«Ապրիլից հետո մեր Զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, համենայնդեպս, ապրիլի անսպասելիությունն էլ չի լինելու». Վովա Վարդանով

«Նախորդ տարվա ապրիլյան թեժացման նման թեժացումներ միշտ հնարավոր է, որ լինեն։ Ադրբեջանցիներն ավելի ինտենսիվացնելու են իրենց հարձակումները, բայց թե դա որքան կթեժացնեն, որ վերածվի մեծ պատերազմի, հարց է։ Ես կարծում եմ, որ թուրքերը դրան դեռ երկար ժամանակ չեն գնա։ Ապրիլից հետո մեր Զինված ուժերը շատ լուրջ հետևություններ են արել, համենայնդեպս, ապրիլի անսպասելիությունն էլ չի լինելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ ընդգծելով, որ հիմա հայկական դիրքերը տեխնիկապես հագեցած են։

Նրա խոսքով՝ ժողովուրդը հիմար չէ, հասկանում է, որ վտանգները մեծ են, բայց նրանք ուզում են սթրեսից ազատվել. «Հիմա մեր կարևորագույն խնդիրն այն է, որ այդ սթրեսից ազատվելու խնդիրը չկուրացնի մեզ, շարունակենք պատրաստվել»։

Վարդանովը նշեց, որ անցած տարվա ապրիլը ցույց տվեց՝ ցանկացած զինուժ ռեզերվի կարիք ունի. «Իսկ մեր անբաժանելի մասը կազմող Արցախի պաշտպանական բանակն այդ ռեզերվի կարիքն առավել ևս ունի»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ քաղաքագետ Արա Պապյանն էլ շեշտեց, որ հարցը շատ պարզ է.

«Ադրբեջանն ունի ստրատեգիա՝ մաշեցնելով Հայաստանը՝ վերջացնի կոնֆլիկտը: Չկա Հայաստան, չկա հակամարտություն: Հիմա թե որն է մեր ստրատեգիան, ես դա չեմ տեսնում: Սա է ամբողջ խնդիրը: Մեզ թվում է, թե մենք անընդհատ բանակցելով, ձգձգելով՝ ինչ-որ բանի կհասնենք, բայց չենք հասնելու: Բանակցային ճանապարհով լուծում չկա: Ադրբեջանին պետք է ասիմետրիկ պատասխան տալ: Մենք սիմետրիկ պատասխան տալ չենք կարող: Այսինքն՝ ինչքան զենք իրենք առնեն, մենք էլ նույն ձևով հակադարձենք»:

Նա նշեց, որ տարածքների հանձնումը և՛ հոգեբանական, և՛ ռազմական առումով՝ շատ մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի վրա:

«Այսօր մենք ունենք արևելյան ճակատ, բայց այդ պարագայում կունենանք այլ կոնֆիգուրացիայի ռազմաճակատ: Մենք այդ դեպքում Թալիշ գյուղի նման մի քանի տասնյակ գյուղ կունենանք»,- նկատեց նա:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ նկատեց, որ պատերազմի շունչը մայրաքաղաքներում չեն զգում, այլ շոշափելի է դառնում սահմանային տեղերում:

«Այս առումով ապրիլյան պատերազմը ցնցող ազդեցություն ունեցավ, քանի որ հասկացանք՝ պատերազմը լուրջ է: Մենք թանկագին կորուստներ ունեցանք ու մինչև հիմա տնքում ենք: Հաղթանա՞կ, թե՞ պարտություն, այս հարցը շատ անգամ օդի մեջ է, սակայն պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի նպատակը մի քանի կիլոմետր խորանալն էր, այլ ոչ թե միայն այն, որ հայկական կողմը զոհեր ունենա: Ծանր տրվեց, բայց հաղթանակ էր»,- նշեց հոգեբանը։

Տեսանյութեր

Լրահոս