«Հայաստանը ևս մեկ անգամ բռնաբարվեց». Արմեն Մարտիրոսյանը՝ ընտրությունների մասին

Արդեն ավարտված Ազգային ժողովի 6-րդ գումարման համապետական ընտրությունների մասին 168.am-ը զրուցել է  առաջին ընտրատեղամասում Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում Կոնգրես-ՀԺԿ դաշինքից ներկայացած պատգամավորության թեկնածու, «Անտարես» հրատարակչության հիմնադիր  Արմեն Մարտիրոսյանի հետ:

«Մի քանի ժամից կիմանանք այս ընտրությունների վերջնական պատկերը, իսկ ընդհանուր պատկերը հետևյալն է՝  Հայաստանը ևս մեկ անգամ բռնաբարվեց: Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ ցույց կտան, ժամը 13:00-15:00-ն այլանդակություն էր տիրում: Գրեթե բոլոր ընտրատեղամասերում կազմակերպված կուտակումներ էին, 777-երով սև գույնի ջիպատիպ մեքենաներ, սև հագուստով մարդիկ, որ «դիսպետչերություն» էին անում ընտրատեղամասերում:

Ես քվեարկել եմ  Նորքի 9-րդ զանգվածում, և մինչև գտա իմ ընտրատեղամասը,  երեք ընտրատեղամասերում եղա, բոլորում նույն պատկերն էր: Ամենուր քվեախցիկներում մեկից ավելի մարդիկ են՝ ուղեկցողների կամ ուղղորդողների հետ միասին: Երկու օր առաջ ինքս Ավան Առինջում ընտրակաշառքի հետ առնչվեցի, գումարը չեմ տեսել, բայց, որ ընտրատեղամասի մոտ հերթի միջից դուրս են գալիս դրամապանակներով, դա ակնհայտ էր:  Իմ թիմակիցներն էլ  այսօր բարձրաձայնել են Նորքի 3-րդ զանգվածում արձանագրված բաց  ընտրակաշառքների բաժանման դեպքերի մասին»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանն ասում է՝  ամբողջ օրն անցկացրել է մոնիտորների առաջ և հետևել, թե ինչ է կատարվում հանրապետության ողջ տարածքում: Հետընտրական զարգացումների մասին առավել հստակ պատկերացում կազմելու համար պատգամավորության թեկնածուն խորհուրդ է տալիս՝ սպասել ևս մի քանի ժամ, երբ պաշտոնապես կհայտարարվեն ընտրության վերջնական արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս