Արցախի խորհրդարանականները քննադատել են Արցախի հարցում զիջողական դիրքորոշում ունեցող գործիչներին

Այսօր՝ մարտի 30-ին, կայացել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Օրակարգի համաձայն պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել «Դաշնակցություն» և «Վերածնունդ» խմբակցությունների ղեկավարներ Արմեն Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Սարգսյանն իր հայտարարության մեջ անդրադարձել է այն հարցին, որ ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց քաղաքական պլատֆորմի հիմքում դնում են խաղաղության և բարիդրացիության հաստատում՝ Արցախի հիմնահարցի հանգուցալուծման ոչ հայանպաստ դիրքորոշումներով:

«Այդ մտքերի ռազմավարությունը հանգում է «տարածքներ Արցախի միջանկյալ կարգավիճակի դիմաց» կամ, որ նույնն է «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքին: Ընդ որում` նրանք փորձում են ապացուցել, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ ամբողջ աշխարհը, որը գործում է մեր դեմ և ստիպում է, որ ընդունենք Մադրիդյան սկզբունքները»,-ասել է Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դատապարտում է ՀՀ-ում առկա այդօրինակ քաղաքական գաղափարներ կրողների կեցվածքը և այն դիտում են որպես ոտնձգություն Արցախի սուվերենության նկատմամբ:

«Վերստին հայտարարում ենք, որ Արցախի անկախությանը այլընտրանք չկա և մեր հազարավոր զոհերի արյունը իզուր չի թափվել: Գտնում ենք, որ ցեղասպան Ադրբեջանն ու Թուրքիան վարելով հայատյաց քաղաքականություն դա նույնիսկ չեն թաքցնում, իսկ դրան հակադրվելու միակ ձևը ուժեղ և հզոր պաշտպանություն, տնտեսական համակարգ և բարձր ոգի ունենալն է»,- ընդգծել է խմբակցության ղեկավարը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը ևս քննադատության ենթարկեց Արցախի հարցը տարածքային և այլ զիջումների հաշվին լուծելու օգտին հանդես եկող գործիչներին:

Նա հիշեցրել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց կուսակցության մոտեցումները՝ նշելով.

1. «Արցախի ժողովուրդն արդեն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը եւ բոլորիս նպատակը պետք է լինի այդ իրականացված ակտի միջազգային ճանաչումը:

2. Արցախի տարածքների ավելացումը հետեւանք է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Ագրեսորին պատժելու եղանակներից մեկը նրան տարածքներից զրկելն է, ինչն էլ մենք արել ենք 1991-94թթ. պատերազմի ժամանակ: Արցախի ներկայիս տարածքը սակարկման ենթակա չէ, այն Արցախի, Արցախի ժողովրդի եւ համայն հայության անվտանգության կարեւորագույն գրավականն է:

3. Որեւէ միջազգային կամ օտարերկրյա ռազմական ուժ չի կարող հանդես գալ որպես Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիք: Անվտանգության իրական երաշխիք կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը` ՀՀ զինված ուժերի հետ իր հարաբերությունների ամբողջությամբ:

4. Միջազգային հանրության որեւէ խոստում կամ գրավոր երաշխիք չի կարող խաղաղության ապահովման գործիք լինել: Այսօրվա դրությամբ խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող կողմերի ուժերի հավասարակշռության շնորհիվ:

5. Հանուն խաղաղության կամ կարգավիճակի տարածքային եւ այլ զիջումները բերելու են ավելի լայնածավալ պատերազմի եւ ավելի շատ զոհերի»:

Տեսանյութեր

Լրահոս