«Ռուսաստանը փորձելու է լուծումներ տալ ԵԱՏՄ անդամ երկրների բարձրացրած հարցերին ու առկա տարաձայնություններին». Կոնստանտին Սիմոնով

«Եվրասիական ինտեգրացիան փոքր-ինչ կորցրել է իր ակտուալությունը Ռուսաստանի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով վաղը Բիշքեկում մեկնարկելիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի օրակարգին։

Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ գագաթաժողովը տեղի է ունենում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի համար ոչ այնքան բարենպաստ փուլում, երբ և Ռուսաստանը բազում ներքին ու արտաքին, տնտեսական խնդիրներ ունի, և ԵԱՏՄ անդամ երկրները գոհ չեն եվրասիական ինտեգրացիայից, քանի որ Ռուսաստանի տնտեսական դրությունը թույլ չի տալիս ամբողջությամբ ներդրվել եվրասիական ինտեգրացիոն զարգացման գործին։

Նրա որակմամբ՝ այս ինտեգրացիան մի փոքր կորցրել է իր ակտուալությունն այս խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, ըստ նրա, այս տարի դրական դինամիկա կա, որի մասին փաստում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունները։

«Հույսեր կան, որ առաջիկա տարիներին այդ դինամիկան շատ ավելի տեսանելի կլինի՝ հատկապես, եթե նավթի գինը կտրուկ բարձրանա, և ռուբլին կայունանա։ Իսկ մինչ դա այս իրավիճակում գագաթաժողովը հնարավորություն է տալիս բարձր մակարդակով քննարկելու այն բոլոր խնդիրները, տարաձայնությունները, որոնք ունի ինտեգրացիոն այս կառույցը։

Խնդիրները, իհարկե, շատ են, դրանք և քաղաքական, և տնտեսական, և աշխատանքային բնույթի են, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը դեռ հունի մեջ չի ընկել, հարցերի դիտարկման համար անհրաժեշտ ընթացակարգերը դեռ ամբողջությամբ ձևավորված չեն կամ դեռ չեն գործում, բայց իմ համոզմամբ՝ մեծ ուշադրություն կդարձվի ռուս-բելառուսական տարաձայնություններին և արտոնությունների այն պահանջներին, որոնք Բելառուսն է բարձրացնում։

Դրանք կքննարկվեն և տնտեսական ինտեգրացիային վերաբերող հարցեր, որոնք անհանգստացնում են ԵԱՏՄ անդամ երկրներին։ Այս գագաթաժողովի մեխը կլինի Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի ստորագրման փուլի ավարտի ամրագրումը, ինչը ձգձգվում էր Բելառուսի պատճառով, որը չէր ցանկանում այն կնքել։

Կքննարկվեն, կորոշվեն, թե երբ և ինչպես ԵԱՏՄ անդամ երկրները կսկսեն ներքին վավերացման գործընթացները, ինչ ժամկետներ կպահանջվի դրա համար, և երբ ուժի մեջ կմտնի այդ օրենսգիրքը, որն ամենակարևոր փաստաթղթերից մեկն է։ Այս օրենսգրքով նախատեսվում են ավելի համաձայնեցված և միասնական մաքսային կարգավորումներ, որն ինչ-որ առումով կչեզոքացնի այս հարցում ԵԱՏՄ անդամ երկրների դժգոհությունները»,- նման տեսակետ հայտնեց Կոնստանտին Սիմոնովը։

Հարցին, թե որքանո՞վ է Ռուսաստանն այսօր պատրաստ ընդառաջ գնալ ԵԱՏՄ անդամ երկրների պահանջներին, նա պատասխանեց, որ ընդհանուր առմամբ այն պահանջները, որոնք վերաբերում են հավելյալ արտոնություններին, դժվար իրականանալի են, քանի որ դրա ռեսուրսը ներկայումս Ռուսաստանը չունի։

Ըստ նրա՝ եթե հաշվի առնենք, որ Բելառուսն արդեն արտոնյալ կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում, քանի որ Ռուսաստանից ամենաէժան էներգակիրներն է ստանում, ունի լավ ներկայացվածություն ռուսական շուկայում, Բելառուսի պահանջները քաղաքական քմահաճույք են թվում։ «Այնուամենայնիվ, համոզված եմ, որ Ռուսաստանը փորձելու է այս հարցերին լուծումներ տալ, իսկ թե ինչպես, այդ մասին դիսկուրս գոյություն չունի, քանի որ հնարավորություններն իսկապես չափազանց փոքր են»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս