Բաժիններ՝

Համաշխարհային 10 աստղեր, որոնք աջակցում են Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին

Հաջորդ շաբաթ ամերիկյան կինոթատրոններում կսկսի ցուցադրվել Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմը, որը բարեհաջող հաղթահարեց թուրքական լոբբիի՝ ֆիլմի հաջողությունը խորտակելու բազմաթիվ փորձերը: Այս մասին գրում newsbusters.org-ը:

Թուրքական կառավարությունը մեկ դար անց էլ ժխտում է ցեղասպանության փաստը, և դրա մասին ֆիլմերը մեծ դիմադրության են հանդիպում: Ֆիլմում նկարահանված աստղերից Քրիսթիան Բեյլը նույնիսկ չի բացառել, որ կլինի «հակահարված»:

Ֆիլմի դեբյուտը տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում 2 ամիս առաջ: Դրան հաջորդել են ցուցադրությունները Լոնդոնում և Վատիկանում, իսկ ապրիլի 21-ին «Խոստումը» կսկսի ցուցադրվել ամերիկյան կինոթատրոններում:

Ահա այն անվանի աստղերը, ովքեր փորձում են պահել «Խոստումը»:

Շերը (Շերիլին Սարկիսյան) ծագումով հայ է: Ֆիլմի էկրանավորումից հետո փոփի թագուհին իր թվիթերյան էջում գրել էր. «Այս ֆիլմը կոտրեց իմ սիրտը, և ոչ միայն հայերի համար, այլ բոլոր նրանց, ովքեր տառապել են, կորցրել են սիրելիներին: Մենք բոլորս ծաղիկներ ենք, որոնք գեղեցիկ են փնջի մեջ»:

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ մարդու իրավունքների պաշտպան Ամալ Քլունին ներկա են գտնվել ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ամալ Քլունին հայտնի է թուրքական ժխտողականության դեմ պայքարում փաստաբանական իր նշանակալի ներդրմամբ:

Լեոնարդո դի Կապրիոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը Թերի Ջորջի ղեկավարությամբ անկրկնելի ներկայացում են բեմադրել «Խոստումը» ֆիլմում: Ողջունում եմ ամբողջ թիմին՝ լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի գլխավորությամբ, որի տաղանդն ու նվիրվածությունը կյանքի կոչեցին այս կարևոր նախագիծը»:

Մարտին դերասան և պրոդյուսեր Դին Քեյնը այցելել էր Երևան՝ հանդիպելու սիրիահայ փախստականներին: «Հայերը դարերով հալածվել են, նրանք եղել են քրիստոնեության առաջին բաստիոնը, և նրանք միակ քրիստոնեական բաստիոնն են Միջին Արևելքում»: Քեյնն իր աջակցությունն է հայտնել նաև «Խոստումը» ֆիլմին: Ֆիլմի վերաբերյալ դերասանը գրել  էր. «Քոլեջում պատմություն ուսումնասիրելիս ես իմացել եմ ցեղասպանությունների մասին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը: Մեր օրերում ևս ցեղասպանություններ են իրագործվում, խոսքս Սիրիայի, Իրաքի և Սուդանի մասին է: Երդվում եմ պահել «խոստումը» և պատմության դասագրքեր «աքսորել» ցեղասպանությունը»:

«Ես միանում եմ «Խոստումը» ֆիլմին ու խոստանում եմ երբեք չմոռանալ»,- իր թվիթերյան էջում գրել էր երգչուհի Բարբրա Սթրեյզընդը:

Էլթոն Ջոնն իր թվիթերում գրել էր. «Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը: Միանում եմ «Խոստումը» պահելու շարժմանը և խոստանում եմ պաշտպանել մարդու իրավունքները, արժանապատվությունը և հավասարությունը: Շատ ուրախ եմ, որ ֆիլմի ողջ հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակով, քանի որ կարծում եմ, որ ոչ ոք չպետք լքվի»:

Սիլվեստր Ստալոնեն, անդրադառնալով ֆիլմին, գրել էր. «Արտակարգ ֆիլմ է էկրան բարձրանալու ապրիլի 21-ին: Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և շատ տարիներ էին պետք այն էկրաններ բարձրացնելու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, որոնք կարող են ֆիլմը բարձրացնել «Օսկարի» մակարդակի: Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ են խաղում: Առանձնակի պետք է նշել նաև լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի դերը, ով կարողացավ այս նախագիծը կյանքի կոչել»:

Դերասան Դոն Չիդլը թվիթերում հայտարարել էր, որ տեսել է ցեղասպանության հետևանքները Դարֆուրում: «Երդվում եմ պահել «Խոստումը», բարձրացնել տեղեկացվածությունը և պայքարել ցեղասպանությունների դեմ»,- թվիթերում գրել է դերասանը:

Անվանի թենիսիստ Անդրե Աղասին նույնպես իր աջակցությունն է հայտնել ֆիլմին: «Ուրախ եմ, որ Քըրք Քըրքորյանի մտայնությունը կյանքի է կոչվել: Օգնեք ինձ պահել նրա «խոստումը»,- թվիթերում գրել էր թենիսիստը:

Ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև սկանդալային դերասան Թոնի Գոլդվինը: Նա իր թվիթերում գրել է. «Կատարում ենք «Խոստումը»՝ ամեն օր հոգ տանելով մեր մտերիմների մասին: Ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 21-ին, իսկ ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս