Բաժիններ՝

«Եթե երթը խաղաղ նպատակ ուներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր գնում Սարի Թաղի նեղ փողոցներով, գիշերով, կիսամութ փողոցներով…»

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ զեկույց է պատրաստել նախորդ տարի հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որն առաջիկայում կհրապարկվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ իրականացվել է փաստահավաք աշխատանք, կազմվել են քարտեզներ, իրականացվել է լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, ատելության խոսքի, բռնության քարոզչության մանրամասն ուսումնասիրություն։

«Զեկույցը չհրապարակվեց՝ նաև հաշվի առնելով նախընտրական քարոզչությունը, որպեսզի հնարավոր շահարկումներ չլինեն, որովհետև գնահատականները նաև խիստ են»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ առանձին գլուխներ են նվիրված Ոստիկանության խախտումներին։

«Նաև բարձրացվում է պատասխանատվության ենթարկված ոստիկանների հետ կապված հարցը։ Դրանից բացի՝ հստակ արձանագրվում է հատուկ միջոցների կիրառության հարցը, որ դրանք գործադրվեցին նաև օրենքի խախտումով։ Վերլուծվում են նաև լրագրողների նկատմամբ թույլ տրված խոչընդոտները, բռնության դեպքերը, խիստ քննադատության է արժանացած նման ցանկացած պրակտիկա։ Հաղորդման մեջ նաև հստակ նշվում է (նախորդ տարի մենք դեպք ունեցանք, երբ լրագրողի էին փորձում բերման ենթարկել), քննադատվում է պրակտիկան, երբ փորձ է արվում լրագրողին իր լուսաբանած թեմայի վերաբերյալ դարձնել վկա քրեական գործով վարույթի ընթացքում»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ վերլուծված ու մանրամասն ներկայացված է բռնության քարոզչությունն ու ատելությունը, ինչն անթույլատրելի էր.

«Այդ ժամանակ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում տեղի ունեցավ։ Դրան, իհարկե, նպաստեցին նաև Ոստիկանության խախտումները, բայց նաև կյանքից զրկված ոստիկանների օրինակով ակնհայտ ատելություն էր քարոզվում, ինչը ես անթույլատրելի եմ համարում։ Դրանից բացի, իհարկե, անդրադարձ կա նաև հավաքին։

Մանրամասն վերլուծվել է, կներկայացնեմ հատուկ մամուլի ասուլիսով, բայց մի քանի հարցեր են բարձրացվում, որոնք շատ կարևոր են. օրինակ՝ հուլիսի 29-ին, եթե երթը խաղաղ նպատակ ուներ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր գնում Սարի Թաղի նեղ փողոցներով, գիշերով, կիսամութ փողոցներով, նախապես չհայտարարելով Սարի Թաղի վայրը։ Դրանից բացի՝ նաև հարց էր բարձրացվում, որ ակնհայտ էր, անհամաչափ կերպով անհարմարություններ էին պատճառվելու նաև բնակիչներին»։

Ճշտմանը՝ արդյոք իր կարծիքով՝ երթն ի սկզբանե խաղաղ չէ՞ր, Արման Թաթոյանը պատասխանեց. «Ես իմ զեկույցում հարցադրումն անում եմ և կարծում եմ, որ Սարի Թաղով գնալը՝ այդ մութ փողոցներով, կոչերով, որ՝ գնում ենք, միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ։ Սա իմ դիրքորոշումն է։ Դա շատ ավելի մանրամասն բացված է զեկույցում։ Այլ հարց է, որ Ոստիկանությունն այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնաս պատճառվեց»։

Արման Թաթոյանն ասաց, որ ըստ օրերի՝ քննարկվել են հավաքները։ ՄԻՊ խոսքով՝ հատուկ զեկույցում ևս խոսվում է ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի մասին։ «Անթույլատրելի է ընդհանուր սկզբունքով վերաբերվել արտաքին աշխարհի հետ կապին, հատկապես վերաբերում է ազգականներին։ Հայաստանի օրենսդրությունն այդ առումով չի համապատասխանում միջազգային պրակտիկային, դրա հիման վրա՝ պրակտիկան էլ չի համապատասխանում։ Ես կարծում եմ և համոզված եմ իմ այդ պնդման մեջ՝ մերձավոր ազգականի հետ տեսակցության արգելելու իրավունք վարույթն իրականացնող մարմինը չպիտի ունենա։ Սա միանշանակ է։

Ազգականներին նախ պետք է դուրս բերել ընդհանուր տեսակցության իրավունք ունեցողների շարքից, դա առանձնահատուկ կատեգորիա է։ Հատկապես խոսքը վերաբերում է կալանավորված կամ ազատությունից զրկման սկզբնական շրջանում գտնվողներին, որովհետև հատկապես կարևոր է ընտանիքի, հարազատների հետ շփումը։ Իմ կարծիքով՝ մինչդատական վարույթի ընթացքում դա պետք է անի դատախազը, դատական քննության փուլում գտնվող գործերով՝ դատարանը։ Այդ որոշումը պարբերաբար պետք է ենթարկվի վերանայման՝ անկախ անձի ցանկությունից կամ վերաբերմունքից, օրինակ՝ ամիսը մեկ անգամ, ես առաջարկում են առավելագույնը երկու ամիսը մեկ անգամ։

Դրանից բացի՝ անձի տեսակցությունները սահմանափակելու պատճառաբանված որոշում պետք է լինի, և այդ որոշումը պետք է տրվի այդ անձին, որ ինքը կարողանա օգտվել բողոքարկելու իրավունքից։ Այսօր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» մեր օրենքը շատ ընդհանուր է, միայն ասում է, որ սահմանափակումը կարող է կիրառվել՝ ելնելով քննության շահերից։ Բայց ես, այդ թվում՝ հուլիսյան իրադարձությունների մասին զեկույցում, հարց եմ բարձրացնում՝ ի՞նչ է նշանակում՝ քննության շահ։ Դա այնքան լայն հասկացություն է, հնարավոր է մեկնաբանել այնպես, ինչպես կոնկրետ իրավիճակը կարող է թելադրել՝ առանց նույնիսկ հիմքերը բերելու»,- ասաց Արման Թաթոյանը։

Նա նաև նշեց, որ զեկույցը նպատակ չի հետապնդելու վերլուծել զինված խմբի կամ իրավապահ մարմինների աշխատանքը, ովքեր զբաղված էին հատուկ միջոցառումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս