«Թուրքիայից էժան, անորակ, չփորձված սերմացու է ներմուծվում, որը վարակում է հայկական հողերը». Սարգիս Սեդրակյան
«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով՝ տարին ջրառատ կլինի: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տեղումներն այս տարի շատ են եղել, և ոռոգման ջրի խնդիր չենք ունենա:
Մեր զրուցակցի խոսքով՝ մտահոգիչ մի բան կա. «Թուրքիայից, Իրանից բանջարեղեն են ներկրում, ավելի էժան գներով վաճառում, ինչից տուժում են մեր ջերմոցային տնտեսվարողները, գյուղացիները: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը, որը մեր ցանցի կազմում է, ասում էր՝ չգիտենք՝ ինչ անենք: Այսինքն՝ մշակման ինքնարժեքը բարձր է ստացվում: Թանկ է նաև գազի սակագինը, որով ջեռուցվում են ջերմոցները»:
Սարգիս Սեդրակյանի խոսքով՝ Թուրքիայից ներկրվում է լոլիկ, որի որակը բավականին ցածր է. «Դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ժամանակ Թուրքիայից ներկրվում էր լոլիկ, և այն պարագայում, որ Ռուսաստանն արգելել էր թուրքական մթերքների մուտքն իր տարածք, Հայաստանը թուրքական լոլիկը՝ հայկականի անվան տակ, վերաարտահանում էր դեպի Ռուսաստան: Այս պահին էլ Լեհաստանից պանիր է ներկրվում Հայաստան ու վերաարտահանվում Ռուսաստան՝ մաքսանենգ ճանապարհով, որովհետև Լեհաստանը ԵՄ երկիր է, իսկ Ռուսաստանն արգելել է ԵՄ երկրներից ապրանքների մուտքն իրենց մոտ»:
Վերադառնալով ջերմոցային տնտեսվարողների խնդիրներին, մեր զրուցակիցն ասաց, որ Թուրքիայից ներմուծվում է նաև անորակ սերմացու, որը կարող է վարակել հայկական հողերը. «Արդեն քանի տարի է՝ դա չի վերահսկվում: Մաքսանենգ ճանապարհով սերմացու է մտնում Հայաստան, որը էժան է, և գյուղացիները ձեռք են բերում: Եթե դրա «կռիշը» վերևներից չլինի, հզոր մարդ չլինի, ապա մի վայրկյանում բոլորին կհավաքեին: Թուրքիայից էժան, անորակ, չփորձված սերմացու են բերում, որովհետև եթե օրինական բերեն, ապա սահմանին առանձին տեսչություն կա, որը պետք է ստուգի ծլունակությունը, մնացած պարամետրերը, բայց այդ սերմերի մեջ կան բավականին գեմոդիֆիկացված սերմեր, այսինքն՝ երբ շուկայի մի ծայրից մյուսն ես անցնում, ինչ տեսակի պոմիդոր ասես՝ տեսնում ես. պոմիդոր կա՝ ամեն ինչի նման է՝ բացի պոմիդորից: Մեր ժողովուրդը վճարունակ չէ, էժանն է նախընտրում, բայց էժանն էլ իրենց վրա ավելի թանկ է նստում, որովհետև աղեստամոքսային տարբեր հիվանդություններ են առաջանում»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այս խնդիրը կարող է լուծվել պետական աջակցության շնորհիվ միայն. «Սերմերը պետք է ներկրվեն օրինական ճանապարհով, մաքսանենգը պետք է վերանա: Օրինական ճանապարով Հոլանդիայից, Ռուսաստանից ու տարբեր տեղերից կարող ենք բերել, ոչ թե Թուրքիայից անորակ սերմացուներ: Անորակ սերմից միայն ստացված պտուղը չէ վատը լինում, այլ հողն էլ է վարակվում, հետո պետք է մտածես, թե ոնց անես՝ այդ հողը վարակից ազատես: Արմավիրի մարզի Արմավիր գյուղում լոլիկի սերմ էին ցանում, մուտանտ էր հետն աճում, այսինքն՝ մոլախոտի նման մի բան, որն ամբողջ սնուցումը խլում էր, իսկ լոլիկը չէր սնուցվում»: