Իրանական տուրիզմ. Հայաստանը գնալով ավելի շատ է ձգում մեր հարևաններին

Շաբաթվա սկզբից մայրաքաղաքում միանգամից նկատվեց իրանցի զբոսաշրջիկների առատությունը։ Նրանց Հայաստան է բերել Նովրուզ-Բայրամ տոնը՝ իրանցիների ամանորը, որը սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։

Այս կարճատև ակտիվության պատճառն այն է, որ Իրանում կրոնով պայմանավորված արգելքները շատ են, իսկ Հայաստանում նման արգելքներ չկան, և իրանցիները կարող են իրենց ուզած ձևով զվարճանալ։ Հայաստանում այդ օրերին իրանցիներին կարելի է հանդիպել ամենուր, թանգարաններից սկսած՝ մինչև գիշերային ակումբներ։ Իհարկե, Եվրոպան այդ առումով, թերևս, ավելի նախընտրելի կլիներ, սակայն Հայաստանը մոտ է, և իրանցիների մի զգալի մասը գալիս է իր սեփական մեքենայով։

Այս տարի Հայաստանը զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսք է սպասում Իրանից։ Թեպետ նախորդ տարի նույնպես ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել՝ տարվա կտրվածքով։

Այսպես, 2016 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածության կառուցվածքում իրանցիների կշիռը կազմել է 17%, և այդ առումով զիջում է միայն Ռուսաստանին (21.7%): Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը 10% էր։ Այսինքն, Իրանն այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ՝ շրջանցելու Ռուսաստանին։

Իրանցիների ներհոսքը վերջին 15 տարիներին ցիկլային բնույթ է ունեցել։ Նրանց հոսքը 2000-ականներից մինչև 2011 թվականն աճել է և գերազանցել տարեկան 100 հազարը, որից հետո՝ 2012-2013թթ., նվազել է տարեկան միջինը մինչև 80-90 հազար մարդ։ Իրանական տուրիստական ներհոսքի դանդաղումը (ոչ միայն՝ դեպի Հայաստան, այլև՝ մնացած ուղղություններով նույնպես) հիմնականում պայմանավորված էր Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներով։

Աճի երկրորդ փուլը սկսվել է 2014 թվականից. 2014-ին Հայաստանն ընդունել է մոտ 110 հազար իրանցի զբոսաշրջիկներ, 2015-ին՝ ավելի քան 140 հազար, 2016 թվականին՝ մոտ 180 հազար։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված իրանցի զբոսաշրջիկների աճը վերջին տարիներին։ Ըստ տուրօպերատորների՝ կան մի քանի պատճառներ, որոնցից մեկը կապված է Թուրքիայի հետ։ Նախկինում իրանական տուրիստական ներհոսքը դեպի Թուրքիա բավականին մեծ էր՝ տարեկան մինչև 2 մլն զբոսաշրջիկ։ Սակայն թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը՝ մի կողմից, և Թուրքայում հաճախակի դարձած ահաբեկչությունները՝ մյուս կողմից, սկսել են անհանգստացնել իրանցի զբոսաշրջիկներին։ Նրանց մի մասը Թուրքիան փոխարինել է Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով, քանի որ գերադասում են մոտ գտնվող և անվտանգ երկիր։

Բնական է, որ Վրաստանը Հայաստանի համար մրցակից է՝ իրանցի զբոսաշրջիկներին ներգրավելու առումով։ Վրաստանի գլխավոր առավելությունը Հայաստանի նկատմամբ ծովն է, սակայն Հայաստանն այլ առավելություններ ունի. նախ՝ ավելի մոտ է, և երկրորդ՝ պարսկալեզու սերվիսը Հայաստանում ավելի լավ է զարգացած, իրանցիներն այս առումով ավելի հարմարավետ են զգում իրենց:

Կոնկրետ 2016 թվականի ընթացքում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճի հարցում դեր է խաղացել ևս 2 գործոն։ Նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, որն այդ երկրին թույլ տվեց լրացուցիչ ֆինանսական հոսքեր ստանալ (արտարժույթով)։

Իսկ երկրորդ գործոնն այն է, որ 2016 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը (համապատասխան հուշագիրը ստորագրվել էր հունիսի 5-ին)։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Իրանի քաղաքացիներն ազատվում են այցելության վիզաներից, եթե 180-օրյա ժամկետում հարևան երկրում գտնվում են ոչ ավելի, քան 90 օր:

Իհարկե, այս գործոնների ամբողջական ազդեցության մասին դեռ վաղ է խոսել, սակայն դրանք միանշանակ նպաստում են իրանցիների ներհոսքի աճին։

Կան նաև խանգարող հանգամանքներ։ Օրինակ, իրանցիները պատժամիջոցների պատճառով դեռևս չեն կարողանում Visa և Mastercard քարտերի օգնությամբ առցանց հյուրանոցներ ամրագրել Հայաստանում։ Այս խնդրի մասին դեռ 2016-ի սկզբին բարձրաձայնել էր հյուրանոցների ամրագրմամբ զբաղվող  armhotels.am կայքի տնօրեն Աշոտ Նազարյանը։

Այդ խնդիրը դեռ առկա է, սակայն հնարավոր է, որ առաջիկա ամիսներին լուծվի։ Իրանցիները դժգոհում են նաև, որ հայաստանյան բանկերը հրաժարվում են Իրանի քաղաքացիների համար հաշիվներ բացել՝ խուսափելով խնդիրներից։ Ներկայումս Հայաստանում գտնվող իրանցիներին սպասարկում է միայն իրանական կապիտալով աշխատող «Մելլաթ» բանկը։

Այլ դժգոհություններ էլ կան՝ ենթակառուցվածքների հետ կապված։ Սեփական մեքենաներով Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկները դժգոհում են Հայաստանի  ճանապարհների որակից և ճանապարհային նշաններից/ցուցանակներից։ Դրանք հարմարեցված չեն օտարերկրացու համար, և դժվար է կողմնորոշվելը (Վրաստանում այդ առումով իրավիճակը շատ ավելի լավ է)։

Հանուն արդարության՝ նշենք, որ այդ խնդիրները կարծես սկսում են լուծվել։ Խոսքը ոչ թե ճանապարհների որակի մասին է (դա լուրջ և ծախսատար խնդիր է), այլ տեղեկատվության հասանելիության։ Մասնավորապես, Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պատրաստվել են պարսկերեն լեզվով տեղեկատվական կետերի (տեղեկատուների) հասանելիության ապահովմանը (ամսագրեր, տեղեկատվական բաներներ և այլն): Սակայն այս առումով դեռ շատ անելիքներ կան։

Իսկ առանց սեփական մեքենայի այցելող իրանցիներին մտահոգում է տաքսիստների վերաբերմունքը, որոնք առիթից օգտվելով՝ նույն հեռավորությունն անցնելու համար կարող են մի քանի անգամ  մեծ գումար պահանջել։

Թվում է՝ մանրուքներ են։ Սակայն, ինչպես ասում են՝ ամենակարևոր բաները թաքնված են մանրուքների մեջ։ Սա նշանակում է, որ իրանական տուրիզմը Հայաստանի համար չիրագործված մեծ պոտենցիալ ունի, սակայն դրա համար աշխատանք է պետք տանել։

Տեսանյութեր

Լրահոս