Բաժիններ՝

«Ուզում եմ տեղեկացնել մի շատ կարևոր փոփոխության մասին». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարևոր փոփոխության մասին։

Մարտի 30-ից ճանապարհային ոստիկանության տուգանքների գումարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրա նկատմամբ հաշվեգրվող ավելացումների պրակտիկան այլևս չի կիրառվելու»։

Հիշեցնենք, որ տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ ավելացումներ (30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ եռապատկում, 60 օրվա ընթացքում չվճարելու դեպքում՝ հնգապատկում) կիրառելու ինստիտուտը ներդրվել է 2007 թվականին, երբ Ճանապարհային ոստիկանության որոշումներով նշանակված տուգանքների կամավոր վճարումը չէր գերազանցում նշանակված տուգանքների 25 %-ը:
Կառավարությունում փետրվարի 23-ին կայացած նիստում առաջարկվել է  հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշ վեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս