Ուժեղները՝ ընդդեմ ուժեղների. Ի՞նչ սպասել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչից
Օրերս տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, ինչից հետո ձևավորվեց 4 զույգ՝
«Ատլետիկո Մադրիդ»-«Լեսթեր»
«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո»
«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ»
«Յուվենթուս»-«Բարսելոնա»
Վիճակահանությունից առաջ օդում պտտվում էր կարծիք, որ ճակատագրի բերումով կկազմվեն զույգեր, որտեղ «Բարսելոնան», «Բավարիան» և «Ռեալ Մադրիդը» կմրցեն «Ատլետիկո Մադրիդի», «Լեսթերի», «Բորուսիա Դորտմունդի» կամ «Մոնակոյի» հետ:
Վիճակահանությունից առաջ օդում պտտվում էր կարծիք, որ ճակատագրի բերումով ուժեղները կմրցեն թույլերի դեմ, ինչպես հաճախ է լինում: Սակայն այս անգամ կողմնակալ վիճակահանության մասին անգամ մտածել չի կարելի՝ ուժեղները կմրցեն ուժեղների դեմ:
«Ատլետիկո Մադրիդ»-«Լեսթեր»
Բոլոր մասնակիցներից Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» համարվում էր ամենահարմար մրցակիցը: Տպավորություն է, որ «Ատլետիկոյի» բախտը բերեց: Ասել, որ մադրիդցիները առանց խնդրի կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, սխալ կլինի, սակայն փաստ է, որ մադրիդյան ակումբը կլինի դիմակայության ֆավորիտը:
Այս տարի Սիմեոնեի սաները ցույց չեն տալիս իրենց բնորոշ ֆուտբոլը: Սիմեոնեի հիմնական զենքը՝ պաշտպանությունը, այս տարի չի արդարացնում իրեն: Եթե նախորդ մրցաշրջանում մադրիդյան ակումբը բաց էր թողել 18 գնդակ, ապա այս մրցաշրջանում գնդակների թիվն արդեն 23 է:
«Լեսթերը» դեռ շարունակում է հանելուկ մնալ մրցակիցների համար: Կարող ենք ասել, որ մադրիդցիների հետ խաղում նրանք կգործեն երկրորդ համարով, սակայն դժվար է ասել, թե ինչ ենք սպասում այս ակումբից: Բացի Չեմպիոնների լիգայից անգլիական ակումբը դեռ մի քանի խնդիր ունի լուծելու՝ վերգտնել իր խաղը Ռանիերիի հեռանալուց հետո, ինչպես նաև պահպանել տեղը Պրեմիեր լիգայում:
«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո»
1/4 եզրափակչի ամենաանկանխատեսելի զույգը: Երկու թիմերից էլ կարելի է սպասել հարձակվողական խաղ՝ լի սուր գրոհներով: Այն փաստը, որ առաջին խաղը անցկացվելու է «Սիգնալ Իդունա Պարկում», ֆրանսիական ակումբի համար կարող է որոշիչ լինել:
Քիչ հավանական է, որ առաջին խաղում դորտմունդցիները կհաղթեն չոր հաշվով: Նույնը կարելի է ասել նաև պատասխան խաղի մասին:
Դորտմունդիցների գոլերի առատությունը մեծապես կախված է Օբամեյանգի լավ մարզավիճակից, իսկ գաբոնցին վերջին շրջանում իրոք լավ մարզավիճակում է: Հարձակման գծում դորտմունդցիները այլ ընդգծված ֆուտբոլիստ այս պահին չունեն, ինչը չի կարելի ասել ֆրանսիական ակումբի մասին, քանի որ նրանք կարող են հույսը դնել Ֆալկաոյի և Մբապեի վրա:
Հույս ունենանք, որ այս թիմերը կարդարացնեն մեր հույսերը և մենք այս մրցաշրջանում ևս մեկ անգամ ականատես կլինենք ֆուտբոլային ներկայացման:
«Բավարիա»-«Ռեալ Մադրիդ»
Չեմպիոնների լիգայում արդեն դասական դիմակայություն, որը նաև ամենասպասված խաղն է: Այս դիմակայությունում մի փոքր առավելություն ունի «Բավարիան», քանի որ թիմը հրաշալի է խաղում, շատ է խփում և շատ քիչ է բաց թողնում: Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլեր հեղինակող ֆուտբոլիստներից է, Դուգլաս Կոստան լավն է, ինչպես երբևէ, իսկ եթե Ռոբենը վնասվածք չունենա, Մարսելոն ստիպված կլինի մոռանալ հարձակման մասին: Մաթս Հումմելսի պաշտպանական գիծը գրեթե երբեք չի սխալվում, իսկ դե Նոյերը՝ Նոյերն է. այստեղ մեկնաբանությունները ավելորդ են: Կառլո Անչելոտին այս համակարգի գլխավերևում իսկական փորձություն է Զինեդին Զիդանի համար:
Այս դիմակայության ընթացքում աշակերտը ցույց կտա ուսուցչին, թե ինչ է սովորել նրանից՝ մադրիդցիների գլխավոր մարզիչը լինելու ժամանակ: Զիդանը դեռ երկու խաղով չէր հանդիպել նման թոփ-մրցակցի, այնպես որ, եթե նա ցանկանում է անցնել հաջորդ փուլ, պետք է ինչ-որ նոր բան մտածի: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել պաշտպանության աջ թևին, քանի որ եթե Բեյլը չօգնի պաշտպաններին, ապա Ռիբերիի կամ Կոստայի գրոհներին Պեպեն կամ Վարանը դժվար թե կարողանան դիմակայել ամբողջ խաղի ընթացքում: Դանի Կարվախալը, ամենայն հավանականությամբ, կփակի Ալաբային և չի կարողանա օգնել կենտրոնական պաշտպաններին: Վիդալի ներկայությունը գործողությունների ազատություն չի տա Մոդրիչին և Կրոսին: Բայց, չնայած այս հարցերին, պետք չէ մտածել, որ մադրիդցիները չեն կարողանա դիմակայել մյունխենցիներին, քանի որ սա թիմ է, որտեղ խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոնալդուն, Բենզեման և անկասելի Ռամոսը: Եվ, վերջիվերջո, սա արքայական ակումբն է:
Մյունխենցիները, ամենայն հավանականությամբ, երկու խաղում էլ գոլ կխփեն: Այս մասին խոսում է վիճակագրությունը, խաղը պաշտպանությունում և Նավասի անվստահությունը վերջին խաղերում: Կարելի է ասել, որ եթե մադրիդցիները Մյունխենից առանց գոլի հեռանան, ապա այս տարի Չեմպիոնների լիգայի գավաթը կրկին նոր տեր կունենա:
Այս ֆանտաստիկ խաղի արդյունքը՝ անկախ առաջին խաղից, պարզ կլինի միայն մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, Ռամոսը երաշխավորում է:
«Յուվենթուս»-«Բարսելոնա»
«Յուվենթուսը» հրաշալի հնարավորություն ունի վրեժ լուծել «Բարսելոնայից» 2015 թվականի ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվելու համար: Ինչքան էլ վրեժի ցանկությունը մեծ լինի՝ այս խաղում ֆավորիտը կատալոնացիներն են: Սրա պատճառը Չեմպիոնների լիգայում մնալու այն կամքն ու ցանկությունն է, որը մենք տեսանք ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպումում: Կապտանռնագույնները մարզավիճակին են հավաքում և ապրիլին պետք է որ լինեն իրենց ամենալավ մարզավիճակում՝ հաշվի առնելով ապրիլի 23-ին կայանալիք Էլ Կլասիկոն:
Թուրինյան ակումբը կարող է հաղթանակի հույս ունենալ կատալոնացիների հետ խաղում: Սրա պատճառը թուրինյան ակումբի լավ խաղն է պաշտպանությունում, թոփային հարձակման գիծը և իհարկե Ջիջի Բուֆոնը: Իգուաինը լավ մարզավիճակում է և չի կորցրել գայլային հոտառությունը, չնայած այն բանին, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում խփել է ընդամենը 3 գոլ: Պաուլո Դիաբալան ծաղկում է և ունի այնպիսի պոտենցիալ, որ կարող է դառնալ Մեսսիից և Ռոնալդուից ոչ պակաս աստղ:
Հաշվի առնելով կատալոնական ակումբի խնդիրները պաշտպանությունում՝ թուրինցիները պետք է հաղթեն առաջին խաղում և այն էլ չոր հաշվով: Այնուհետև «Յուվենթուսի» ֆուտբոլիստները պետք է դիտեն «Բարսելոնա»-«Ինտեր» կամ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը, կամ օգնության կանչեն Մոուրինիոյին, որպեսզի հասկանան, թե ինչպես է պետք խաղալ կատալոնցիների հետ պատասխան խաղում:
Այս խաղում շատ բան կախված կլինի թիմերի տրամադրվածությունից և հոգեբանական պատրաստությունից: Էնրիկեն պետք է մոտիվացնի ֆուտբոլիստներին և արթնացի Մեսսիին: Եթե սա տեղի ունենա, ապա MSN եռյակը, Ինիեստան և Բուսկետսը բավական են, որպեսզի կատալոնացիները լինեն կիսաեզրափակչում:
Սա այնպիսի դիմակայություն է, որտեղ պատասխան խաղին պետք է պատրաստվել առաջինի նման՝ անկախ առաջին խաղի արդյունքից: Չպետք է մոռանալ, որ տեսակրկնությունները դեռ չեն կիրառվում, իսկ մրցավարները չեն դադարել մարդ լինել:
Սիրարփի Աղաբաբյան