Դիլիջանի ուսումնական կենտրոնն ամրացվեց Պաշտպանության նախարարությանը

Դիլիջանի ուսումնական կենտրոնը, որն ամրացված էր Պետական եկամուտների կոմիտեին, իր շարժական և անշարժ գույքով ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այնտեղ գործունեություն է ծավալելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: «Այդ կենտրոնում հնարավորություն կլինի ձևավորել լավագույն ավագ դպրոցը, որտեղ իրականացվելու է ակադեմիական բարձր մակարդակի ծրագիր, ստեղծված են լինելու հանրակացարանային տեսակի լավ կենցաղային պայմաններ, կան մարզական լավագույն հնարավորությունները և այլն: Կարողանալու ենք վարժարանի լավագույն փորձը համադրել լավ պայմանների հետ: Ավագ դպրոցը շեշտը դնելու է զինվորական մասնագիտության վրա»,­- ասաց Պաշտպանության նախարարը:

Սարգսյանի խոսքով՝ նախատեսվում է ավագ դպրոցի շրջանավարտներին ուսումը շարունակելու համար ուղարկել լավագույն ռազմական ակադեմիաներ՝ ՌԴ, Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան և այլն:

«Փոքր Մհեր» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ավագ դպրոցի կրթական ծրագրերն իրականացնելու է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկը, որիկապակցությամբ նպատակահարմար է կրթահամալիրից տեղափոխված սաների և վարժարանի սաների հետ տարվող ռազմաուսումնական գործունեությունը կազմակերպել Դիլիջանի կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս