Ներդրումները 2016-ին շարունակել են նվազել
Նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք (ըստ խոստումների) օտարերկրյա ներդրումներին և որոշ համեմատություններ բերել՝ նախորդ տարիների և մեր հարևան երկրների հետ։
Այսօր նորից կխոսենք ներդրումների մասին, որովհետև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2016 թվականի ներդրումների վիճակագրությունը։ Քանի որ ապրիլի 1-ը նախընտրական քարոզարշավի լռության օր է, քաղաքական ուժերի խոստումներին և ծրագրերին չենք անդրադառնա։ Փոխարենը՝ կներկայացնենք, թե ինչպիսի ներդրումային պատկեր ենք ունեցել 2016 թվականին, որքան ներդրումներ են եկել, որ երկրներից և դեպի որ ոլորտներ։
Միանգամից ասենք՝ թվերը բավականին տխուր են։
Այսպես, 2016 թվականին Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 81.6 մլրդ դրամ (մոտ 170 մլն դոլար)։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 62.7 մլրդ դրամ (մոտ 130 մլն դոլար)։ Մինչ առաջ անցնելը նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են։
2015 թվականին թվերն այսպիսին էին՝ ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը՝ 118.4 մլրդ դրամ (մոտ 248 մլն դոլար), օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 69.4 մլրդ դրամ (մոտ 145 մլն դոլար)։
Հիմա ամենատխուր պահը՝ համեմատության։ 2016 թվականին՝ 2015 թվականի համեմատ, ընդամենը ներդրումները կրճատվել են 36.8 մլրդ դրամով կամ 31.1%-ով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ 6.7 մլրդ դրամով կամ 9.7%-ով։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Ներդրումների «խուճուճ» վիճակագրությունը փոքր-ինչ ուսումնասիրելով՝ կարելի է ավելի հետաքրքիր եզրակացությունների գալ։ Նախքան առաջ անցնելը մի թեթև պարզաբանենք։ Զուտ հոսքը, ինչպես նշվեց, օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն է։ Այլ կերպ ասած՝ ներհոսքի և արտահոսքի տարբերությունը։ Ամենահետաքրքիրը, թերևս, ըստ երկրների դիտարկումն է։ Վիճակագրությունը փաստում է, որ ներհոսքի գծով առաջատար են Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և Միացյալ Թագավորությունը։
Այսպես, Լյուքսեմբուրգից Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների զուտ հոսքը կազմել է 48.4 մլրդ դրամ, այդ թվում՝ ուղղակի ներդրումներինը՝ 10.8 մլրդ դրամ։
Կիպրոսից ունեցել ենք 44.3 մլրդ դրամի ներդրումային զուտ հոսք, այդ թվում՝ 34.6 մլրդ-ը՝ ուղղակի ներդրումների տեսքով։
Միացյալ Թագավորությունից եղել է 33.7 մլրդ դրամի ներդրումների հոսք, գրեթե ամբողջը՝ ուղղակի ներդրումներ (համեմատության համար նշենք, որ 2015-ին ՄԹ-ի գծով ներդրումների զուտ հոսքը բացասական էր՝ 35.7 մլրդ դրամի չափով)։
Առավել խորությամբ հետաքրքրվողների համար նշենք, որ կիպրոսյան կապիտալն ուղղվել է հիմնականում կացության կազմակերպման և հեռահաղորդակցության ոլորտներ, բրիտանական կապիտալը՝ հանքարդյունաբերություն, իսկ լյուքսեմբուրգյան կապիտալը գրեթե ամբողջությամբ՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտ (թե կոնկրետ որ ընկերությունների մասին է խոսքը, կարող եք ինքնուրույն գլխի ընկնել)։
Սրանք, այսպես ասած, օտարերկրյա ներդրումների չեմպիոններն էին։ Իսկ որոնք են «հակաչեմպիոնները»՝ այն երկրները, որոնց դեպքում ներդրումային հոսքը բացասական է (այսինքն, տեղի է ունեցել կապիտալի արտահոսք)։
Այդ երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը։ 2016 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում Ռուսաստանից կատարված ընդամենը ներդրումների զուտ հոսքը բացասական մեծություն ունի՝ -52 մլրդ դրամ (մոտ 108 մլն դոլար), այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով՝ -26.3 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած՝ սա նշանակում է, որ բավականին մեծ կապիտալ Հայաստանից արտահոսել է Ռուսաստան։ Ավելացնենք, որ կապիտալը դեպի Ռուսաստան փախել է հիմնականում հանքարդյունաբերության և
էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներից։
Ռուսաստանին հաջորդում է Լիբանանը։ Ընդամենը ներդրումների զուտ հոսքը -17.3 մլրդ դրամ է, ուղղակի ներդրումներինը՝ -15.8 մլրդ։ Նիդեռլանդների հետ նույնպես ունենք բացասական ցուցանիշ՝ ընդամենը ներդրումների գծով -16.7 մլրդ դրամ, ուղղակի ներդրումների գծով՝ 1.4 մլրդ դրամ։
Վերջում ավելացնենք, որ չնայած նվազմանը՝ նորանկախ Հայաստանի պատմության բոլոր տարիների կտրվածքով խոշորագույն ներդրողը շարունակում է մնալ Ռուսաստանը։ Այս երկրին բաժին է ընկնում 1988թ. մինչև 2016թ. դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերի 36.35%-ը, այդ թվում՝ ուղղակի ներդրումների 46.53%-ը։ Երկրորդ խոշոր ներդրողը Գերմանիան է (10.31%), երրորդը՝ Ֆրանսիան (8.04%)։