Ընտանիքի հայրը աղբանոցից շշեր է հավաքում, վաճառում, որ ապրեն
Վարդբաղի բարձրահարկ շենքերը եզակի են Գյումրիում: 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության 2-րդ քաղաքում միայն կառուցվեցին 4-5 հարկանի շենքեր: 9 հարկանի շենքերն այսօր Գյումրիում շատերի համար վտանգավոր են, հատկապես, երբ դրանք ունեն վթարայնության աստիճան: Այս մասին գրում է asparez.am-ը։
9 հարկանիի վերջին հարկում է բնակվում տիկին Մարգարիտայի բազմանդամ ընտանիքը: Շուրջ 15 տարի տնակային անբավարար պայմաններում ապրելուց հետո 2009 թվականին քաղաքային իշխանությունը, ընդառաջելով բազմազավակ մոր խնդրանքին, Գյումրու Վարդբաղ 1-ին միկրոշրջանի 2-րդ թաղամասի 4-րդ շենքում 3սենյականոց բնակարան է հատկացնում: Ընտանիքը բնակարանի սեփականատեր չէ, համայնքի կողմից ունի միայն բնակության իրավունք եւ թույլտվություն:
«Տվեցին էս տունը, սեցին՝ գնացեք, ձեր ուժերով վերանորոգեք, ապրեք: Բայց ես էդ փողը չունիմ, չեմ կարող վերանորոգել: Դիմում եմ տվել տարբեր տեղեր, որ գան, վերանորոգեն, բայց կմերժեն, կսեն՝ դուք վերանորոգեք»,-պատմում է 42-ամյա Մարգարիտան:
Խոնավության հետքը բնակարանում ամենուր է, բորբոսներ՝ պատերին, առաստաղին: Ջեռուցումը ընդհանուր չէ, փայտի վառարանով են տաքանում, որքան հնարավոր է, այնքան են տաքացնում:
Բնակարանի պայմաններն այնքան վատ են եղել, որ ցրտի պատճառով 2015 թվականին մահացել է տիկին Մարգարիտայի երեխաներից մեկը՝ ընդամենը 10 ամսականում:
Ընտանիքի մեծ դուստրը 21 տարեկան է, ամուսնացել է, հարեւան շենքում է հարս գնացել: Տիկին Մարգարիտայի մյուս դուստրը 19 տարեկան է, վարսավիրություն է սովորում, որդին սպորտով է հետաքրքրված, դպրոցահասակ մյուս 3 երեխաները Գյումրու գիշերօթիկի սան են, տուն են վերադառնում հանգստյան օրերին: Տան կրտսերը՝ 5-ամյա Մարին, ամբողջ օրը տանն է, ծնողների հետ: Մանկապարտեզ շատ է ուզում գնալ, բայց վճարել չեն կարող:
«250 հազար սննդի պարտք ունեի, կարտոլ-մարտոլ էի առել, սնունդ, հաց: Քիչ-քիչ տարա փակեցի, բայց էլի մնացել եմ պարտք: Հնարավոր չէ էս ձեւով ապրել էլ: Էն ժամանակ, որ մանկապարտեզի վարձը 1500 դրամ էր, էրեխեքիս կղրկեի, հմի հնարավոր չէ, 7500 են դարձրել, էդքան կրնա՞մ ես վարձ տամ»,-ասում է տիկին Մարգարիտան:
55 հազար դրամ ընտանեկան նպաստ եւ 21 հազար հաշմանդամության թոշակ. սա պետության աջակցությունն է բազմանդամ, առողջական խնդիրներ ունեցող ընտանիքին:
Դպրոցահասակ երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ է: Տիկին Մարգարիտան պատմում է, որ ինքն էլ ունի առողջական խնդիրներ, անվճար բուժում է ստանում:
Անի Մկրտչյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։