«Հայ-ռուսական հարաբերությունները կուսակցական չեն, դրանք չեն կարող փոփոխություններ կրել ներքին ընտրությունների հետևանքով»
«Մոսկվան ոչ մի կերպ չի գնահատում ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Որևէ կուսակցության չի աջակցել նախընտրական շրջանում, քանի որ Հայաստանը, Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկվում են՝ որպես մեկ ամբողջություն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ապրիլի 2-ին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Կոլերովի կանխատեսմամբ՝ ընտրություններից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունում, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերություններում, փոփոխություններ չեն սպասվում, քանի որ, նրա համոզմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունները պետական, ժողովրդական բնույթ են կրում։
– Պարոն Կոլերով, ՀՀ սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ-ում կայացան առաջին համապետական ընտրությունները, որում հաղթեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով ձայների մեծամասնությունը, խորհրդարան անցան «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն և «Ելք» դաշինքը։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում անցկացված ընտրական գործընթացը և դրա արդյունքները։ Որքանո՞վ էին այս արդյունքները սպասելի։
– Ես, իհարկե, ՀՀ ներքաղաքական կյանքի մեծ մասնագետ չեմ, բայց կարող եմ ասել, թե ինչն էր սպասելի ինձ համար՝ որպես ոչ մասնագետի։ Սպասելի էր ՀՀԿ-ի վստահ հաղթանակը, սպասելի էր Ծառուկյանի լավ արդյունքը, որից հետո արդեն որոշակի հարցեր էին առաջանում՝ կհաղթահարեի՞ն արդյոք անհրաժեշտ շեմը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյո՞ք կկարողանային հաղթահարել շեմը «Ելք» դաշինքը և ՕՐՕ-ն։ Իհարկե, աղմկահարույց ապտակ ստացավ ՕՐՕ-ն, լուրջ ապտակ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փաստորեն, անցան Դաշնակցությունը և «Ելքը». ՀՅԴ-ն ենթադրաբար կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Ես չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է։ Ներկայումս կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, այս ուժերը կմտնեն խորհրդարան, և ամեն ինչ նախկինի նման կլինի։
– Նշեցիք, որ ապտակ ստացավ ՀՀ առաջին նախագահը։ Մեկնաբանություններ են հնչում, որ հասարակությունը մերժեց այն թեզը, որով նա հանդես եկավ նախընտրական շրջանում, թեև դրա հիմքը խաղաղությունն էր, որն առաջին նախագահը ներկայացնում է փոխզիջումների անհրաժեշտության կոնտեքստում։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պարտության պատճառը, և որքանո՞վ այն կապ ուներ այս Ղարաբաղյան թեզի հետ։
– Վերջին շրջանում այդ մասին շատ է խոսվել և խոսվում։ Շատ փորձագետներ են պնդում, որ այս արդյունքին հանգեցրեց նրա դիրքորոշումը Ղարաբաղի հարցում, բայց ես այդքան էլ վստահ չեմ, որ այս արդյունքի հարցում էական դերակատարություն ունեցավ այդ գիծը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է այդ մասին մշտապես, ոչ մի նոր բան նա չի ասել ըստ էության։ Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը Ղարաբաղի ուղղությամբ նրա դիրքորոշմանը լավատեղյակ է, ուստի, երևի թե այս ցածր արդյունքի պատճառն այն է, որ սերունդ է փոխվել, փոխվել է այն մարդկանց դերակատարությունը, այն սերունդը, որոնց համար Տեր-Պետրոսյանը թանկ է եղել, որոնց համար նա անկախության խորհրդանիշ է եղել, և հիմա նոր մարդիկ են ի հայտ եկել և՛ քաղաքականության մեջ, և՛ հասարակության շրջանում, նոր գործիչների պահանջ կա։ Այդ արդյունքը կապ չունի նրա հայտարարությունների և հարցազրույցների հետ, քանի որ դրանցում նորություններ չկան։
– Այս ընտրություններն անցան նոր Ընտրական օրենսգրքի պայմաններում, երբ ընտրատեղամասերում ընտրախախտումների հնարավորությունը զրոյացվել էր, ընտրատեղամասերից դուրս խախտումներ եղել են, ընտրակաշառքների մասին տեղեկություններ եղել են։ Սակայն ուշագրավն այն է, որ տեղացի դիտորդներից ոմանք նշում են, որ հասարակությունը գիտակցաբար ընտրել է ՀՀԿ-ին՝ այն դեպքում, երբ կան լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ երկրում, խորը դժգոհություն, և այլն, և այլն։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այս երևույթը։
– Ցանկացած երկրի դեպքում այդպես է, որպեսզի իշխող ուժը չստանա ձայների մեծամասնությունը, այդ երկրում պետք է տեղի ունենա ազգային աղետ այնպես, ինչպես դա եղավ, օրինակ, 1993թ. Ռուսաստանի ընտրությունների ժամանակ՝ երկրի ներսում զինված հակամարտություն էր ընթանում, երկրի փլուզման տպավորությունները դեռ թարմ էին, և Ռուսաստանը լուրջ տնտեսական աղետի մեջ էր։
Ներկայումս Հայաստանում, չեմ կարող ասել, որ իրավիճակ է փոխվում, բարելավվում, քանի որ շարունակվում է արտագաղթը, բարձր է աղքատության մակարդակը, և այլն, և այլն, բայց նոր աղետալի իրավիճակ, նոր աղետալի իրողություններ չկան, հենց այդ պատճառով էլ իշխող կուսակցությունն ավտոմատ կերպով ստանում է 10-15%, իշխող կուսակցության անդամները ներգրավված են իշխանությունում, պաշտոններ են զբաղեցնում, նրանք էլ կարողանում են մնացած ձայները գրավել իրենց ուղղությամբ։ Սա բնական է։ Արտառոց ոչինչ չկա։
– Առաջիկայում իր աշխատանքին է անցնելու ՀՀ նոր խորհրդարանը, ավելի ուշ ՀՀ բարեփոխված Սահմանադրությունն է իր ողջ ծավալով գործելու։ Այս ամենը խորհրդարանի աշխատանքում, ՀՀ արտաքին քաղաքականությունում, հայ-ռուսական հարաբերություններում փոփոխություններ կբերի՞։ Որակական փոփոխություններ ակնկալո՞ւմ եք երկրում։
– Ոչ մի էական փոփոխություն չեմ կանխատեսում, որովհետև խորհրդարանում, ըստ էության, նորեկ ուժ է լինելու «Ելքը», որի անդամներից ոմանք ներգրավված են եղել հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներում: Այսինքն՝ լինելու են միայն մի քանի նոր դեմքեր։ Խոսեմ հայ-ռուսական հարաբերություններից. հայ-ռուսական հարաբերությունները հարաբերություններ են պետությունների միջև, ժողովուրդների միջև, հայերն այս իմաստով նաև բաժանված են, բաժանված են Հայաստանի և Ռուսաստանի միջև, սրանք քաղաքական, կուսակցական հարաբերություններ չեն, այլ պետական և ժողովրդական հարաբերություններ են, որոնք չեն կարող փոփոխություններ կրել ներքին ընտրությունների հետևանքով։ Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում։