«ՀՀ արտաքին քաղաքականությունը կպահպանի իր բազմավեկտոր բնույթը, որտեղ կարևոր է կանխատեսելիությունը». Արեշև
«Հայ-ռուսական հարաբերություններում կարևոր կլինի կանխատեսելիությունը, փոխադարձ վստահության բավարար մակարդակը և քաղաքական խորհրդակցությունների առկայությունը բարձր մակարդակով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված ընտրությունների արդյունքներին։
Արեշևը գնահատեց, որ ընտրությունների ընդհանուր ֆոնը դրական է։ Նրա խոսքով՝ ստացված արդյունքների հարցում մեծ դերակատարություն ունեցավ նախկին սխալների վրա ՀՀԿ-ի աշխատանքը, որի արդյունքում ՀՀԿ-ն ստացավ բավականին էական արդյունք։ Ըստ ռուս վերլուծաբանի՝ այստեղ դերակատարություն ունեցավ ոչ միայն նոր վարչապետի նշանակումը առանց որի նման արդյունք չէր լինի, քանի որ, հայտնի է, որ հենց վարչապետի վրա էր դրված նախընտրական քարոզարշավի ողջ պատասխանատվությունը։
«Ես կցանկանայի նշել ՀՀ ԸՕ բարեփոխումների մասին և մասնավորապես այնպիսի նոր գործընթացի մասին, որը ստացավ «ռեյտինգային քվեարկություն» անվանումը։ Ընտրություններն անցկացվում են համամասնական կարգով, բայց դե ֆակտո մենք գործ ունենք ինչ-որ մեծամասնական բաղադրիչի հետ, գիտենք, որ ընտրատարածքներ կան, և որքանով ես կարող եմ հասկանալ, հենց քվեարկությունը կոնկրետ մարդկանց օգտին լրջորեն նպաստեց իշխող Հանրապետական կուսակցության այսպիսի հաղթանակին։
ՀՀԿ-ն և, ինչ-որ առումով, նաև «Ծառուկյան» դաշինքը մնում են ամենառեսուրսային կուսակցությունները, և նրանք ունեն որոշակի հնարավորություններ ընտրողների ձայների վրա ազդելու համար։ Ներկայումս կարևոր է, որպեսզի նոր խորհրդարանի աշխատանքը, մենք հասկանում ենք, թե ինչ կարևոր դերակատարություն է այն ունենալու այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ հենց խորհրդարանին է անցնելու ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերի լուծման պատասխանատվությունը, որպեսզի այս նոր օրգանի աշխատանքը պրոֆեսիոնալ, կիրթ լինի, որպեսզի այն համապատասխանի հասարակության պահանջներին հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ասաց Անդրեյ Արեշևը։
Անդրադառնալով արևմտամետ ուժերի արձանագրած արդյունքներին՝ ռուս վերլուծաբանը հիշեցրեց, որ արևմտամետ էին «Ազատ դեմոկրատներն» ու «Ելք» բլոկը, բայց նրա կարծիքով՝ մյուս կուսակցությունների ցուցակները ևս ձևավորվում էին բավականին հետաքրքիր կերպով։
«Կարելի է հիշել այնպիսի ուժի մասին, որն անհաջողության արժանացավ՝ ՕՐՕ-ն, նրանք չստացան էական ձայներ, բայց այնտեղ ևս երեքից երկուսը ԱՄՆ քաղաքացիներ են, այսինքն՝ այստեղ, իմ կարծիքով, պետք է խոսենք այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը, չնայած որ անվտանգության ոլորտում, ռազմաքաղաքական ոլորտում շեշտը դրված է Ռուսաստանի հետ համագործակցության վրա, Հայաստանը հանդիսանում է ԵՏՄ անդամ, պահպանելու է իր բազմավեկտոր բնույթը և այն համաձայնագիրը, որը նախաստորագրվեց վերջերս Երևանի և Բրյուսելի միջև, փաստում է հենց այսպիսի մոտեցման մասին։ Այս դեպքում կարևոր է կանխատեսելիությունը, փոխադարձ վստահության բավարար մակարդակը և քաղաքական խորհրդակցությունների առկայությունը բարձր մակարդակով»,- նման տեսակետ հայտնեց Անդրեյ Արեշևը։