Ինչո՞ւ խորհրդարանի ընդդիմադիրները կորցրեցին իրենց ընտրողներին

Անցած 5 տարիների ընթացքում Ազգային ժողովում ընդդիմադիր կամ այլընտրանքային դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերն այս ընտրությունների ժամանակ մասնակի կամ զգալի ընտրազանգվածի կորուստ ունեցան, մինչդեռ իշխանական ուժերի ընտրազանգվածն աճել է։ Այդպես՝ եթե 2012թ. ընդդիմադիր ՀԱԿ-ը ստացել էր 107 հազար ձայն, ապա 2017-ին՝ ընդամենը 26 հազար, ՕԵԿ-ի քվեները 83 հազարից նվազել են մինչև 58 հազարի, իսկ ԲՀԿ-ն 454 հազարի փոխարեն՝ այս անգամ ստացավ 428 հազար։ Կառավարող ՀՀԿ-ը 2012թ. 664 հազարի փոխարեն՝ այս ընտրություններում հավաքեց 771 հազար քվե, իսկ նրա հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն՝ 86 հազարի փոխարեն՝ 103 հազար։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ ընտրական ծրագրերի համակարգող, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ընդդիմադիրների այս կորուստը պայմանավորեց հենց տվյալ քաղաքական ուժերի կողմից իրենց սկզբունքներին անհավատարիմ լինելու հանգամանքով։

«ԲՀԿ-ի գործոնը մի քիչ ուրիշ է, բայց ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի դեպքում, կարծում եմ, իրենց վարքագծի պատճառով է այդպես ստացվել։ Ընտրողները նրանց ձայն էին տվել ընդդիմադիր դիրքորոշման համար, բայց նրանք, ովքեր դավաճանում են իրենց սկզբունքներին, ինչպես դա 2008թ. արեց Արթուր Բաղդասարյանը, երկարաժամկետ հատվածում դուրս են մնում քաղաքականությունից»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ Արթուր Բաղդասարյանի՝ նախկինում ունեցած հանրային աջակցությունը շարունակական նվազել է, և այժմ հիմնականում գործում է ֆինանսական ռեսուրսը։

Ըստ նրա՝ ընդդիմադիր հայացք ունեցող ընտրողները Հայաստանում սկզբունքներով են առաջնորդվում և, երբ քաղաքական ուժն իր հայտարարած սկզբունքներին հավատարիմ չի մնում, ապա, միանշանակ, կորցնում է ընտրազանգվածը։ Նա նշեց, որ նույն կերպ ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տարիների ընթացքում կորցրեց իր ընտրազանգվածը հենց դիրքորոշումների փոփոխության և սկզբունքներին չհետևելու պատճառով. «Ապագայում իրենց համար դժվար կլինի քաղաքական դաշտում այդ ֆորմատով մնալը, որովհետև 5 տարի որևիցե հեռանկար իրենց համար չկա, համապետական ընտրություններ 5 տարի չեն լինելու, և այս պայմաններում քաղաքական այլ ֆորմատում իրենք հանրային հենարան չունեն որևէ աշխատանք կատարելու համար։

Օրինակ՝ 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ աջակցություն ուներ, կարողացավ կուսակցություն ստեղծել, աշխատացնել, բայց սպառվեց այդ հանրային աջակցությունը։ 2008թ. իր ձայները 351 հազար էր, այսօր հասել է 26 հազարի։ Եվ այսուհետ ՀԱԿ-ի միակ հենարանը քաղաքականության մեջ հանրային աջակցությունն է»։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ համեմատաբար կայուն է փողով ընտրող ընտրազանգվածը, ինչպես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեպքում է. «ՀԱԿ-ն այդպիսի բան չի կարող իրեն թույլ տալ, իրենք ֆինանսական ռեսուրս չունեն, իրենց հիմնական ընտրողը գաղափարական ընտրողն էր։ Այդ զանգվածին իրենք կորցրել են, իսկ հետ բերել հնարավոր չէ։ Որևիցե ռեաբիլիտացիա Հայաստանի քաղաքական համակարգի պայմաններում գրեթե հնարավոր չէ»։

ՀՅԴ-ի ընտրազանգվածի աճի ֆենոմենը, ըստ Ա. Գրիգորյանի, պայմանավորված է նաև իշխանական ռեսուրսով. «ՀՅԴ-ն կուսակցական համակարգ ու կառուցվածք ունի։ 2012-ի ձախողումից և հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ կոալիցիայից դուրս գալու հետ կապված նրանք որոշակի ձևով հասկացան իրենց սխալները և սկսեցին կուսակցական մեխանիզմն աշխատեցնել, նաև մարզպետի պաշտոններ ստացան ու կարողացան պետական ռեսուրսները ևս օգտագործել»։

Ա. Գրիգորյանը նշեց, որ Հանրապետականը, բնականաբար, աճ է արձանագրել վարչական, պետական ռեսուրսների կիրառման և ընտրակեղծարարության հետևանքով. «ՀՀԿ-ն ընտրակեղծարարություն է կատարել՝ փողով մարդկանց գնել է։ Եվ հիմնականում այդպես է փոխել իր ընտրազանգվածի թիվը»։

Տեսանյութեր

Լրահոս