Բաժիններ՝

Դատախազը հայհոյել է Արայիկ Խանդոյանին՝ պաշտպանը կդիմի Գլխավոր դատախազին. pastinfo.am

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») պաշտպան Արա Ղարագյոզյանը մոտակա օրերին դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ այսօր դատական նիստերի դահլիճում դատախազ Պետրոս Պետրոսյանի պահվածքի հետ կապված: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ա.Ղարագյոզյանը:

Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունների ու տեսակցությունների արգելքի դեմ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի այսօրվա քննությանը Արայիկ Խանդոյանը՝ տեսնելով, որ նիստը դռնփակ է անցկացվում, բորբոքվել է, ագրեսիվ պահվածք է դրսևորել: Արայիկ Խանդոյանը՝ դիմելով դատախազին ու քննչական խմբի ղեկավարին, հայտարարել է. «Ես չեմ ուզում ձեզ տեսնել, քանի որ դուք եք սպանել իմ եղբորը՝ Հաց բերողին»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն ի պատասխան հայհոյանքներ է ուղղել Արայիկ Խանդոյանին: «Որքան էլ սխալ ձևով իրեն դրսևորեր մեղադրյալը, դատախազը պարտավոր էր զսպվածություն հանդես բերել, այլ ոչ թե դառնար իրավախախտ: Նման դատախազը տեղ չպետք է ունենա դատախազության համակարգում:

Իսկ դատավորն էլ ամեն ինչ արեց, որ Խանդոյանը դուրս գա հունից»,- ասաց Ա.Ղարագյոզյանը՝ հավելելով, որ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, որի շահառուն է Արայիկ Խանդոյանը, խստորեն դատապարտում է դատախազի այս գործելակերպն ու վարքագիծը:

 

Արա Ղարագյոզյանը հայտնեց նաև, որ այս հարցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վեցերորդ հոդվածով երաշխավորված գործի հրապարակային քննության սկզբունքը, նաև՝ նույն հոդվածի դրույթն, ըստ որի դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս