«Աստված մի արասցե՝ պարենային կարտոֆիլը սերմացու դառնա. 10 տարի է պետք, որ այդ քաղցկեղը հողից վերանա». Հրաչ Բերբերյան

Օրերս գյուղատնտեսները հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, ոլորտի ո՞ր խնդիրներն են առավել կարևորվել, և որո՞նք լուծում կստանան առաջիկայում: Հրաչ Բերբերյանն ասաց, որ նախ՝ վարչապետը հավանություն է տվել հակակարկտային ցանցային համակարգի գործարկմանը. «Կարծես թե ցանկություն կա, որ ցանցային համակարգը վերջապես ներդրվի ու հենց Հայաստանում էլ այն արտադրվի: Ցանցային համակարգի դեպքում բերքի կորուստներ չենք ունենա. ոչ թե 3-4 տարին մեկ կունենանք ծիրանի բերք, այլ՝ ամեն տարի: Ցրտահարություն չի լինի, որովհետև, եթե ձյունը նստի ցանցի վրա, դա չի նշանակում, որ ծաղիկը կցրտահարվի, որովհետև ցանցը կպահի ձյան շերտը»:

Ինչ վերաբերում է այս համակարգի ներդրման ծախսերին, ապա, մեր զրուցակցի խոսքով՝ համաձայնության են եկել երկարաժամկետ ու անտոկոս կամ շատ ցածր տոկոսներով վարկեր տրամադրել ֆերմերներին, քանի որ ցանցային համակարգը 15 տարի կծառայի. «Կարծիք եղավ՝ օգտագործել բազալտի հայկական թելերը, և կաշխատենք ամենամատչելի գներով արտադրել դա: Այս պահին անհրաժեշտ է 10-15 հազար հեկտար տարածք փակել ցանցային համակարգով, հետագայում ֆերմերները կփակեն լոլիկի, պղպեղի դաշտերը: Այս համակարգի ներդրումից հետո ակտիվ կսկսի գործել նաև ապահովագրությունը, որովհետև ռիսկերը լուրջ կնվազեն»:

Քննարկմանը պահանջ է ներկայացվել կառավարությանը՝ մարզերում բարեփոխումներ կատարել, և, ինչպես Հ. Բերբերյանն է նշում՝ ազատվել «տերթոդիկային» համակարգից. «Գյուղապետեր-մարզպետեր համակարգը պետք է բարելավվի, արտադրողն այս երկրում իր տեղը պետք է ունենա: Մենք կաշխատենք ընտրել մի մարզ մինչև ընտրությունները, որ չասեն՝ քաղաքական է, որտեղ գյուղացին ակտիվ կմասնակցի բարեփոխումներին: Խոսքը համայնքների և արտադրողների ասոցիացիաների բաժանման մասին է: Այն գումարը, որը պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, պետք է հասցնել արտադրողներին, այլ ոչ թե մարզպետարանների գրպանները լցնենք»:

Հրաչ Բերբերյանն ասաց, որ պարարտանյութերի հարցը ևս քննարկվել է հանդիպման ընթացքում. «Պետք է տարբեր տեսակի պարարտանյութեր վաճառվեն խանութներում, այլ ոչ թե միայն ազոտական: Նույնը նաև դիզվառելիքի հետ կապված: Գյուղացին պետք է ուղղություններով սուբսիադավորվի. կլինի դա լոլիկի, թե կարտոֆիլի արտադրություն: Ի դեպ, ամոթ է մեզ համար, որ այսօր լոլիկ ներկրելու միտում ունենք: Սա այն հանրապետությունն է եղել, որ մոտ 30 հազար տոննա լոլիկի մածուկ է արտահանել»:

Մեր հարցին՝ տնտեսագետներն ահազանգում են, որ նույնիսկ այն շրջանում, երբ Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել թուրքական արտադրանքի նկատմամբ, Հայաստանը Թուրքիայից լոլիկ էր ներկրում ու հայկական արտադրանքի անվան տակ վերաարտահանում Ռուսաստան, այս խնդրի վերաբերյալ ի՞նչ կասի, ո՞վ պետք է կարգավորի այս հարցը, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ կառավարությունն ինքն էլ էր մտահոգված այդ թվերից, որովհետև մենք ունենք բաց դաշտերի մշակություն, որտեղ լոլիկի արտադրությունն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին է լինում, բայց 2016թ. առաջին կիսամյակում հայտարարեցին, որ 40 հազար տոննա լոլիկ է արտահանվել: Դա կարող էր լինել միայն ջերմոցի արտադրանք, բայց այդ մասշտաբի ջերմոցային տարածքներ մենք չունենք, որ խոսենք այդ քանակի արտահանման մասին: Թե որտեղի՞ց են այդ թվերը, ո՞ր կազմակերպությունն է այդ արտահանումներն անում, խորը ուսումնասիրության հարց է. որևէ մեկին չմեղադրենք: Ուղղակի չեմ հասկանում՝ այդ կեղծ թվերը նկարելու իմաստ ո՞րն է»:

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե նախկինում կարտոֆիլով ինքնաբավ էինք ու կարողանում էինք նաև արտահանել, ապա այս տարի արտահանել չենք կարողանա. «Հաջորդ տարի արդեն կարտոֆիլի արտադրությունը կպակասի և Հայաստան կներկրվի թուրքական կարտոֆիլը, որի փորձն արդեն եղել է: Իմիջիայլոց, կա վարչապետի խիստ հանձնարարականը, որ այդ շուկան վերահսկվի: Աստված մի արասցե՝ պարենային կարտոֆիլը սերմացու դառնա, ինչի պրակտիկան ունեցել ենք, և արդյունքում առաջացել է կարտոֆիլի քաղցկեղ ու մինչև Արագածոտնի տարածքում չենք կարողանում դա բուժել. տասը տարի է պետք, որ այդ քաղցկեղը հողից վերանա: Մենք երկու տարի առաջ 50 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել, բայց հիմա սորտաթարմացում չարեցինք ու այս խնդիրն առաջացավ: Նախկին կառավարության մեղքն էլ կա այստեղ, որին մենք դիմեցինք, բայց մայիս ամսին, երբ ցանքը վերջացել էր, նոր գումար հատկացրեց, որից հրաժարվեցինք: Այսինքն՝ մինչև մենք էլիտա դասը փորձեիքն ներկրել հանրապետություն, լավագույն դեպքում, հուլիս ամսին նոր ցանք կանեինք, որը խեղկատակություն կլիներ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս