«Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցով ամեն ինչ արեց, որ նույնիսկ հինգ տոկոսի շեմը չանցնի». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մասնագիտական դաշտում ընտրությունների այս արդյունքները կանխատեսելի էին.

«Մի քիչ ՀՎԿ-ի արդյունքներն են անսպասելի, ես մտածում էի, որ ելնելով ադմինիստրատիվ լծակներից` նրանք կանցնեն, բայց ՀՀԿ-ն խիստ մոտեցավ, ու Արթուր Բաղդասարյանի կուսակցության համար ձայները չբավարարեցին։ Դաշնակների էլեկտորատը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո 2%-ով ավելացավ։ ՀԱԿ-ը՝ հակառակը՝ գնաց բլոկով, ոչ թե կուսակցությունով, եթե կուսակցությունով գնար, գուցե 5%-ի շեմը հաղթահարեր, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանը, հատկապես՝ իր վերջին հարցազրույցով, ամեն ինչ արեց, որ նույնիսկ հինգ տոկոսի շեմը չանցնի»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ըստ նրա՝ մի քանի կարևոր գործոններ ունեցան իրենց դերը. «Կար Կարեն Կարապետյանի գործոնը. մենք երկար ժամանակ չունեինք իրավիճակ, երբ հատկապես գործող վարչապետն ունի մեծ անձնական ռեյտինգ։ Վիգեն Սարգսյանը նույնպես դրական դեր խաղաց։ Գոնե նախընտրական պայքարի ժամանակ ՀՀԿ-ի ռեբրենդինգը կարևոր դեր խաղաց»։

Նրա խոսքով`մեծ է հավանականությունը, որ ՀՅԴ-ն այս անգամ էլ կազմի կոալիցիա ՀՀԿ-ի հետ, քանի որ, ըստ նրա՝ Դաշնակցությունը կարևոր դեր ունի Սփյուռքում, կարևոր դիրքորոշում ունի Արցախի հարցի շուրջ։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ «Ելքը» բավականին լուրջ բալանսավորող ուժ կարող է դառնալ խորհրդարանում. «Ընդդիմության զգալի մասը լինելու է ոչ խորհրդական, և կարելի է սպասել քաղաքացիական ակտիվություն։ Այն ուժերը, որոնք չմտան խորհրդարան, կփորձեն ակտիվ լինել հասարակական-քաղաքական դաշտում։ Այս պահին այդ ուժերը լծակներ չունեն հետընտրական զարգացումների համար»։

Տեսանյութեր

Լրահոս