Ինչու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախաստորագրվեց՝ առանց հատուկ արարողակարգի և աղմուկի

«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում ասոցիացում Եվրոպական միության հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի նախաստորագրմանը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Հայաստանն ու Եվրամիությունը Երևանում նախաստորագրեցին համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին Բրյուսելում հայտարարել էին ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

«Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական և տնտեսական շահերը, որոնք մենք կիսում ենք, և այն մարտահրավերները, որոնք մենք ցանկանում ենք միասին հաղթահարել: Մենք ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, առևտրի և ներդրումային նոր հնարավորությունների և ավելի ընդլայնված շարժունակության համար՝ ի շահ մեր քաղաքացիների»,- ընդգծել էր Տուսկը:

Ուշագրավն այն է, որ երեք տարի առաջ բանակցված ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման արարողությանը կողմերը պատրաստվում էին բավականին երկար ժամանակ, այն պետք է տեղի ունենար ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովի շրջանակում, ավելին, համաձայնագիրը պետք է նախաստորագրվեր ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ նախագահի կողմից։ Ասոցացման համաձայնագրի տապալումից հետո սպասվող համաձայնագրի նախաստորագրման արարողությունը նույնիսկ անակնկալ էր փորձագիտական և լրագրողական համայնքի համար։

Մասնավորապես, հարցին, թե ինչո՞ւ համաձայնագիրը նախաստորագրվեց այսքան անսպասելի ու առանց հատուկ արարողակարգի, ինչո՞ւ Հայաստանում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ, փորձագետը պատասխանեց, որ պետք է հաշվի առնել, որ սա նախաստորագրման արարողություն էր, որին կհաջորդի շատ ավելի նշանակալի ու պատրաստված ստորագրման արարողությունը։ Ըստ նրա՝ հատկապես Վիլնյուսյան գագաթաժողովից հետո համարյա թե բոլոր նախաստորագրման և ստորագրման արարողություններն անցկացվել են ոչ այնքան նշանակալի արարողակարգի պայմաններում։

«Տարօրինակ գուցե հնչի, բայց սա հոգեբանական պատճառներ ունի։ ԵՄ-ն մեծ եռանդով էր պատրաստվել Վիլնյուսում Արևելյան գործընկերության չորս երկրների հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրմանը, դրա մասին խոսվում էր ամիսներ շարունակ, սակայն Վիլնյուսի շեմին երկու երկրների առումով անակնկալ տեղի ունեցավ, ինչը հարված էր Եվրոպական Միության համար, ավելի մեծ հարված էր ուկրաինական պատերազմը, որից հետո ԵՄ-ն, ըստ էության, չի ցանկանում մեծ կարևորություն տալ այս համաձայնագրերի ստորագրմանը։ Վերջին պատճառն էլ այն է, որ, ի վերջո, Հայաստանը չի ասոցիացվում Եվրոպական Միությանը, Հայաստանը ստորագրում է համաձայնագիր, որով թարմացվում են Հայաստան-ԵՄ համագործակցության ոլորտները, շրջանակը, խորությունը, ուստի առանձնահատուկ նախաստորագրման արարողություն այս միջոցառումը չէր պահանջում»,- ասաց Մաքֆարլեյնը։

Նրա համոզմամբ՝ ստորագրումը, որը նախատեսվում է ամիսներ անց, կանցնի շատ ավելի նշանակալի մթնոլորտում։ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ ԵՄ-ն համաձայնագրեր չի ստորագրում ընտրությունների շեմին։ Բայց, նրա նկատառումներով, սա ստորագրում չէր, այլ՝ նախաստորագրում, որով պարզապես ամրագրվեց, որ համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտված են։

«Մինչ ստորագրումն այդ տեքստը մի շարք ընթացակարգեր պետք է անցնի, գուցե՝ որոշ փոփոխություններ։ Պարզապես հաշվի առնելով անցյալի փորձը, երբ համաձայնագրերի նախաստորագրումը, ստորագրումը ձգձգելը ճակատագրական էր դառնում, որոշում է կայացվել՝ հարմար առիթի դեպքում նախաստորագրել և ամրագրել ձեռք բերվածը»,- պարզաբանեց քաղաքագետը։

Խոսելով նախաստորագրված համաձայնագրի բովանդակությունից՝ եվրոպացի վերլուծաբանն ասաց, որ սա միանշանակ ասոցիացում չէ, քանի որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Հայաստանը չի կարող ասոցիացվել եվրոպական արժեհամակարգին լիովին։ Բայց համաձայնագիրը, նրա խոսքով, բավականին լուրջ աշխատանք է պահանջում հայկական կողմից՝ եվրոպական չափանիշերին սերտանալու տեսանկյունից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագրի գլխավոր մասը քաղաքական համագործակցության մասին է, Հայաստանից այնուամենայնիվ պահանջվում են բարեփոխումներ մի շարք ոլորտներում, կառավարման համակարգում արատավոր երևույթների վերացում, հատուկ դերակատարություն քաղաքացիական հասարակության համար, կայուն արդարադատական համակարգ, օրենքի գերակայություն, և այլն, և այլն։ Տնտեսական ոլորտի համագործակցությունը շատ ավելի սահմանափակ է, իմ ենթադրություններով՝ կողմերն այս ոլորտում կարող են համագործակցել այն անցքերի սահմաններում, որոնք ԵՏՄ-ն է թողել, թե որքան և ինչ բնույթի են այդ անցքերը՝ ես չեմ կարող ասել։ Հստակ կարող ենք ասել, որ սա ասոցիացում չէ, քանի որ ասոցիացումն ինտեգրացիոն վեկտորի մասին է, արտաքին քաղաքական կողմնորոշման, իսկ Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը»,- նման տեսակետ հայտնեց անգլիացի փորձագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս