Բաժիններ՝

«Մենք սերմացուներ ներկրում ենք Ռուսաստանից, Թուրքիայից չենք ներկրում». Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ արդեն երկու մատակարար ընկերությունները Հայաստան են ներմուծել համապատասխան քանակի պարարտանյութ, որը հասցեական բաշխվելու է. «Պարարտանյութի որակը վերահսկվում է, վճարումը կատարվում է, նոր տրվում է համապատասխան քանակի պարարտանյութը։ Այսինքն՝ ռիսկ չկա, որ փողը չի վերադարձվի։ Սա մի փուլ է, որից հետո մենք պետք է անցնենք պարարտանյութը չսուբսիդավորելուն, շուկան ընդհանրապես ազատականացնենք և գուցե ավելի լավ արդյունքներ կունենանք, քան այս տարի»։

Նախարարը նշեց, որ պտղատու այգիներում վնասատուների դեմ պայքարի համար արդեն հատկացվել է մոտ 106 մլն դրամ, որպեսզի համապատասխան թունանյութը բաշխվի։ Ինչվ վերաբերում է սերմացուների ներկրմանը, նա նշեց, որ այս տարի 1710 տոննա սերմ է ներմուծվել հանրապետություն՝ գարնանացան կատարելու համար. «Քանակը ձևավորվել է մարզերի կողմից տրված պահանջարկից։ Մոտ 578 մլն դրամի սերմ է, որից 280 մլն դրամը սուբսիդավորվելու է պետության կողմից»։

168.am-ը նախարարից նախ հետաքրքրվեց, թե ո՞ր երկրներից են սերմացուներ ներկրվում, ապա ներկայացրեց հասարակական սեկտորում առկա մտահոգություններն այս թեմայի վերաբերյալ։ Մասնավորապես, նշեցինք Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի ու «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի կողմից բարձրացված այն խնդրի մասին, թե Թուրքիայից Հայաստան է ներկրվում անորակ սերմացու, որը վարակում է հայկական հողերը։ Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ նախարարն ասաց.

«Մենք սերմացուներ ներկրում ենք Ռուսաստանից, Թուրքիայից չենք ներկրում, իսկ այն, ինչ որ հայտարարում են հասարակական կազմակերպությունները, երևի թե իրենք կարող են մեկնաբանել՝ ինչ է։ Բոլոր դեպքերում, պետական ծրագրերով մենք Թուրքիայից ոչ մի բան չենք ներմուծում»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս