«Չէին կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվել նորմալ». Արմեն Ռուստամյան

Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարությունը հանդիպում և բանակցում է ՀՀԿ-ի ղեկավարության հետ` նոր որակով նոր համագործակցության մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև, ի վերջո, դա անժամկետ էր, պայմանավորված չէ ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որ արձանագրված են համագործակցության մեջ, դրանց զգալի մասը լուծված չեն»,- ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ-ն, ըստ նրա, գոհ է ընտրություններում իրենց արդյունքներից, քանի որ նախորդ ընտրությունների համեմատ աճ են արձանագրել: Նա նշեց, որ մարդ պետք է կարողանա իրական հնարավորություններով դատել, և ընտրությունները շատ լավ առիթ էին պոռոտախոսությունից ազատվելու համար:

Ռուստամյանի խոսքով` իրենք համագործակցությունից գոհ են եղել, և Փարպիում ընտրությունների անվավեր ճանաչվելը հենց համագործակցության, ներսից աշխատելու արդյունք է.

«Համատեղ եկանք այն եզրակացության, որ չէին կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվել նորմալ: Գոնե մի տեղ դա պետք է արձանագրվի, որ սա անընդունելի է, և ստեղծված նոր ընտրական համակարգը պարտավոր է դրան արձագանքել»:

Կարդացեք նաև

«Ես ինձ խաբված չեմ զգում: Միշտ պահանջարկն առաջացնում է առաջարկ: Էս է տեղի ունեցել էս ընտրությունների ժամանակ էլ: Սա նորություն չի: Սրանից պետք է ազատվենք` գիտակցության բերելով մեր ընտրողին: Եթե դա տեղի չունենա, էս մասին անընդհատ խոսելու ենք»,- ասաց Ա.Ռուստամյանը` համաձայնելով, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանվել է:

168.am-ի դիտարկմանը, որ գիտակից զանգվածը երկրից հեռանում է, մնում է այն զանգվածը, որն ինքն է պահանջում ընտրակաշառք, և ՀՅԴ-ն համագործակցում է հենց այդ զանգվածի կողմից ընտրված ուժի հետ, Ա.Ռուստամյանը պատասխանեց.

«Այս հարցերի լուծումը հնարավոր է միայն համագործակցության միջոցով: Այս ընտրությունների արդյունքները դա են փաստում: Էդ մեծ-մեծ խոսացողները, որ իբր թե չեն համագործակցում, ո՞ւր են հիմա իրանք»:

 

Տեսանյութեր

Լրահոս