«Ադրբեջանի այդ վարվելակերպը խոշտանգման դասական դրսևորում է». Գևորգ Կոստանյան
Հայկական կողմը կարողացել է հասնել նրան, որ ԼՂՀ ներկայացուցիչն ամբողջությամբ ներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում, որտեղ քննարկվել են «Չիրագովը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը՝ ընդդեմ Ադրբեջանի» վճիռների հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ երկու վճիռներով էլ քննարկվում են փախստականների իրավունքների խախտումների փոխհատուցման, կամ այլ կերպ՝ վերականգնման հարցերը: Երկու գործերով էլ ՄԻԵԴ-ն արդեն վճիռներ է կայացրել, որոնք օրինական ուժի մեջ են մտել։
«Անցյալ տարվա հունվարից մենք հստակ քննարկումներ և բանակցություններ էինք վարում Նախարարների կոմիտեում, որ բացարձակ անհրաժեշտություն է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչն ուղիղ մասնակցություն ունենա այս հարցի քննարկմանը։ Մենք կարողացանք հասնել նրան, որ այս տարվա մարտին կայացած քննարկմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի խորհրդականը ներգրավվեց Հայաստանի պատվիրակության կազմում, և մենք մասնակցեցինք Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին։ Որքանով ինձ հայտնի է, դա առաջին դեպքն էր, երբ Եվրոպայի խորհրդի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության պաշտոնական միջոցառմանը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը։ Ընդ որում, Եվրոպայի խորհրդին պատվիրակության կազմն ուղարկելիս ֆորմալ գրության մեջ ևս նշվեցին պատվիրակության անդամների անունները՝ նշելով նաև պարոն Բաբայանի պաշտոնը (նկատի ունի Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանին)»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ նիստի ընթացքում, որպես պատվիրակության ղեկավար՝ ինքը ներկայացրել է մեր դիրքորոշումը, ապա ձայնը փոխանցել Հայաստանի պատվիրակության մյուս անդամին՝ ԼՂՀ ներկայացուցչին, ով ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը՝ հատուկ ընդգծելով, որ հայտնվելիք դիրքորոշումը քննարկվել է ԼՂՀ նախագահի և իշխանության մյուս թևերի հետ։
«Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչն ամբողջությամբ և սպառիչ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն այս հարցերի հետ կապված»,- ասաց Գևորգ Կոստանյանը։ Ըստ նրա՝ ֆորմալ տեսանկյունից Նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու իրավունք ունեն բացառապես ԵԽ անդամ երկրների ներկայացուցիչները, սակայն հայկական կողմը կարողացել է հասնել նրան, որ ԼՂՀ ներկայացուցիչն ամբողջությամբ ներկայացնի Ղարաբաղի դիրքորոշումը։
Ներկայացնելով ընթացակարգը՝ Գևորգ Կոստանյանն ասաց, որ որոշում է կայացվել, որ մինչև հաջորդ օրը պետք է առաջարկություններ ներկայացվեն, Նախարարների կոմիտեի քարտուղարությունը ներկայացել է որոշման նախագիծ և՛ Սարգսյանի, և՛ Չիրագովի գործով, իսկ հաջորդ օրն առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանի կողմից։
«Չիրագովի գործով Նախարարների կոմիտեի քարտուղարության նախագծում ընդամենը ֆիքսված էր, որ ՀՀ կառավարությանը կոչ են անում շարունակել քննարկումները քարտուղարության հետ հարցի լուծման կապակցությամբ, և այլն, առանց որևէ ժամկետ նշելու։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Ադրբեջանի Հանրապետության կողմից Չիրագովի գործով առաջարկություն էր ներկայացվել՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ցավում է, որ Հայաստանի կառավարությունը գործողությունների ծրագիր չներկայացրեց այս գործի կատարման կապակցությամբ, կոչ ենք անում, որ կառավարությունը Նախարարների կոմիտեին ներկայացնի գործողությունների ծրագիրը՝ ժամկետ սահմանելով մինչև այս տարվա հունիս ամիսը։ Ժամկետային սահմանափակում դնելու մասին առաջարկությունն Ադրբեջանը ներկայացրել էր նաև Սարգսյանի գործով՝ իրենց պատկերացմամբ՝ հավասարակշռություն պահպանելու նպատակով։ Մենք սկզբունքորեն դեմ էինք Ադրբեջանի դիրքորոշմանը։ Նախարարների կոմիտեում քննարկումներ սկսվեցին»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ դրանց ընթացքում ներկայացրել են դիրքորոշումը, դրա հիմնավորումները։
Գևորգ Կոստանյանն ասաց, որ Նախարարների կոմիտեի քվեարկությամբ Ադրբեջանի առաջարկությունները մերժվել են. կողմ էին միայն Ադրբեջանը և Թուրքիան. «Երբ դրանից հետո քվեարկության դրվեց որոշման նախագիծը, որը մեզ էր ձեռնտու, և որը մենք էինք առաջարկում, 35 պետություն կողմ քվեարկեց մեր առաջարկությանը, և միայն Ադրբեջանն էր դեմ։ Այսինքն՝ այս դեպքում Թուրքիան ևս ձեռնպահ մնաց։ Որոշում ընդունվեց՝ հօգուտ մեզ։ Միաժամանակ, շատ կարևոր իրադարձություն եղավ. երբ Սարգսյանի գործով հարցը ևս քվեարկության դրվեց, Ադրբեջանի ներկայացուցիչը (չգիտեմ՝ ինչ նկատառումներից ելնելով, գուցե պատահաբար կամ մոռացության արդյունքում) չհանեց իր առաջարկությունը Սարգսյանի գործով, և քվեարկության դրվեց Սարգսյանի գործով առաջարկությունը։ Բոլորը կողմ էին, այդ թվում և՝ մենք։ Նախարարների կոմիտեի քվեարկության արդյունքում Հայաստանի վրա ընդամենը պարտավորություն դրվեց՝ շարունակել քննարկումները Նախարարների կոմիտեի հետ, թե ինչպես կարելի է լուծել, ինչ առաջարկներով հանդես գա ՀՀ կառավարությունն Ադրբեջանի փախստականների հարցերի կարգավորման կապակցությամբ՝ առանց որևէ ժամկետային սահմանափակման, իսկ «Սարգսյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով նա հստակ պարտավորություն ներկայացրեց՝ միաժամանակ մինչև հունիս ժամկետային սահմանափակում դնելով Ադրբեջանի վրա»։
Ի՞նչ է նշանակում՝ գործողությունների ծրագիր ներկայացնել, և որն է Ադրբեջանի նպատակը
Գևորգ Կոստանյանն ասաց՝ Հայաստանի կառավարության հիմնական պնդումը հետևյալն է՝ մենք հարգում ենք ՄԻԵԴ վճիռը, թեև համաձայն չենք վճռի բովանդակության հետ, և ունենք առարկություններ և սկզբունքային դիտողություններ։ «Մենք անընդունելի ենք համարել և անընդունելի ենք համարում, որ այդ հարցը կամ որևէ հարց, որը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, պետք է քննարկվի՝ առանց Ղարաբաղի ներգրավման։ Երկրորդը՝ որևէ փախստականի վերադարձի կամ այլ կերպ փոխհատուցման մասին խոսելը հնարավոր է քննարկել բացառապես երեք միաժամանակյա պայմանների առկայության դեպքում՝ անվտանգության երաշխիքներ, առնվազն ֆիզիկական անվտանգության երաշխիքներ, վստահության մթնոլորտի ձևավորում, որի հիմնական դրսևորման ձևը կարող է լինել միջսահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։
Այս երեք ուղղությունների իրականացման պայմաններում միայն Հայաստանը պատրաստ է քննարկել փոխհատուցման հնարավորության հարցը։ Խնդրում եմ փաստել, որ Հայաստանն այս վճռի կատարման կապակցությամբ պարտավորություն չի ստանձնել, այլ Հայաստանը պարտավորություն է ստանձնել, որ պատրաստ է քննարկել վճռի կատարման հարցերն այս պայմանների առկայության դեպքում»,- ասաց Գևորգ Կոստանյանը։ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն ասաց, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել պարտավորություն ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից՝ թվարկված երեք պայմանների առկայության դեպքում, ընդ որում, այդ պայմանները հնչեցվել են նաև Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում։
Նախորդ տարվա նոյեմբեր ամսից սկսած՝ հանկարծ Ադրբեջանը սկսել է պնդել, որ հարցը շատ արագ օրակարգ մտնի. ակնկալիքն առնվազն հետևյալն էր. Եվրոպական դատարանի վճռի հիման վրա իրավունքի վերականգնման ամենակարևոր եղանակը, այսպես կոչված, «restitutio in integrum» սկզբունքի կիրառումն է՝ անձի իրավունքի վերականգնումը՝ մինչև դրա՝ խախտված լինելու հանգամանքը։ Նպատակն այն էր, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որ Ադրբեջանի փախստականները վերադառնան իրենց բնակության վայրեր։
Հարցին՝ արդյոք մարտի 7-9-ը տեղի ունեցածն այս գործերի մասով համարո՞ւմ է Հայաստանի հաղթանակն ու Ադրբեջանի պարտությունը, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այլ կերպ հնարավոր չէ դա բնութագրել, որովհետև իմ նկարագրած այս ամբողջ պրոցեսում չկա մի դրվագ, մի կետ, որը կարող ենք օբյեկտիվ դիտորդի տեսակետից անգամ քննարկել՝ որպես Հայաստանի պարտություն։ Ամենամեծ ջանք գործադրելու պայմաններում անգամ, իմ խորին համոզմամբ, նման հետևության չենք կարող հանգել»։ Հարցին՝ հնարավո՞ր է՝ Ադրբեջանի կողմից գործողությունների ծրագիրը ներկայացնելուց հետո դա նախադեպային դառնա մյուս փախստականների համար, Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ բնականաբար. «Այս վճռի պայմաններում, առավել ևս, երբ Ադրբեջանը ներկայացրեց դրա համակարգային լուծման եղանակները, խոսքը չի վերաբերելու միայն Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների վերականգնմանը։ Խոսքը վերաբերելու է բոլորին, ով առնվազն այդ կարգավիճակում է՝ ըստ Եվրոպական դատարանի ձևակերպման, և բոլոր այն անձանց, ովքեր Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կարգավիճակում են, պետք է վերաբերի Ադրբեջանի կողմից ներկայացված համակարգային լուծման եղանակը»։
Հարցին՝ արդյոք ապրիլյան պատերազմի արդյունքում զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հարազատների անունից ներկայացված գանգատները կարո՞ղ են ազդեցություն ունենալ ասյ գործերի վրա՝ հաշվի առնելով ադրբեջանական վայրագությունները, Գևորգ Կոստանյանը պատասխանեց՝ իհարկե։ «Ոչ միայն ապրիլյան պատերազմի հետ կապված։ Մի մոռացեք, որ մենք ունենք բազմաթիվ գործեր, որոնք ներկայացվել են մինչև ապրիլյան պատերազմը՝ գերեվարված տղաների մահվան կամ խոշտանգման փաստերի հետ կապված, ունենք Գուրգեն Մարգարյանի սպանության գործ։ Այդ ամբողջը, մեկը մյուսին լրացնելով, հիմնավորում է՝ առաջին՝ Ադրբեջանի, իրոք, հայատյացության դրսևորման քաղաքականությունը, երկրորդը՝ Ադրբեջանի այդ վարվելակերպը խոշտանգման դասական դրսևորում է՝ իր բոլոր ձևաչափերով։ Իհարկե, այդ ամեն ինչը նշանակություն է ունենալու»։