«Սրանք նախնական տվյալներ են». Տիգրան Մուկուչյան
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վաղ է համարում ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան անցնող քաղաքական ուժերի միջև մանդատների բաշխման մասին խոսելը: Ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքներն այս պահին նախնական են, իսկ Ընտրական օրենսգիրքը նախնական տվյալներով մանդատների թիվ չի ամփոփում:
«Սրանք նախնական տվյալներ են, որոնք դեռևս ստացված են էլեկտրոնային եղանակով: Այսինքն, տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, մուտք են արվում այդ տվյալները համակարգիչներ, դրանք ստացվում են էլեկտրոնային եղանակով: Հետո արդեն մենք կստանանք թղթային արձանագրությունները, կկատարվի ուսումնասիրություն, եթե կլինեն դիմումներ բողոքներ նաև դրանց ընթացքում կայացված որոշումները կառնվեն և այդ ամբողջի համագումարում տեղի կունենա ընտրության արդյունքների ամփոփումը»,- նշեց Մուկուչյանը` հավելելով, որ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը տեղի կունենա առաջիկա կիրակի` ապրիլի 9-ին:
Անդրադառնալով ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հավանականության վերաբերյալ հարցին,ՀՀ ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ընտրությունների երկրորդ փուլ անցկացվում է այն դեպքում, երբ մանդատների բաշխմանը մասնակցող կուսակցություններից որևէ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի մանդատ և չի ձևավորվում կոալիցիա:
Չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը խորհրդարան անցնող քաղաքական ուժերին բաժին հասնող մանդատների թվի մասին խոսելը վաղ է համարում` Ընտրական օրենսգրքի կարգավորումների հիման վրա կարելի է նախնական եզրահանգումներ անել:
Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է ընտրությունների արդյունքներով մանդատների բաշխման կարգը: Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկն երի ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության հերթականության` յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով: Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկվող մանդատը տրվում է այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ամենամեծն է, իսկ դրանց հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակահանությամբ:
Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը զույգ է, ապա մանդատների թվի 50 տոկոսին հավասար թվով մանդատներ տրվում են կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին: Եթե կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվը կենտ է, ապա մանդատների թվի 50 տոկոսի ամբողջ մասին հավասար թվով մանդատները բաշխվում են ընտրական տարածքների միջև: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների մնացած մասը տրվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին:
Համադրելով Ընտրական օրենսգրքի կարգավորումը և ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` կարելի է նախնական եզրահանգումներ անել քաղաքական ուժերին հասանելիք մանդատների թվի վերաբերյալ: Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան անցնում են «Ելք» դաշինքը` 122 հազար 049 ձայն, «Ծառուկյան» դաշինքը` 428 հազար 965, ՀՀԿ-ն` 771 հազար 247 ձայն և ՀՅԴ-ն` 103 հազար 173 ձայն: Այդ ուժերին կողմ քվեարկած քվեաթերթիկների հանրագումարը 1 միլիոն 425 հազար 445 է: Ընտրական օրենսգրքի կարգավորման համաձայն` 4 քաղաքական ո ւժերի անհատապես ստացած ձայները պետք է բազմապատկել 101-ով և բաժանել 1 մլն 425 հազար 445-ի, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե որ ուժն ինչքան մանդատ է ստանում:
Պարզ հաշվարկի արդյունքում (առանց մնացորդային ձայների հաշվարկի) ստացվում է, որ ՀՀԿ-ն ստանալու է 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը` 30 մանդատ, «Ելք» դաշինքը` 9 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: