ՀՀ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ ընտրություններում էլեկտրոնային քվեարկության կարգն ու ժամկետները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում էլեկտրոնային քվեարկության կարգը: Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 877 անձ, որոնց ցանկը հրապարակված է հանձնաժողովի համացանցային կայքում:
«Գիտեք, որ էլեկտրոնային քվեարկությունն ավելի վաղ է մեկնարկելու, ուստի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հաստատի էլեկտրոնային քվեարկության կարգն ու ժամկետները: Այսպիսով, ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի մարտի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի մարտի 26-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին»,- ասաց Մուկուչյանը` հավելելով, որ էլեկտրոնային քվեաթերթիկի նմուշը կտեղադրվի ԿԸՀ համացանցային կայքում:
Մուկուչյանը նաև հայտնեց, որ էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն Հայաստանում քվեարկության ավարտից հետո: