Կացնահարված կինը դատարանում. «Վլադիկը սպառնացել է իմ ընտանիքին վերացնել, երեխային էլ մանկատուն ուղարկել». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կնոջն ու զոքանչին կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնեց դատարանի առաջ. այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում առաջին նիստն էր: Անցյալ տարի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Կարինե, Թագուհի եւ Վաչագան Մանսուրյաններին, արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել էր, իսկ հայր եւ դուստր՝ Թագուհին եւ Վաչագանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Թագուհի Մանսուրյանն ու հայրը ապաքինվել են, այսօրվա նիստին Թագուհին հարցաքննվեց: Նա մանրամասն պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: 2 ժամից ավելի տեւած դատական նիստի ժամանակ Թագուհի Մանսուրյանը տարբեր դրվագներ պատմեց՝ վստահեցնելով, որ նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը պարբերաբար բռնություն է գործադրել իր նկատմամբ:

«Վլադիկ Մարտիրոսյանը միշտ սպառնացել է, հարկադիրում էլ ասել է, որ մեր ընտանիքին վերացնելու է, չի թողնելու երեխան 2 տարեկանը գլորի, ասել է՝ ո՛չ ինձ, ո՛չ իրեն, թող տանեն մանկատուն»,- պատմեց Մանսուրյանը:

Տուժող Թագուհի Մանսուրյանը նաեւ ներկայացրեց, որ Վլադիկ Մարտիրոսյանը ոստիկանություն էր զանգահարել, ասելով, որ Թագուհին ու նրա մայրը՝ Կարինե Մանսուրյանը իր նկատմամբ բռնություն են կիրառել. «Ես իրեն ասացի՝ քեզ ո՞վ է մատով կպել: Ոստիկանները եկան ինձ հայրիկիս ու մայրիկիս փորձեցին տանել բաժանմունք: Ես երեխային թողեցի հորս մոտ, ու ինձ ու մորս տարան ոստիկանություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս