
ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը գտնում է, որ Հայաստանն ունի բասկետբոլում առաջընթաց գրանցելու նախադրյալներ

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբան ավարտել է իր պաշտոնական այցը Հայաստանում: Ինչպես հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը, սլովակ փորձառու մասնագետը ծանոթացել է Հայաստանի բասկետբոլային ենթակառուցվածքներին, ֆեդերացիայի գործունեությանը, որից հետո համապատասխան զեկույցով հանդես կգա ՖԻԲԱ-ում: Մասնավորապես, Լյուբոմիր Կոտլեբան այցելել է Օլիմպավան, Միկա մարզադահլիճ, Գրանդ Սպորտ մարզական համալիր:
Կոտլեբան նշել է, որ Հայաստանն ունի բասկետբոլում մեծ առաջընթաց գրանցելու բոլոր նախադրյալները, ինչի համար հարկավոր է ավելացնել ներքին առաջնությունների խաղերի քանակը, ավելի հաճախակի կազմակերպել մարզչական և մրցավարական սեմինարներ:
Լյուբոմիր Կոտլեբան հանդիպել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատակիցների հետ, քննարկել մարզաձևի զարգացմանը ուղղված մի շարք ծրագրեր, որոնց մի մասը կարող է կյանքի կոչվել ՖԻԲԱ-ի աջակցությամբ: