Ռուդոլֆ Խաչատրյանի «Բազմաչափ»-ը. նոր ցուցադրություն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում այցելուների համար այսօրվանից բաց է գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի «Բազմաչափ» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը: Նա մի նկարիչ է, որի ստեղծագործության ամենազարմանալի կողմերից մեկն այն է, որ նա, փաստորեն, չի սովորել նկարել, այլ վերցնելով մատիտը, անմիջապես դրսևորել է իրեն՝ որպես հասուն նկարիչ: Այսպես է իր ժամանակակցին բնութագրում մշակութաբան Լևոն Աբրահամյանը, ով նաև «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» պատկերագրքում զետեղված «Ռուդոլֆ Խաչատրյանի երեք պատկերագրական սկզբունքները» ընդարձակ արվեստաբանական աշխատության հեղինակն է:
Ցուցահանդեսի բացմանը ներկա նկարչի դուստրը՝ Մոկո Խաչատրյանը, ով նույնպես իր անմիջական մասնակցություն է ունեցել ցուցահանդեսի կայացման գործում, հուզված խոստովանում է. «Արդեն 10 տարի է, որ հայրս չկա, և այս ողջ տարիների ընթացքում իմ ամենամեծ երազանքն է եղել, որ հայրիկիս ցուցահանդեսը ներկայացնեմ Հայաստանում: Այսօր ինձ համար ամենաերջանիկ օրերից մեկն է: Ես գիտեմ, որ ինքը վերևից տեսնում է այստեղ հավաքված մեզ բոլորին և այս ցուցահանդեսը՝ նույնպես: Այսօր, երբ տեսա արդեն նկարներով սրահը, հուզմունքից չէի կարողանում խոսել, որովհետև չէի պատկերացնում, որ այսպիսի կոմպոզիցիա կարող է լինել»:
Մինչ նկարչի դուստրն իր երախտագիտության խոսքն էր հայտնում ցուցահանդեսի նախաձեռնող կողմին, իսկ նկարչի ժամանակակիցները, ընկերներն ու նաև մեծ թվով երիտասարդ արվեստասերներ վայելում էին նկարչի տարբեր տարիներին ստեղծած արվեստի գործերը, մենք փորձեցինք որսալ դահլիճում ներկա մշակութաբանների երկու սերնդի՝ Նազարեթ Կարոյանի և Վիգեն Գալստյանի արվեստագիտական անդրադարձը «Բազմաչափ»-ի վերաբերյալ:
Պարզվում է՝ արվեստաբան Նազարեթ Կարոյանի համար գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի երկար սպասված ցուցահանդեսը, մշակութային հիշարժան իրողություն լինելուց զատ, նաև անձնական նշանակություն ունի. «Այս ցուցահանդեսն ինձ համար հանդիպում է, ես մի քիչ անձնական մոտեցում ունեմ այս գեղանկարչի նկատմամբ: Առաջին տեքստս, որով ես ինձ, կարող եմ ասել, համարեցի արվեստաբան, իր մասին է եղել, գրված, կարծեմ, 1985 թվականին: Ռուդոլֆը մի մեծ ցուցահանդես էր արել, ես էլ բավականին ընդարձակ մի նյութ գրեցի իր մասին:
Կարդացել էր, հիշում եմ ՝ շատ-շատ էր հավանել, թեպետ մեջը քննադատական դիտարկումներ ունեի և բավականին ցայտուն, բայց դա անտիպ մնաց: Երևի ճակատագիր էր ՝ պիտի անտիպ մնար,- հիշում է Նազարեթ Կարոյանն ու արդեն մշակութաբանի հայացքով վերլուծում գեղանկարչի ստեղծած արվեստը,-Ցուցահանդեսն ինձ շատ դուր եկավ՝ դիզայնի, ցուցադրության կազմակերպման, ընտրված աշխատանքների, դասավորության առումով: Ես 60-ականների կեսերի Ռուդոլֆ շատ չեմ տեսել:
Դա իր երիտասարդության շրջանն էր, երբ Մաեստրո Քոչարի հետ սերտ հարաբերությունների մեջ էր (նկատի ունի Երվանդ Քոչարին, որին Ռուդոլֆ Խաչատրյանը համարել է իր ուսուցիչը.- Ն.Մ.)… ի վերջո, ինքը Վարպետի աշակերտն էր: Կազմակերպիչներին հաջողվել է շատ ժուժկալ միջոցներով ժամանակաշրջանի մթնոլորտ արտահայտել: Ռուդոլֆ Խաչատրյանը մեր շատ յուրահատուկ ժամանակաշրջանը մարմնավորող արվեստագետներից մեկն է, նրանք, սովորաբար, չափանիշ ձևավորող են, մյուս կողմից՝ նրանք շատ հաճախ մենության մեջ են:
Ռուդոլֆն այդ մենության մեջ ստեղծագործող արվեստագետներից մեկն է, ինչպես որ իր ուսուցիչն էր՝ ինչ-որ իմաստով՝ մենակ: Գեղագիտական իմաստով Ռուդոլֆի արվեստում առկա է այն, ինչ մենք սովոր ենք անվանել Թիֆլիս, թիֆլիսյան դպրոց, դիմակահանդեսի կերպարանափոխություններ՝ աչքի առաջ ունենալով մոդեռն-արտի ծավալները հաղթահարելու, տարածություն նվաճելու փորձառությունը: Ընդ որում, նա դա անում է ինչպես՝ հարթության վրա մոդեռն արվեստի ճանապարհով, այնպես էլ՝ դասական արվեստի միջոցներին դիմելով՝ ծավալի, լույս ու ստվերի և տարածության ճիշտ կազմակերպման միջոցով»:
Վիգեն Գալստյանը նկատում է՝ ինքը, իհարկե, գիտի, որ Ռուդոլֆ Խաչատրյանը բազմանկյուն արվեստագետ է, բայց, ցավոք, այդ մասին քիչ տեղյակ է հանդիսատեսը.
«Մեր հանրության մեծ մասը նրան որպես այդպիսին չի ճանաչում: Կան և հայտնի են, իհարկե, կիբերռեալիստական ոճով արված իր դիմանկարները, որոնք սովետական տարիներին նույնպես շատ հայտնի ու ճանաչված էին, բայց այս ցուցահանդեսի շնորհիվ, կարծում եմ՝ հանդիսատեսը կկարողանա բացահայտել այն ստեղծագործական փնտրտուքները, որոնց միջոցով անցել է Ռուդոլֆ Խաչատրյանը:
Դրանք շատ իրական և հետաքրքիր են՝ տեսնել բազմատեսակ գունապնակով աշխատանքներ, որոնք ցույց են տալիս արվեստագետի մտածելակերպն ու նրա փնտրտուքները, հատկապես 60-ականներին, երբ ի հայտ է գալիս հայկական ավանգարդի ժառանգությունը՝ ի դեմս Երվանդ Քոչարի, ով շատ լուրջ ազդեցություն է ունեցել այս նկարչի ստեղծագործական կյանքում: Հայտնի է, որ Ռուդոլֆ Խաչատրյանը Երվանդ Քոչարին համարել է Մետր և ձևավորվել է անմիջականորեն նրա ազդեցությամբ: Իհարկե, այդ բավականին ծանրակշիռ ազդեցությունը չէր կարող ակնհայտ չլինել Ռուդոլֆ Խաչատրյանի աշխատանքներում, նույնիսկ գծանկարներում:
Ռուդոլֆ Խաչատրյանի «Բազմաչափ» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի այս տարվա անդրանիկ ցուցադրությունն է: Ցուցահանդեսին ներկայացված է արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ուղին՝ սկսած 1950-ից մինչև 2000-ական թվականները: Ցուցադրությունը կազմակերպվել է Մշակույթի նախարարության անմիջական մասնակցությամբ և նվիրված է Վարպեստի 80-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսին ներկայացված են աշխատանքներ ոչ միայն մասնավոր հավաքածուներից, այլ նաև Ազգային Պատկերասրահից և Ժամանակակից արվեստի թանգարանից:
Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի մարտի 24-ից մինչև հունիսի 4-ը: Մուտքն ազատ է: