեկը. «Ինձ հնարավորություն է ընձեռվել հենց ներսից հետևել Ամուլսարի շինարարությանը, և վստահ կարող եմ ասել, որ աշխատանքները շատ բարձր որակով են կատարվում, կան լավ մասնագետներ, անվտանգությունը շատ խիստ պահպանվում է»:

Խ. Հովսեփյանն ասաց, որ մինչ այս արտերկրում է աշխատել, սակայն շատ ուրախ է, որ հիմա արտագաղթելու խնդիր չունի. «Աշխատավարձից ես գոհ եմ, այնքանով է նորմալ, որ իմ տան մեջ եմ, նույն Ռուսաստանն է, ուղղակի իմ տան մեջ եմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս