«Եթե Արցախի հարցում զիջումներ կամ փոխզիջումներ լինեն, ապա «Մեծ Թուրանի» ծրագիրը կարող է իրականանալ». Հարություն Մեսրոբյան
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ եթե Արցախի հարցում զիջումներ կամ փոխզիջումներ լինեն, ապա «Մեծ Թուրանի» ծրագիրը կարող է իրականանալ։
«Գաղտնիք չէ, որ կա բավականին հավակնոտ ռազմավարական մի ծրագիր, որը կոչվում է «Մեծ Թուրան»։ Բոլոր այն մարդիկ, որոնք սկեպտիկորեն են նայում «Մեծ Թուրանի» գաղափարին, խորհուրդ կտամ՝ խորանալ այդ հարցի շուրջ և տեսնել, թե ինչ լուրջ ուժեր են առաջ մղում այդ խնդիրը։ Հայաստանը բաժանում է «Մեծ Թուրանի» գլուխը` Թուրքիան, «Մեծ Թուրանի» մեծ մարմնից։ Այսինքն`Հայաստանի` ֆիզիկապես այս տարածաշրջանում լինելը, պարզապես կյանքի ու մահու կռիվ է «Մեծ Թուրանի» համար։ ԽՍՀՄ-ի ժամանակ այդ հարցը գրեթե լուծվել էր այն իմաստով, որ Մեղրիի մասում կար 40 կմ-անոց հատված, որը կապում էր Նախիջևանն Ադրբեջանի հետ։
Այսինքն՝ «Մեծ Թուրանի» լրիվ խնդիրը լուծելու համար մնում էր 40 կմ։ Արցախյան պատերազմն այդ խնդիրը սարքեց անգամներով դժվար «Մեծ Թուրանի» ջատագովների համար։ Եվ եթե սկսում ենք զիջել-փոխզիջել, «Մեծ Թուրանը» հնարավորություն է ունենում միացնել գլուխը մարմնի հետ»,- հստակեցրեց նա՝ ընդգծելով, որ «Մեծ Թուրանի» ջատագովները փորձում են ամեն գնով ստեղծել այն։
Ինչ վերաբերում է Արցախի հարցի լուծմանը, ապա նա նշեց, որ կառավարման մեջ ոսկե սկզբունք կա` եթե ուզում ես թշնամիդ անի այն, ինչ դու ես ցանկանում՝ ստեղծիր մի իրավիճակ, որտեղ քո ասածը չանելն իր համար ավելի վտանգավոր է.
«Սա նշանակում է՝ ամեն գնով հզորացնել պաշտպանական մասը, օր ու գիշեր մտածել նոր սպառազինության մասին։ Լուծել դեմոգրաֆիկ հարցերը։ Այսինքն՝ սա կոմպլեքս է։ Երբ թշնամին կտեսնի, որ հայկական բանակի դեմ խաղ չկա, իրենք երբեք պատերազմ չեն սկսի»։