Բաժիններ՝

«Եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև սիրել իշխանոթյանը». Մերուժան Տեր Գուլանյան

Այսօր հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում դիտարկումներ կատարեցին Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ՝ գնահատելով ընտրությունների անցկացման ընթացքը և հետընտրական տրամադրությունները:

«25 տարիների ընթացքում Հայաստանի անկախության շրջանում ես առաջին անգամ եմ տեսնում թե ինչպիսի հրաշք քարոզչություն և ընտրություններ տեղի ունեցան: Երբևիցե չէր եղել, որ քարոզչությունը տեղի ունենար այսպիսի մակարդակով, որ բոլորը կարողանային ասել այն, ինչ ուզում էին, երբեմն նաև՝ գոտկատեղից ներքև հայտարարություններ անեին:

Համարում եմ սա առաջին մեծ հաջողություններից մեկը վերջին 25 տարիների ընթացքում»,- հայտարարում է Մերուժան Տեր-Գուլանյանը՝ հավելելով, որ իր ողջ գերդաստանը՝ սկսյալ իրենից և վերջացրած խնամիներով, խնամիների խնամիներով, իրենից՝ որպես թիմի ավագից խորհուրդ հարցնելով՝ իրենց ձայնը տվել են իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Մինչև անգամ իր հայրը, որ 93 տարեկան է, Ջավախքից հատուկ ժամանել էր Հայաստան՝ իր մի ձայնը տալու համար Հանրապետական կուսակցությանը:

Ընտրակաշառքների մասին բանախոսն առաջին անգամ լսում է այստեղ՝ ասուլիսի ընթացքում և լրագրողներից: Նման բան չի եղել, ինքը չի հավատում:

«Մի բան ինձ զարմացրեց, այն, որ «Ելքը» կհաղթահարեր սահմանն ու կանցներ խորհրդարան, ես սպասում էի, բայց որ իրենք Դաշնակցությունից ավելի ձայներ կգրանցեն, ես դա չէի սպասում: Մնացյալ ամեն ինչ սպասելի էր՝ և Հանրապետական կուսակցության հաղթանակը, և «Ծառուկյան» դաշինքի այդքան ձայն հավաքելը, բոլորը սպասելի էր: Լավ ընտրություններ էին այն առումով, որ խորհրդարանում մեկ ընդդիմադիր ուժ կլինի՝ «Ելքը»»:

168.am-ի այն հարցին՝ իսկ «Ծառուկյան դաշինքը», ըստ բանախոսի, արդյո՞ք ընդդիմադիր ուժ չէ, որ անցել է խորհրդարան, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանում է.

«Վստահ չեմ, ես չգիտեմ, ես չեմ կարող Ծառուկյան Գագիկի փոխարեն պատասխանել, որովհետև չգիտեմ՝ Ծառուկյան դաշինքն ինչ դիրք կընդունի, բայց «Ելքը» միանշանակ ընդդիմադիր ուժ է, երևում է և իրենց քարոզչությունից, և վարքուբարքից»:

Մերուժան Տեր-Գուլանյանը ենթադրում է.

«Դաշնակցությունը և ՀՀԿ-ն խորհրդարանում դաշինք կկազմեն, ինչպես որ հիմա իրենք դաշինքի մեջ են, և ըստ էության կայուն մեծամասնությունը կամրապնդվի: Ցավում եմ միայն մեկ բանի համար, որ Հրանտ Բագրատյանի պես մարդը խորհրդարան չանցավ, որովհետև ինքը պետք էր խորհրդարանին, որովհետև հետաքրքիր մտածող ու տնտեսագետ էր: Չհաշված միայն սա, ընդհանուր առմամբ՝ փայլուն ընտրություններ էին»:

168.am-ի այն դիտարկմանը, թե քարոզարշավին տեղի ունեցած դանակահարության մի քանի դեպքերը բանախոսի փայլուն բնորոշման մեջ մտնո՞ւմ են, թե՞ ոչ, Մ. Տեր- Գուլանյանը նկատում է.

«Պարզ, հասարակ մի բան ասեմ՝ ամենից շատ վախենում էի նրանից, որ հրմշտոց չլինի, որ հանկարծ մեկը մյուսի վրա չհարձակվի, ծեծ չլինի, առավել ևս՝ դանակահարություն չլինի, բայց եկեք բոլորս միասին մի բան հստակեցնենք, բոլորդ խելոք մարդիկ եք, աշխարհի ոչ մի երկրում, այդ թվում՝ ամենաքաղաքակիրթ երկրներում, չկա ընտրություն, որ այդօրինակ բաներ տեղի չունենան»:

Լրագրողներից մեկի հնչեցրած հարցին՝ հիշո՞ւմ է արդյոք բանախոսը, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուներից որևէ մեկը բարձրաձայնի մշակութային կյանքի խնդիրների մասին, Տեր Գուլանյանը պատասխանում է.

«Կարծեմ եղել են: Հիմա չեմ կարողանա հստակ մեջբերումներ անել, բայց կարծեմ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ արտասանել է «մշակույթ» բառը»:

Արտագաղթ, ըստ Մերուժան Տեր-Գուլանյանի, երկրում չկա, առավել ևս՝ չի սպասվում ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, ավելին՝ այս ընտրություններից հետո երկրում ներգաղթ է կանխատեսվում:

Լրագրողներից մեկի հնչեցրած հարցին էլ՝ կշարունակվի երկրում հիասթափության ալիքը և գաղջ մթնոլորտը, որ հատկապես ընդգծված է դարձել ընտրություններից հետո, բանախոսը պատասխանում է.

«Չեմ հասկանում ինչո՞ւ եք այսքան վատատես, այս ի՞նչ տրամադրություններ են: Եկել է մի պահ, որ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ՝ մինչև սիրել իշխանությանը…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս