Ապրիլյան պատերազմի ժամանակագրությունը. razm.info

Razm.info. Արցախյան պատերազմի՝ 1994թ հրադադարի պայմանավորվածությունից հետո Արցախում, ինչպես հայտնի է, խաղաղ չի եղել: Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ երբեմն լարում մտցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի ուղղության վրա: Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր գրանցվել են 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին:

Հենց 2015թ դեկտեմբերի սրացումից հետո Արցախի պաշտպանության բանակը սկսեց այլևս չհաշվել հրադադարի խախտումները, իսկ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարեց, որ հրադադար այլևս չկա: Այնուամենայնիվ, ՊԲ մամուլի ծառայությունը շաբաթական տվյալներ էր տալիս Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների վերաբերյալ: Եվ այս տվյալներով կարելի է տեսնել, որ մինչև 2016թ ապրիլ Ադրբեջանը շարունակում էր ագրեսիվ գործողությունները:

 

Ապրիլի 2

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի ղեկավարությունը տեղեկություններ է ունենում, որ ադրբեջանական բանակը ուժեր է կենտրոնացրել առաջնագծում: Ժամը 01:15-ի սահմաններում Արցախի նախագահն իր աշխատասենյակում իրավիճակը քննարկում է ՊԲ հրամանատարի, Արցախի անվտանգության ծառայության և ոստիկանության պետերի հետ: Արցախի ղեկավարությունը կարծել է, որ դրանք ադրբեջանական կողմի հերթական լոկալ գործողություններ են, և գործողությունները կազմակերպել է դրան համապատասխան: Ավելի ուշ ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատավայր և սկսել է վերստուգումներ անել: Հակառակորդը գործողությունները սկսել է գիշերը ժամը 03:00-ին: Այս մասին ավելի ուշ հայտնի է դարձել Արցախի նախագահի ասուլիսի ժամանակ:

Այսպիսով, Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00 սահմաններում: Ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Ավելի ուշ հայտնվում է ստորև տեղադրված տեսանյութը, որտեղ երևում է, որ հենց ադրբեջանական կողմի զինծառայողներն են սկսում հարձակումը:

Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ: ՊԲ-ն նույնպես կրում է կորուստներ:

Ավելի ուշ՝ 9:10-ին ՊԲ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ ուժերը առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈւ 1 միավոր ուղղաթիռ: Ավելի ուշ պարզ է դառնում, որ խոցված ուղղաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել ադրբեջանական կողմում, սակայն անհայտ է՝ կարողացել է, թե ոչ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը և ԶԼՄ-ները առաջին ժամերի ընթացքում մարտական գործողությունների մասին ոչ մի հաղորդագրություն չեն տարածում: Միայն 9:30-ին, մարտերը սկսելու համար մեղադրելով հայկական կողմին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները «փորձում են կասեցնել ադրբեջանական բնակատեղիներին հարվածող հայկական ստորաբաժանումներին»:

Միաժամանակ ադրբեջանական ՊՆ-ն ադրբեջանական լրատվամիջոցներին հրահանգում է չհրապարակել «ոչ պաշտոնական, ոչ ճշգրիտ և ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»: Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն միայն հերքում է ադրբեջանական ուղղաթիռի ոչնչացման մասին տեղեկությունը:

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը 10:25 հայտնում է, որ 08:30-ի շրջանում ադրբեջանական զինուժի՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հայկական գյուղերի հրետակոծությունից Մարտունիի պաշտպանական շրջանի ուղղությամբ զոհվել է մեկ երեխա՝ Վաղինակ Գրիգորյանը (ծնված՝ 2004 թվ.), ևս երկու երեխա ծանր վիրավոր է:

Ավելի ուշ Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն՝ Լևոնարխ գյուղի մատույցներում Արցախի ՊԲ ստորաբաժանումները հայտնաբարել և ոչնչացրել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբ:

12:30-ի մոտակայքում ՊԲ հակաօդային պաշտպանությունը հարավարևելյան ուղղությամբ խոցում է ևս մեկ միավոր ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու միավոր ԱԹՍ:

Շփման գծի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են: Առավել կատաղի մարտեր են մղվում առաջնագծի հարավային և հյուսիսարևելյան հատվածներում: Միաժամանակ Տավուշի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներ հայտնում են, որ գիշերվա ընթացքում իրենց բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ եղել են, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է:

Ի տարբերություն առաջին ուղղաթիռի` Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ուղղաթիռի խոցումն, այնուամենայնիվ, ընդունում է: Տեղական ժամանակով ժամը 17:00-ի մոտակայքում Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ մարտական գործողությունների ընթացքում կորցրել է 12 զինվոր, 1 ուղղաթիռ և 1 տանկ։

Միաժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը իր վերահսկողության տակ է վերցրել «Լելե Թեփե» բարձունքը և այլ բարձունքներ հայկական Թալիշ, Սեյսուլան գյուղերի շրջանում (խոսքը վաղուց լքված Սեյսուլան բնակատեղիի մասին է, այլ ոչ թե Նոր Սեյսուլան բնակատեղիի, որը գտնվում է հայկական տարածքների խորքում՝ Մարտակերտի շրջանում, որը վերցնելու մասին հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները՝ տեքստին կցելով վերոնշյալ Նոր Սեյսուլան գյուղից լուսանկարներ):

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է , որ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով իրավիճակը քննարկել է թուրք գործընկերոջ՝ Իսմեթ Յըլմազի և Թուրքիայի ԳՇ պետ բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այլ մանրամասներ չէին հրապարակվում:

Ժամը 18:50-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հրապակում է Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբի սպանված զինծառայողների և խփված զինտեխնիկայի՝ այդ թվում նաև ԱԹՍ-ի մասին տեսանյութ:

https://www.youtube.com/watch?time_continue=41&v=GLE1ohdFvbM

Տեսանյությում երևում են նաև Ադրբեջանի ԶՈւ կողմից «ԲՄ-21 Գրադ» կայանքներից հրետակոծության ենթարկված հայկական բնակավայրեր: Համաձայն Արցախի ՊԲ տվյալների՝ ապրիլի 2-ի ժամը 19:00 դրությամբ Արցախի զինուժը շարքից հանել էր հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 միավոր տանկ և 2 ԱԹՍ:

Հարավային ուղղությամբ առավոտյան ադրբեջանցիները կարողացել էին գրավել հայկական մի քանի դիրք, սակայն դրանց մի մասն արագ հետ էին վերադարձվել:

Երեկոյան Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտնում է, որ առավոտյան կորցված բոլոր դիրքերը հետ են վերադարձվել: (Դիրքերի ամբողջական հետգրավման մասին տեղեկությունը հետագայում չի հաստատվել):

Նույն երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ներկայացնում է իրավիճակը և հայտնում է, որ հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր: Քաղաքացիական անձանցից զոհվել է 1 երեխա, կան վիրավորներ, այդ թվում նաև 2 երեխա:

Օրվա ընացքում Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր 12 զոհված զինծառայողի մասին, սակայն այդ պահի դրությամբ Ռազմինֆոյին հաջողվել էր պարզել 15 սպանված ադրբեջանցի զինծառայողի ինքնություն, այդ թվում 3 օդաչու (երկու մայոր, մեկ ավագ լեյտենանտ): Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում հայտնում էին նաև Ադրբեջանի ԶՈւ մեծաթիվ կորուստների և շփման գծին հարող բնակավայրերից մարդկանց տարհանման մասին:

Ըստ հայկական աղբյուրների՝ Ադրբեջանի բանակը կրոցրել էր նաև երկու ուղղաթիռ (Ադրբեջանի ՊՆ-ն ընդունել էր 1-ը), 9 միավոր տանկ (ընդունել են 1-ը, բայց ակնհայտ էր, որ խփված տանկերի քանակն առնվազն 4-5 է ), 2 ԱԹՍ:

Արդեն ապրիլի 3-ին Արցախի ՊԲ-ն հաստատել է, որ ապրիլի 2-ին հայկական կողմը Թալիշի շրջանում մեկ հենակետ այնուամենայնիվ կորցրել է, բայց ապրիլի 3-ին այդ հենակետի վրա վերահսկողությունը վերականգնվել է:

Ուշ երեկոյան Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարում է, թե հրաձգությունը շփման գծում դադարել է։

Ապրիլի 3

Ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 07:05-ին Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ սկսած առավոտյան ժամը 06:00-ից առաջնագծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը վերսկսել է ագրեսիվ ռազմական գործողությունները՝ կիրառելով զրահատեխնիկա և հրթիռահրետանային միջոցներ:

Ավելի ուշ ՊԲ-ն հայտնում է, որ Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով մղվել են կատաղի մարտեր: Ի պատասխան լուսաբացին հակառակորդի ծավալած հրետանային խոշորամասշտաբ կրակին՝ ՊԲ ստորաբաժանումները անցել են զսպողական գործողությունների և Թալիշի ուղղությամբ հետ են խլել մարտավարական նշանակություն ունեցող կարևոր հենակետ, որը նախօրյակին գրավել էր ադրբեջանական կողմը:

Ժամը 13:55-ին ՊԲ-ն հայտնում է, որ առավել կատաղի մարտեր են ընթանում առաջնագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում։ Այս շրջանում ադրբեջանական զինուժը կորցնում է 3 միավոր տանկ: Ընդհանուր առմամբ երկօրյա մարտերում ադրբեջանական բանակը կորցրել էր 14 միավոր տանկ և ավելի քան 5 միավոր այլ զինտեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ): Հայկական կողմը կորցրել էր 1 միավոր տանկ:

Ադրբեջանական բանակը կրակում է նաև խաղաղ բնակավայրերի, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքի ուղղությամ՝ «Գրադ» ՀԿՌԿ-ով և 152 մմ հրետանիով: Ստորև լուսանկարներում՝ Մարտակերտի տները, դպրոցը և այլն (6 ապրիլի, 2016):

Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն տարածում է հաղորդագրություն իբրև թե միակողմանի կրակի դադարեցման մասին: Սակայն ավելի ուշ Արցախի ՊԲ-ն հայտարարում է, որ ադրբեջանական բանակը չի դադարեցրել կրակը և շարունակում է կրակել ԼՂ բնակավայրերին 152 մմ հրետանիով և «ԲՄ-21 Գրադ» ՀԿՌԿ-ով:

Ապրիլի 3-ին Hetq.am հայկական լրատվակայքը հրապարակեց Արցախի քաղաքացիական բնակչության հանդեպ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած ռազմական հանցագործություններն ապացուցող լուսանկարներ: Ապրիլի 2-ին ադրբեջանական ստորաբաժանումներին հաջողվել էր մուտք գործել գյուղ: Ադրբեջանցիները գնդակահարել էին Թալիշի մեծահասակ բնակիչներ Վալերի Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելլային, կտրել էին նրանց ականջները: Գնդակահարել էին նաև 1924 թվականին ծնված Մարիսա Խալափյանին:

Ապրիլի 3-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ապրիլի 2-ի գիշերը Անվտանգության խորհրդի նիստին երկրի պաշտպանության նախարար, Զաքիր հասանովը հայտարարել է.

«Պարո՛ն նախագահ, ես կցանկանայի հայտնել, որ վերջին շրջանում հայկական զինված ուժերը սահմանամերձ շրջաններում շատացրել են սադրիչ գործողությունները, բնակչության դեմ օգտագործվում են խոշոր տրամաչափի զինատեսակներ և հրետանի (իրականում ամեն ինչ եղել է ճիշտ հակառակը — խմբ): Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ բնակչության շրջանում կորուստները շատացել են: Այդ պատճառով որոշվել է հայկական զինուժի սադրանքներից խուսափելու նպատակով հայկական զինված ուժերի ստորաբաժանումները և հրետանային կրակակետերը ենթարկել հրետակոծության և ստիպել նրանց մեր բնակատեղիներից նահանջել ավելի հեռու: Բացի այդ, գնահատելով հայկական զինված ուժերի սպասվող հարձակումը՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ հետախուզական խմբերը գործողություններ են իրականացրել պլանավորված երեք ուղղություններով»:

Ինչպես երևում է Զաքիր Հասանովի ելույթից, Ադրբեջանի զինված ուժերը հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները սկսել են 3 ուղղությամբ, այնուհետև դա բացատրում են այնպես, որ «իբրև թե անհրաժեշտ էր գրոհով հետ շպրտել հայկական ստորաբաժումները՝ ադրբեջանցի բնակիչների անվտանգության համար»:

Մարտական գործողությունների սկսումից հետո Արցախ են մեկնում նաև կամավորականներ: Արցախի Հանրային հեռուստատեսությունը հրապարակում է տեսանյութ, որում նշվում է, որ մոտ 200 կամավոր հավաքվել է Ստեփանակերտում՝ Արցախի առաջնագիծ մեկնելու:

Ուշ երեկոյան ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակել է ԱԹՍ-ով նկարած տեսանյութ, որում երևում են Արցախի Սեյսուլանի ուղղությամբ (հյուսիս-արևելք) հարձակմանը մասնակցած և այնտեղ էլ սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակները:

https://www.youtube.com/watch?v=t4jUAHjChxU

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս