Ինչպե՞ս են բաշխվելու յուրաքանչյուր ընտրատարածքին հասանելիք մանդատները

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած Հանրապետական կուսակցությունը 6-րդ գումարման Ազգային ժողովում կունենա 55 մանդատ, որոնք պետք է բաժանվեն կուսակցության համամասնական և տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների միջև։

Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի համաձայն` Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն։ Յուրաքանչյուր կուսակցությանը կամ դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, որից հետո առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության հասանելիք մանդատների թվերն են:

Կուսակցության կամ դաշինքի մանդատների կեսը բաշխվում է համապետական ցուցակներում առկա թեկնածուների միջև, մյուս կեսը` տարածքային ցուցակների: Եթե կենտ թիվ է մանդատների թիվը, ապա մեկ հավելյալ մանդատը տրվում է համապետական ցուցակին: ՀՀԿ-ի դեպքում 28 մանդատ նախատեսվում է՝ համամասնական ցուցակի, իսկ 27-ը՝ տարածքայինների համար։

168.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ համամասնական ընտրական համակարգով մանդատների բաշխման մի քանի հայտնի բանաձևեր կան, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն։ Բայց, ըստ նրա, Դոնթի բանաձևն արդյունավետ է այն առումով, որ այն հնարավորություն է տալիս առանց մնացորդի բոլոր մանդատները միանգամից բաշխել։ Նկատենք, որ Դոնթի բանաձևը տեղերի բաշխման համակարգ է, որն ընդունված է մի քանի տասնյակ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ճապոնիան, Ֆինլանդիան, Չեխիան և այլն: Թովմասյանի խոսքով, այս դեպքում Դոնթի բանաձևն է կիրառված։

«Դրա պարագայում մենք վերցնում են բոլոր 13 ընտրատարածքները, մեր ստացած ձայների թիվը հերթականությամբ բաժանում ենք 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի և այլն, այդ ամբողջ աղյուսակից վերցնում ենք ամենամեծ առաջին 27 թվերը, հետո նայում ենք, թե որ տարածքի դիմաց են այդ թվերը, և տեսնում ենք, որ առաջին 27 թվերից 3-ը գտնվում են 3-րդ ընտրատարածքում, մյուս երեքը գտնվում են 5-րդում, և այսպես շարունակ։ Դրանք էլ մեր պատգամավորների այդ տարածքի մանդատների թվերն են։

Նայենք 3-րդ ընտրատարածքին, որտեղ ՀՀԿ-ն ստացել է 69 198 ձայն, 5-րդ ընտրատարածքում՝ 78421 ձայն, 9-րդ ընտրատարածքում՝ 85689 ձայն, այս տարածքներից համապատասխանաբար ստանում ենք երեք մանդատ, որովհետև, երբ բաժանում ենք, այնտեղ 3 ենք ստանում։ Երկու ընտրատարածքներում՝ 13-րդ և 7-րդ, այդ հաշվարկի համաձայն, ստանում ենք, որ ունենք մեկական մանդատ, մնացածներում՝ երկուական մանդատ»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս