Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում կարևորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Դեսպան Դելգերմաան շնորհակալություն է հայտնել Նախագահին և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի և Մոնղոլիայի միջև եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, հումանիտար և այլն, զարգացնելու փոխգործակցությունը: Տիկին Դելգերմաան ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ իր երկրի առաջին դեսպանն է այնպիսի հրաշալի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի հետ Մոնղոլիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 25 տարի առաջ: Նրա համոզմամբ, այդ հոբելյանը լավ առիթ է վերարժևորելու անցած ուղին և խորացնելու հարաբերությունները: Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է նաև Եվրասիական տնտեսական միության շուկայով և հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:
Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերմաան նաև շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ: