«Խորհրդարանում ձևավորված պատկերն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի ցանկությանը». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ՝ 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մի քանի կետով տարբերվում են ՀՀ-ում տեղի ունեցած նախորդ ընտրություններից:

168.am-ի հետ զրույցում Ա. Բադալյանը նշեց, որ այս ընտրությունների ժամանակ փողը և ընտրակաշառքը գերզգալի նշանակություն են ունեցել, քան նախորդ ընտրությունների ժամանակ:

«Իհարկե, նախորդ ընտրությունների ժամանակ էլ են փող բաժանել, այնպես չէ, որ չեն բաժանել, բայց այս ընտրությունների ժամանակ այդ փողի գործոնը խիստ մեծ նշանակություն է ունցել: Երկրորդ, վարչապետի քաղաքական գործոնն այս ընտրությունների ժամանակ զրոյացվեց: ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը հիմնականում անցկացնում էր վարչապետը, և դա բացատրվում էր նրանով, որ վարչապետը բավականին բարձր վարկանիշ ունի, և նա լրացուցիչ ձայներ կապահովի ՀՀԿ-ականների համար, սակայն ՀՀԿ-ի տարածքային ցուցակներում ընդգրկված օդիոզ դեմքերն ահռելի մեծ գումարներ բաժանելով՝ ցույց տվեցին վարչապետին, որ իրենք են իրականում ՀՀԿ-ին ձայն բերող դեմքերը, այլ ոչ թե՝ վարչապետը: Այսինքն՝  կուսակցության մեջ վարչապետի քաղաքական կշիռը, կարելի է ասել, զրոյացվեց»,- նշեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ընտրությունների անցկացման տեխնոլոգիական մասին՝ Ա. Բադալյանը նկատեց, որ 1990-ականն թվականներին, երբ հասարակությունը պայքարում էր, թույլ չէր տալիս ընտրությունները կեղծել, իշխող ուժը «բռնություն էր կիրառում և լցոնումներ էր կատարում»՝ իր  համար ցանկալի արդյունք ստանալու համար: Քաղտեխնոլոգի խոսքով՝ 2000-ական թվականներին այդ ուժային գործոնին սկսեց գերիշխել «գնելը»:

Իսկ այս ընտրությունների տարբերությունը նախորդ ընտրություններից եղավ այն, որ, եթե առաջ մարդկանց գումար էին վճարում և «բերում-լցոնում» էին մարդկանց ընտրատեղամաս և ստիպում էին քվեարկել, ապա այս ընտրություններին մարդիկ կամավոր «ինքնալցոնվեցին, կամավոր ինքնալցոնում եղավ»:

Ա. Բադալյանը գտնում է՝ եթե հասարակությունը դիմադրում է իշխող ուժին, իսկապես թույլ չի տալիս կեղծել, նշանակում է՝ հասարակությունն ուժեղ է, իսկ եթե  հասարակությունն այդ գումարը վերցնելով՝ «ինքնալցոնվում» է տեղամասեր, նշանակում է, որ այդ հասարակությունն այլևս ուժ չունի, իսկ նման հասարակությունները չեն զարգանում ընդհանրապես. «Հայաստոնում ստեղծվել է մի մեծ ընտրազանգված, որոնք քվեարկում են փողով: Այսինքն՝ Հայաստանում նկատվում է հասարակության՝ բիոմասսայի վերածվելու գործընթացը: 2008 թվականից այդ երևույթը բավականին խորացավ, և ապրիլի 2-ին մենք տեսանք, որ բիոմասսան հաղթեց քաղաքացուն: Գնալով քաղաքացիների թիվը պակասելու է, բիոմասսայի թիվը՝ աճելու»:

Քաղտեխնոլոգը նաև առանձնացրեց այն, որ այս անգամ նոր սարքավորումների ներդրումը նույնպես նշանակություն ունեցավ՝ «ինտելեկտուալ ցարգացածության ցածր մակարդակ ունեցող» հասարակությանը վերահսկելու առումով: Ըստ նրա՝ մարդկանց կարողացան համոզել, որ այդ սարքավորումների միջոցով կարող են վերահսկել նրանց քվեարկությունը, ինչի արդյունքում փող վերցրած մարդիկ գնացին և իրենց ձայնը տվեցին այն ուժի օգտին, ումից փող են վերցրել:

Հարցին, թե՝ ըստ Ձեզ՝ այս ընտրությունների արդյունքների վրա ի՞նչ ազդեցություն ունեցան աշխարհաքաղաքական կենտրոնները՝ հաշվի առնելով, որ Դուք պարբերաբար նշել եք, որ այն, թե որ ուժերը կանցնեն ՀՀ խորհրդարան, կորոշի Մոսկվան, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց.

«Ես միշտ էլ ասել եմ, որ քանի որ Հայաստանում հասարակությունը բավականին թուլանում է և այլևս ի վիճակի չէ իշխանություն ձևավորելու, իսկ  Հայաստանը գտնվում է այն տարածաշրջանում, որը բավականին կարևոր նշանակություն ունի, առավել ևս, որ կա Ղարաբաղի հարց, բնականաբար, չի կարող ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացը դուրս լինել աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունից, ու դրա վկայությունը մենք արդեն տեսնում ենք. այն շնորհավորանքները, որոնք Ռուսաստանից եկան Հայաստանի իշխանության հասցեին, տեսանք Արևմուտքի վերաբերմունքը, իհարկե, որոշակի քննադատական գնահատականներ կային, բայց ընդհանուր առմամբ՝ չեզոք-դրական էր, իսկ Ռուսաստանինը՝ դրական: Դա նշանակում է, որ խորհրդարանում ձևավորված պատկերն ամբողջությամբ համապատասխանում է ՌԴ-ի ցանկությանը: Սա ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական գործընթացի վրա Ռուսաստանի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան Արևմուտքինը, և դա է՛լ ավելի է մեծանում: Հայաստանում կար արևմտամետ զանգված՝ մոտավորապես 15 տոկոս, որի շահերն ԱԺ-ում արդեն ներկայացված չեն լինելու, որովհետև չանցավ ոչ մի ուժ, որն ընդգծված արևմտամետ է: Դա նույնպես Արևմուտքի պարտությունը և Ռուսաստանի հաղթանակն էր Հայաստանի խորհրդարանում»:

Մեր ճշտող հարցին, թե՝ «Ելք» դաշինքին չե՞նք կարող դիտարկել՝ որպես արևմտամետ բևեռ, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Ոչ, չի կարելի, որովհետև քարոզարշավի ժամանակ նրանք ոչ մի ընդգծված արևմտամետություն չէին քարոզում, և նրանք անցան խորհրդարան ոչ թե նրա համար, որ արևմտամետ են կամ հայաստանակենտրոն են, այլ խորհրդարան անցան, որովհետև իշխող քաղաքական ուժը բավականին ճիշտ քաղաքականություն իրականացրեց, հատկապես նախագահը մի քանի անգամ քննադատեց «Ելք» դաշինքին, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվեց, որ «Ելք» դաշինքն է ՀՀԿ-ի միակ իսկական մրցակիցը, որին կարելի է ընտրել: Փաստորեն, կիսանախագահական նստավայրը նպաստեց, որպեսզի «Ելք» դաշինքը, որն իրենից այնքան էլ ուժ, ազդեցություն չի ներկայացնում, հայտնվի խորհրդարանում»:

Տեսանյութեր

Լրահոս