Հրայր Թովմասյանը՝ Արթուր Սարգսյանի մահվան և Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջի մասին

«Զերծ կմնայի գնահատականներից»,- ընտրություններին մասնակցող կուսակցությունների սոցիալ-քաղաքականությանն ու մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթներին նվիրված, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քարոզարշավ բոլորի համար» միջոցառումների շարքի հերթական հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ անդամ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով  Արթուր Սարգսյանի ողբերգական մահվան իրավական ասպեկտին։

Միանալով ցավակցություններին՝ Թովմասյանն ասաց, որ ճիշտ կլիներ զերծ մնալ գնահատականներից, որոնք տրվում են այսօր, որովհետև ողբերգության շատուշատ հանգամանքներ պարզ չեն։ Ավելին, նրա խոսքով, պարզ չէ Արթուր Սարգսյանի կալանքի և մահվան պատճառահետևանքային կապը։

«Հասկանում եմ, որ լավ առիթ է իշխանություններին քննադատելու համար, բայց բոլորդ մի քանի ամիս առաջ ականատես եղաք, որ ԱՄՆ-ում սևամորթ տղային, որ հեռախոսն էր հանում, ինչպես կրակեցին, բայց ոչ ոք ամերիկյան իշխանությանը «գիշատիչ» չանվանեց, փողոց դուրս եկողները պահանջում էին մեղավորներին պատժել։ Ընդամենը մեկ ամիս առաջ եվրոպական զարգացած երկրներից մեկի մեկուսարանում հայ մարդ մահացավ, և ոչ ոք չի պատժվում, ոչ ոքի չեն անվանում «գիշատիչ», այլ պահանջում են մեղավորներին պատժել։ Այս տեսանկյունից եթե նայենք, շատուշատ խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն։

Այն, որ մենք ունենք մի շարք խնդիրներ այդ ոլորտում, ակնհայտ է։ Առաջինը՝ խափանման միջոցի հետ կապված վիճակագրությունն այնքան էլ շահեկան չէ ՀՀ-ի համար, մեծամասնությամբ որպես խափաանման միջոց է կիրառվում կալանքը, բայց սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մեր օրենսդրության մեջ, բացի կալանքից, մյուս խափանման միջոցներն անհրաժեշտ չէին հետապնդվող նպատակի համար։ Սա է պատճառը, որ ներդրվում է Պրոբացիոն ծառայությունը, որը կոչված է լուծելու այս խնդիրները։ Երկրորդ խնդիրը քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման խնդիրն է»,- ասաց Հրայր Թովմասյանը։ Նա ասաց, որ անկախ՝ որ օղակում, եթե կան մեղավորներ, պետք է պատժվեն։

Կարդացեք նաև

Քննարկման վարող, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում հրաժարականների, մասնավորապես՝ ՀՀ Արդարադատության նախարարի հրաժարականի պահանջին, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ արդարադատության նախարարը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ որևէ առնչություն չունի։

«Պետք է դիտարկել՝ արդյո՞ք անձն ունեցել է այնպիսի հիվանդություն, որը բուժելու, հետևելու առումով՝ քրեակատարողական հիմնարկում չեն եղել բավարար մասնագետներ, բժիշկներ, պայմաններ, եթե չեն եղել, ինչո՞ւ որոշում չի եղել՝ անձի բուժումը կազմակերպել հիվանդանոցում։ Ես այս հարցի պատասխանները չունեմ, ես չգիտեմ դրանք, անգամ չգիտեմ պատճառահետևանքային կապը։ Եթե կլինեն այս բոլոր պատասխանները, պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները»,- պնդեց Հրայր Թովմասյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս