«Սիրիան շատ բան ցույց կտա նաև Ղարաբաղի հարցում»

Հարցազրույց Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ

– Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ տպավորություն ունեք սիրիական բազայի վրա ամերիկյան հարձակման մասին։ Ի՞նչ խնդիրներ փորձեց լուծել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը։ Ինչպե՞ս կփոխվի աշխարհի վերաբերմունքը նրա նկատմամբ։

– Տպավորությունները բավականին պարզ են։ Դեռ մի քանի տարի առաջ ես ասում էի, որ ԱՄՆ ցանկացած հաջորդ նախագահ, որպես կանոն, սկսում է ավելի շատ պատերազմներ նախաձեռնել, քան իր նախորդը։ Օբամայի օրոք սկսվեցին միանգամից երեք պատերազմներ, նման բան չէր եղել նրա նախորդների դեպքում, որոնք վերահսկում էին մեկական պատերազմ՝ Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում։ Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակ։

Այսինքն՝ կանգնելով իրեն նախորդող նախագահի ուսերին, մեծացնում է ճնշումը ողջ աշխարհում։ Այս սցենարով էլ հենց թիրախներ են հայտարարվել Իրանն ու Հյուսիսային Կորեան։ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի պայմաններ, որպեսզի փորձի թելադրել սեփական պահանջները։ Սիրիական ավիաբազայի թիրախավորումը դեռ միայն թեստ էր, ուժի ցուցադրություն, որի նպատակն էր՝ ստուգել, թե ինչպես կարձագանքի Մոսկվան։

ՌԴ-ին Սիրիայում փորձում են թակարդը գցել, քանի որ Սիրիայից դուրս գալ Ռուսաստանն այլևս չի կարող, բայց ԱՄՆ-ի հետ պատերազմելը ևս ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում։ Մոսկվային փորձում են նաև Ասադի հանձնման հարցում, թեև արդեն ներկայումս պարզ է, որ սրանով գործը չի սահմանափակվի։ Թրամփի նկատմամբ վերաբերմունքն աշխարհում այս ակցիայից հետո ավելի լուրջ կլինի, ինչպես էլ որ չգնահատենք այս հարվածը։ Աշխարհն էլ ավելի բևեռացավ, քանի որ Վաշինգտոնի գործողություններին անվերապահորեն աջակցեցին նրա բոլոր գործընկերները, որոնք դեռ վերջերս կասկածներ ունեին ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի հարցում։

– Կրեմլը, ՌԴ ԱԳ նախարարությունը նախկինում բազմիցս հայտարարել են, որ Սիրիայում տեղակայված ռուսական S-300 և S-400 համակարգերը միտված են ամերիկյան թևավոր հրթիռների հնարավոր գործողությունները Սիրիայում խոչընդոտելուն։ Ինչո՞ւ այս համակարգերը չաշխատեցին։ Կարելի՞ է ասել, որ եղել է համագործակցություն ռուս-ամերիկյան ուժերի միջև, թե՞ պարզապես Մոսկվայի հնարավորություններն այնքան հզոր չէին, ինչպես Մոսկվան էր փորձում ներկայացնել։

– Դրանք չաշխատեցին, քանի որ պատասխան հարվածի հրաման չէր տրվել։ Թեև շատերն են հիշում, որ հենց ամերիկյան հրթիռների դեմ էին դրանք այնտեղ տեղակայվել, հատուկ այնտեղ մատակարարվել։ Այն ժամանակ այդ մասին պաշտոնապես հայտարարվում էր մեկ պարզ հաշվարկով՝ ԱՄՆ-ին վախեցնելու նպատակով։

Բայց ԱՄՆ-ը, դատելով այս ամենից, չվախեցավ։ Խնդիրը նաև այն է, որ ԱՄՆ-ում նոր նախագահ կա՝ Օբամայի փոխարեն, որի առնչությամբ ՌԴ-ի մի շարք փորձագետներ ահավոր սխալվեցին։ Նույնիսկ հայտնի էլ չէ՝ Հիլարի Քլինթոնը կգնա՞ր արդյոք նման կտրուկ քայլերի, թե՞ ոչ։ Ներկայումս որոշ ռուսական կողմնակալ քաղաքագետներ հայտարարում են, որ ՌԴ-ն Դամասկոսի հետ չունի պաշտոնական պայմանավորվածություններ միացյալ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ, բացառությամբ «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը։ Այնինչ՝ դա բավականին թույլ արդարացում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ S-300 և S-400 համակարգերն ի սկզբանե տեղակայվել էին Սիրիայում ոչ ԻՊ-ի դեմ։ Սիրիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համագործակցություն չկա, եթե հաշվի չառնենք օդում ռազմական ավիացիայի թռիչքների կոորդինացման երկկողմ պայմանավորվածությունները, որոնք, ինչպես հայտնի է, ներկայումս դադարեցված են։

Սիրիայում իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցություններին համատեղ մասնակցություն պետք չէ սպասել, եթե Ռուսաստանը չգնա Վաշինգտոնի պահանջներին ընդառաջ։ Բայց Վաշինգտոնը նույնիսկ չի սկսել բարձրաձայնել այդ ցուցակը։ Ամեն դեպքում Մոսկվայի հնարավորությունները դեռևս էական են, ի դեպ, ոչ միայն ռազմական ոլորտում։ Ինքը՝ Մոսկվան, չի ցուցաբերում լուրջ ինտելեկտուալ պատերազմ վարելու ցանկություն։ Դրա պատճառով էլ ամեն ինչ հանգում է պարզապես պատերազմի։ Բայց պատերազմով ոչինչ լուծել չի կարելի։ Դա միանշանակ է։

– Կրեմլից ու ԱՄՆ-ից ինչպիսի՞ հետագա գործողություններ եք կանխատեսում։ Ինչպե՞ս կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերություններն այսուհետ։

– Արևմուտքը, առաջին հերթին՝ Վաշինգտոնը, ընդլայնելու է իր ազդեցությունն աշխարհում՝ այն հասցնելով գրեթե միաբևեռ ձևաչափի։ Հույս ունենալով թուլացնել ՌԴ-ին ու նրա գործընկերներին, քանի որ դաշնակիցներ դեռ չունի, նրանք միայն համատեղ պատերազմների ընթացքում են հայտնվում։ ՀԱՊԿ-ը ևս չի միամտել, չմոռանանք այդ մասին։ Ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են ընդունելի մակարդակ ձեռք բերել, եթե Ռուսաստանն ուժ ցուցադրի, բայց ոչ մաքուր ռազմական տեսանկյունից, քանի որ նման ցուցադրությունը, ինչպես տեսնում ենք՝ նույն S-300-ի պարագայում, չի աշխատում։

Ուժը հոգեբանական հասկացություն է, պետք չի այն դիտարկել բառի նեղ իմաստով, հատկապես քաղաքականության մեջ, իսկ աշխարհաքաղաքականության մեջ՝ ավելին։ ԱՄՆ-ը ներկայումս իր համար պարզ խնդիր է լուծում, որի մասին ես գրել էի դեռևս 2007թ. իմ «Ռուսական Շաշկի» գրքում՝ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան եռանկյունու շրջանակում փոխհարաբերությունների ավելի հստակ սխեմայի ուրվագծում։ Ինչ-որ մեկը, հիմնվելով Թրամփի խոսքերի վրա, պնդում էր, թե նա կսկսի կտրուկ կերպով ճնշել Չինաստանին, ինչպես տեսնում ենք, նման բան տեղի չի ունենում։ Սա չի խոսում այն մասին, որ ԱՄՆ-ը փորձելու է ՉԻնաստանին տրամադրել ՌԴ-ի դեմ, քանի որ Պեկինը դրան չի գնա։ Սակայն Վաշինգտոն-Պեկին առճակատում ևս չկա։ Այսկերպ ԱՄՆ-ը փորձում է ՌԴ-ին դուրս բերել բոլոր առանցքային փոխհարաբերությունների և գործընթացների «փակագծերից»։

– Ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում ստեղծված իրավիճակում մեր տարածաշրջանի, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության համար։ Հաշվի առնելով անակնկալ հարվածը Սիրիայում՝ ըստ Ձեզ՝ ինչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը ԼՂ հակամարտության գոտում։

– Հարավային Կովկասի համար մարտահրավերներն էապես աճել են, քանի որ բոլորը տեսնում են, թե ինչպիսի անդրդվելի համակարգային ոճով է նոր Վաշինգտոնը վարում իր քաղաքականությունը։ Այս տարածաշրջանում է ոչ միայն Ղարաբաղը, այլևս Իրանը, էլ չխոսենք մյուս ոչ այնքան ակնհայտ հակամարտությունների մասին, որոնք կարող են «բացվել» ցանկացած պահի։ Շատ միամիտներ, ինչպես հիշում եք, դեռ վերջերս հույսեր ունեին, թե ԱՄՆ նոր վարչակազմի համար Ղարաբաղն անհետաքրքիր թեմա է լինելու։ Բայց ներկայումս, Սիրիայի ուղղությամբ հարվածից հետո, նմանատիպ միամտությունը կարծես թե պակասել է։

ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ Եթե խոսենք ԼՂ հակամարտության կարգավորման մասին, ապա Սպիտակ տանը հաշվի են առել այն փաստը, որ 2017թ. փետրվարյան սրումից հետո բանակցային գործընթացն ըստ էության կախվել է օդում։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ պետք է անել սրանից հետո, և դա ձեռնտու է ԱՄՆ-ին։ Կարծում եմ նաև, որ հենց Ղարաբաղի՝ ինքնիշխան տարածքի նկատմամբ նրանց հետաքրքրությունը կավելանա։ Չկա որևէ երաշխիք, որ Արևմուտքի այս կամ այն երկիր այս կամ այն պահի չի ճանաչի Ղարաբաղը, այսպես կոչված, թեստային ռեժիմով։

ԱՄՆ-ը արդեն հայտարարել է Հարավային Կովկասը՝ որպես իր ազգային անվտանգությանն առնչվող տարածք, և, ինչը կարևոր է, ոչ թե ածխաջրերի պատճառով։ Թրամփը, ի տարբերություն հարաբերականորեն փափուկ դեմոկրատ Օբամայի, խնդիրները լուծում է շատ ավելի կտրուկ եղանակով։ Ի դեպ, ես Թրամփին սատանայի հատկություններ չէի վերագրի, պարզապես նրա թիկունքում ոչ այնքան հիմար մարդիկ են կանգնած։

Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա։ Սրանից հետո կամ բոլոր ուղղություններով ռուսական ատկատ կսկսվի, կամ հակառակը՝ Ռուսաստանը կամրապնդվի։

Տեսանյութեր

Լրահոս