Ռուսաստանը կփորձի՞ Թրամփին Ղարաբաղում
Արևմուտքը շարունակում է կոշտացնել Ռուսաստանին ուղղված հռետորաբանությունն ամերիկյան Tomahawk-երի սիրիական գործողությունից հետո։ Որպես ԱՄՆ պետքարտուղար, իր առաջին պաշտոնական այցը Մոսկվա Ռեքս Թիլերսոնը սկսեց բավականին սուր քննադատություններով և պահանջներով, մինչև անգամ՝ Ռուսաստանին վերջնագիր ներկայացնելով։ Նա նախ՝ մոսկովյան բավականին լարված և հագեցած հանդիպումներից առաջ Իտալիայի Լուկկա ավանում «Մեծ յոթնյակի» անդամ երկրների գործընկերների հետ քննարկեց սիրիական հակամարտությունն ու ապրիլի 7-ին ամերիկյան օդային հարվածները «Շայարթ» օդանավակայանին, որի ընթացքում ասաց, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարումը մոտենում է ավարտին, և Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի՝ միանում է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցների՞ն, թե՞ մնում է Ասադի և «Հըզբոլլահ» խմբավորման հետ։ Սրանով, ըստ էության, Թիլերսոնն ընտրության առջև կանգնեցրեց Ռուսաստանի դիվանագիտական կորպուսին։
Ավելին, ավելի վաղ CBS-ին տված իր հարցազրույցում նա նաև նշել էր, թե Ռուսաստանը՝ որպես Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման հարցով ՄԱԿ-ի 2013 թվականի բանաձևի կատարման երաշխավորող, հստակ պարտավորություններ է ստանձնել, որոնք չի կատարել, և դրա արդյունքում սպանվել են մեծ թվով անմեղ մարդիկ, երեխաներ։
Թիլերսոն-Լավրով բանակցությունների արդյունքները դեռ լիովին գաղտնազերծված չեն, քանի որ նախօրեին նախարարների բացման խոսքին հաջորդել են փակ բանակցությունները, սակայն, ի տարբերություն Թիլերսոնի, ուշագրավ էր այն հանգամանքը, որ Լավրովը բավականին զգույշ էր իր դիտարկումներում։ ԱՄՆ պետքարտուղարին ուղղված իր պաշտոնական ողջույնի խոսքում նա նշեց, որ իրենց համար չափազանց կարևոր է ԱՄՆ դիրքորոշումը, ԱՄՆ վարչակազմի իրական մտադրություններն ընկալելը։
«Եվ այսօր մենք հույս ունենք առաջ շարժվել հենց այդ ուղղությամբ»,- ասաց Լավրովը։ Վերջինս անդրադառնալով նաև Թիլերսոնի վերջնագրին՝ նկատեց, որ Կրեմլի համար անընդունելի է գործընկերներին ընտրության առջև կանգնեցնելու և վերջնագրերով խոսելու քաղաքականությունը: Իր հերթին՝ ամերիկացի պաշտոնյան իր բացման խոսքում արձանագրեց, որ երկու գերտերություններն ակնհայտ և խորը տարաձայնություններ ունեն, որոնք խոչընդոտում են համագործակցությանը:
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի շփման եզրեր գտնել, քանի որ դրա այլընտրանքը սուր առճակատումն է, որից Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ակնհայտորեն խուսափում են, սակայն դա պատրաստ չեն ընդունել «բարձրաձայն»։ Գերմանացի քաղաքագետը, նախ՝ մեկնաբանելով Tomahawk-երի արշավը և դրա պատճառները, ասաց, որ ապրիլի 7-ի գիշերը Սիրիայում տեղի ունեցածի պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն քաղաքական գործիչների և քաղաքագետների կողմից, քանի որ դա շատ նման է սադրանքի, որը կարող է նաև անկանխատեսելի ընթացք ունենալ։
Ըստ նրա՝ պետք է հստակ պարզել, թե այս հարվածների պատճառն ամերիկյան ներքին քաղաքականությո՞ւնն էր, թե՞ սադրանքը, որի թիրախը ռուսական շահերն էին Սիրիայում, որի նպատակը ռուս-ամերիկյան նոր սրացումն էր, Ասադի ռեժիմի տապալումը։
«Թրամփը վերջին շրջանում ներքին լուրջ ճնշումների տակ էր, որին չարձագանքելու դեպքում նրան նույնիսկ իմպիչմենթ էր սպասվում, որովհետև նա սկսում էր կորցնել հեղինակությունը և իշխանությունը՝ որպես ԱՄՆ նախագահ։
Ակնհայտ է, որ տարեսկզբին արած նրա սուր արտահայտությունները՝ Ղրիմի և ուկրաինական հակամարտության վերաբերյալ, չլուծեցին այս ներքաղաքական խնդիրը, որի համար շատ ավելի հզոր հարված էր անհրաժեշտ, և Թրամփը գնաց այդ քայլին, որով ինչ-որ առումով վերականգնեց իր հեղինակությունը և իշխանությունը երկրի ներսում և դրսում»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի վերլուծաբանը։
Սակայն, Ռարի համոզմամբ, այնուամենայնիվ սրա պատճառը մտացածին չէր, Իդլիբում քիմիական զենքի կիրառումն ընդդիմության սադրանքն էր, քանի որ Իդլիբում տեղի ունեցածի հարցում Ասադի մեղավորության ապացույցները չափազանց թույլ են։
Ռարի կարծիքով՝ այս դեպքում կարևոր է, որ Ռուսաստանը դիվանագիտական շրջանակներից դուրս չի գալիս և չի սրում ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչը մի փոքր զգացմունքայնության դեպքում կարող է խախտվել։
«Իրավիճակը կարելի է կարգավորել դիվանագիտական մակարդակում, ինչն էլ կփորձեն անել Լավրովն ու Թիլերսոնն իրենց համատեղ հանդիպման ընթացքում, թեև արդեն իսկ Արևմուտքի առաջադրած պահանջները բավականին կտրուկ են, քանի որ դրանց համար ֆոնն անբարենպաստ է Ռուսաստանի համար, ներկայացվում է, թե Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները, իսկ Ռուսաստանը պետք է ապացույցներ ներկայացնի, որ քիմիական զենքը ժամանակին դուրս է բերվել Սիրիայից, այս պահանջներին Ռուսաստանն ըստ էության ընդառաջ չի կարող գնալ, քանի որ հարց է դրվել՝ տապալել Ասադի ռեժիմը Ռուսաստանի օգնությամբ։
Պեսկովն արդեն նշել է, որ Կրեմլն ընդառաջ չի գնալու արևմտյան պահանջներին, քանի որ դրանք անհիմն է համարում։ Եթե ընդունի այդ պահանջները, կնշանակի՝ տանուլ է տալիս իր ողջ մերձավորարևելյան քաղաքականությունը։ Այստեղ այլ լուծումներ պետք է փորձի գտնել»,- ասաց Ռարը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանին բարդ դիվանագիտական աշխատանք է սպասվում, որի ընթացքում Ռուսաստանը պետք է փորձի և՛ դիրքեր չզիջել, չհանձնել Ասադին, և՛ կառուցողական երկխոսություն ծավալել ԱՄՆ-ի հետ, քանի որ դրա այլընտրանքն առճակատումը կդառնա Սիրիայում։
«Իհարկե, այս հարվածների հետևանքով մենք գուցե թևակոխեինք Երրորդ համաշխարհային պատերազմ, բայց ես հուսով եմ, որ կողմերը սթափ են դատում և կհասկանան՝ արդյոք սա Սիրիայում հարված էր Ռուսաստանի՞ն, թե՞ Թրամփի ակցիան էր՝ միտված իր տապալվող իշխանության փրկությանը։ Այս հարցով շատ լուրջ դիսկուրս պետք է ծավալվի»,- ասաց Ռարը։
Թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարը մեզ հետ զրույցում ասաց, որ Թիլերսոնը պետք է փորձի հնարավորինս մեծ ճնշում գործադրել ՌԴ իշխանությունների նկատմամբ։ Ըստ նրա՝ Թիլերսոնը պետք է ընդունի, որ Սիրիայում ՌԴ գործողությունները միայն մեկ բաղադրիչն են այն ակտիվ և ապակառուցողական քաղաքականության, որը ՌԴ նախագահ Պուտինը վարում է Թրամփի երդմնակալությունից հետո։
«Այդ ապակառուցողականության օրինակները վերջին ամիսներին բազում են։ Հունվար ամսին ստանալով Մոսկվայի աջակցությունը՝ անջատողականները նոր լարում նախաձեռնեցին Կիևի դեմ, բախումների ինտենսիվությունը վերջին շրջանի մաքսիմումին հասցնելով, խախտելով Մինսկի պարտավորությունները, որին հաջորդեց Պուտինի որոշումը՝ ճանաչել այն անձնագրերը, որոնք տրվում են Ուկրաինայի արևելքում։ Հարավային Օսիայի վերաբերյալ ևս մի շարք որոշումներ կայացրեց Պուտինը։
Ապա Ռուսաստանը սկսեց մերձեցման փորձեր իրականացնել աֆղանական թալիբների հետ։ Սրա գագաթնակետը Կրեմլի պնդումն էր, թե Ասադն առնչություն չունի քիմիական հարձակման հետ։ Այս քայլերով, ի դեպ, դրանք ավելի ինտենսիվ բնույթ ստացան Թրամփի նախագահությունից հետո, Պուտինը փորձում էր Թրամփին, փորձում էր հասկանալ, թե նոր նախագահի համար որտեղ է այն կարմիր գիծը, որը Ռուսաստանը չի կարող հատել։
Ակնհայտ է, որ Պուտինը չէր սպասում դիմադրություն նորընտիր նախագահի կողմից, ավելին, ջանում էր որքան հնարավոր է՝ թուլացնել ԱՄՆ դիրքերն աշխարհում, վերջնականապես հեղինակազրկելով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, որն արդեն իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում լրջորեն հեղինակազրկվել էր։ Այսօր ԱՄՆ-ը լուրջ խնդիր ունի՝ ցույց տալ Ռուսաստանին այդ կարմիր գիծը, և ես կարծում եմ, որ Թիլերսոնը հենց այդ առաքելությամբ է Մոսկվայում»,- նման տեսակետ հայտնեց թուրք վերլուծաբանը։
Անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության այս նոր փուլի հնարավոր ազդեցությանը Հարավային Կովկասի վրա՝ փորձագետները կարծիք հայտնեցին, որ մեծ ազդեցություն այս տարածաշրջանի վրա չի լինի։
«ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի և տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի՝ կրկին միջազգային համայնքի անուշադրության հետևանքով։ Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը՝ անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։
Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա։ Հուսով եմ, որ դիվանագետներն ուշադրություն կդարձնեն այս հանգամանքի վրա»,- նման կարծիք հայտնեց Ռարը։ Աքթարի խոսքով՝ ստեղծված իրավիճակից կարող է փորձել օգտվել միայն Ադրբեջանը, որը հստակ նպատակներ է հետապնդում այս հակամարտությունում։
«Կողմերը, հատկապես՝ Հայաստանը, այս դեպքում պետք է զգոն լինեն, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել այնպես, ինչպես ռուս-թուրքական սրման դեպքում։ Անցյալ տարվա ապրիլից առաջ ևս որևէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»,- ասաց թուրք վերլուծաբանը։ Վերջինս չի կարծում, որ Ռուսաստանը կփորձարկի Թրամփին Ղարաբաղյան գոտում, քանի որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը։