«Հավանաբար ջահել երեխաների վճարել են, որոնք չգիտեն՝ ով ով է, ում տունն է, մատները ցուցակին դրած՝ զանգում են». Արամ Սարգսյանին զանգել են՝ ցուցակագրելու

«Այն գործունեությունը, ինչը ծավալեցինք երեքով միասին, տարբեր առումներով արդարացրեց իրեն, որովհետև այդ փուլում մենք պետք է ծանոթացնեինք մարդկանց, որ «Ելք» դաշինք կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով քարոզարշավից ունեցած իր տպավորությունների մասին:

Նա նշեց, որ Սյունիքի մարզում վախի մթնոլորտ է տիրում: Նրա  խոսքով՝ այնտեղ սյունեցիները ներկայիս մարզպետից ավելի դժգոհ էին, քան Սուրիկ Խաչատրյանից.

«Սա այն դեպքն է, որ մարդիկ համարում էին, որ նախկին մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, անհամեմատ ավելի լավն էր, քան նա, որովհետև այս մարզպետն ինքն իրենով փորձում է ներկայացնել թե՛ մարզպետարանը, թե՛ Ոստիկանությունը, թե՛ Քաջարանի կոմբինատը. այս առումով լուրջ վախի մթնոլորտ կար: Իհարկե, այդ վախի մթնոլորտը չկար Ղափանում և Մեղրիում, բայց դա ակնհայտ էր Քաջարանում, այնտեղ, որ մենք երթ արեցինք, մեզ խոստովանեցին, որ վերջին 20 տարում այնտեղ որևէ մեկը երթ չի արել ու բան չի խոսել: Այնտեղ օգտվում են նաև որոշակի քրեական տարրերից, որոնք պտտվում էին անընդհատ՝ ժողովրդին վախեցնելով: Մարդիկ անգամ մոտենում էին, ասում էին՝ «դուք էլ զգույշ եղեք», կամ՝ «մեզ մի նկարեք, որովհետև դուք նկարում-գնում եք, հետո չգիտեք՝ մեզ ինչ են անում»: Ամբողջությամբ գետտո էր այդ տարածքը, կարծես ՀՀ-ի մաս չլիներ, այլ ինչ-որ մեկը եկել է այնտեղ՝ հին սիցիլիական սովորությունով դրել է, ու շշուկով են խոսում: Երբ երեկ եկանք Արմավիրի մարզ, կարծես ձուկը ջրում լինեինք, կարծես` թշնամու թիկունքում»:

Ա. Սարգսյանի կարծիքով՝ Սյունիքում մարդիկ հիմնականում հաղթահարել են այդ վախը, որը, նրա խոսքով, դրել է իշխանությունը. «Դրան հակադարձելու են՝ իշխանությանը դեմ քվեարկելով: Կարծում եմ՝ այնտեղից մենք կարող ենք լուրջ քվե ունենալ: Նա մեր այցելություններով, հանրահավաքների վերջին ակորդներով՝ համոզված եմ՝ այդ երրորդ տեղը, որ փորձում են ամրագրել մեզ, դա այդքան էլ այդպես չէ, որովհետև մենք առաջին դաշինքն ենք, մենք ընդդիմադիր դաշինք ենք՝ ձևավորված 3 ընդդիմադիր կուսակցությունների կողմից, և մենք ուզում ենք առաջինը լինել, ու դրա հնարավորությունն ունենք»:

Կարդացեք նաև

– Ինչո՞վ եք բացատրում Ձեր դաշինքի պաստառները պոկելու, դաշինքի անդամներից մեկի շտաբի պատուհանը կոտրելու փաստերը:

– Հիմնականում այն մրցակցությունը, որը կա քաղաքական դաշտում, տեսնում եմ, որ  դաշինքին ավելացնում է իր պոտենցիալը, տեսնում եմ, որ հանդիպումների ժամանակ մեզ մոտեցողները, մեզ քվե խոստացողները շատ են, իրենց բոլորի համար էլ անսպասելի էր, որ «Ելքն» այսպիսի ճանաչում կունենա, որ մարդիկ տներում էլ իրար հետ խոսելուց` վանկարկում են՝ «ելք կա, ելք կա»: Այս մոգական ազդեցության դեմն առնելու փոխարեն` փորձում են «Ելքի» պաստառները ճղել կամ որոշակի խոչընդոտներ ստեղծել տարբեր տեղերում հանդիպումների համար, ինչը, իմ կարծիքով, իրենց մոտ չի ստացվում, որովհետև նույնիսկ այդ քայլերն ավելացնում են մեր դաշինքի քանակը, այսինքն՝ եթե մեր դեմ պայքարում են, մրցակցում են, ավելացնում են այն մարդկանց  թիվը, ովքեր ուզում են աջակցել մեզ, ովքեր կանգնում են մեր կողքին:

– Ընտրակաշառքների բաժանման հետ կապված ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Ակնհայտ է, որ այս ընտրություններում ինչ խախտումներ որ արվելու են՝ արվելու են դրսում, և մենք համոզված ենք, որ ներսում նախկինի նման խախտումներ անելու հնարավորությունը շատ քիչ է, և իշխանությունն էլ տեսականորեն Ընտրական օրենսգիրքը փոխելով` մտածել է, որ ներսում զրոյական խախտում պետք է լինի, որ աշխարհը գա՝ նայի, ասի՝ արդար, ազնիվ ընտրություններ են: Դրա համար նաև փոքրացել է այդ ներսում խախտումներ անելու հնարավորությունը, և դա էլ այն ելքերից մեկն է, որ մենք հանրությանն ասում ենք:

Իսկ փող բաժանելու առումով, դժբախտաբար, ընդդիմության, մասնավորապես` «Ելք» դաշինքի, միակ հնարավորությունը պրոպագանդան է, ագիտացիան է, հանրությանը բացատրելն է, այլ մեխանիզմներ մենք չունենք, դրա դեմ պետք է պայքարի Ոստիկանությունը, Դատախազությունը, պետք է պայքարի երկրի իշխանությունը, վարչապետը, որն ասում է, որ ամենակարևորն է արդարությունը, ընտրությունների նկատմամբ հավատը, որովհետև իրենց ձեռքում են այդ օղակները:

Ցանկացած ոստիկան գիտի՝ տվյալ տարածքում ով է հավաքագրում, ով է ցուցակներ գրում, որ փողեր տա, բայց իրենք ոչինչ չեն անում, որովհետև իրենց հույսը հենց այդ փող բաժանելով քվե վերցնելն է: Եթե գործող իշխանությունը փող չբաժանի, ինքը ոչ միայն առաջին տեղը չի լինի, ինքն ամենավերջին կամ նախավերջին տեղի համար պետք է պայքարի:

– Նկատի ունենք՝ նոր ընտրակաշառքների բաժանման հետ կապված տեղեկություններ չունե՞ք:

– Շատ տեղեկություններ ունենք, որ ցուցակագրում են, խնդիրը նրանումն է, որ այդ ցուցակագրողներն անգամ մեր տներ են զանգում, այսինքն՝ հեռախոսի գիրքը դրած՝ չեն էլ խորանում, հավանաբար ջահել երեխաների  վճարել են, որոնք չգիտեն՝ ով ով է, ում տունն է, մատները ցուցակին դրած՝ զանգում են:

Ձե՞զ էլ են զանգել:

– Այո, զանգել են, զրուցել ենք:

Այդ ամեն ինչը միայն ՀՀԿ-ի՞ կողմից է իրականացվում:

– Բացարձակապես՝ ոչ, իհարկե՝ ոչ: Ակնհայտ է, որ քաղաքական դաշտում կան կուսակցություններ, որոնց հիմնական գործոնը փողն է, փող ունենալը, որովհետև այդ մարդկանց գաղափարների, գաղափարական ունակությունների, ասած տեսակետների և այլնի առումով` որևէ մեկն առանձնապես լուրջ սպասելիք չունի, առավել ևս, որ այդ կուսակցություններն անվանափոխություններ են անում, իրենց դաշինք են անվանում, բայց մնում են հին կազմի մեջ, որ այդ ուժերը նախկին ընտրություններում էլ են փող բաժանել, ու դա իրենց խորթ չէ:

Այսինքն՝ այս երկրում ժամանակին քաղաքական դաշտը վերածեցին հետևյալ բանի, որ ով շատ փող ունի, նա առաջին տեղ է, նրանից հետո քիչ ունեցողը՝ երկրորդ տեղ է, ու փորձում են այդ սկզզբունքով շարունակել, իսկ փող ունեցող մարդը խոցելի մարդ է, այս երկրում անհնարին է լուրջ բիզնես ունենալ ու իշխանության ազդեցության տակ չլինել, միանշանակ, հենց առաջին իսկ դեպքից կբամփեն, ու ստիպված ես լինելու լռել ու հետ  քաշվել: Իսկ եթե չեն բամփում այս էտապում, ուրեմն՝ ձեռնտու է, որ քվե տանեն մեզնից, մեր քվեն գողանան, սրանում է խնդիրը:

– Ո՞ր ուժերին նկատի ունեք:

– Ինձ համար դրանք բոլորը Հանրապետական և հանրապետականամերձ ուժեր են, ովքեր 2008 թվականի մարտի 1-ից հետո Հանրապետականի հետ շամպայն խմեցին ու համարեցին, որ 10 մարդ սպանելով՝ կարելի է իշխանություն պահել, ձեռի հետ էլ մի քանի նախարարի պորտֆել վերցնել:

– Նկատի ունեք՝ ԲՀԿ-ին, «Հայկական Վերածնունդին» և ՀՅԴ-ի՞ն:

– Այո, այդ երեքին: Ակնհայտ է, չէ՞՝ այդ մարդիկ են կոալիցիա կազմել: Դաշնակցականներն այսօր էլ չեն թաքցնում, որ իրենք «լայթ հանրապետական» են:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս