Բաժիններ՝

Եվրոպայի երկրների ղեկավարներն ուրախ են Հոլանդիայում ծայրահեղ աջերի կրած պարտության համար

Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC­-ին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «ջերմորեն շնորհավորել է Մարկ Ռյուտեին՝ ծայրահեղականության նկատմամբ նրա տարած ակնհայտ հաղթանակի կապակցությամբ»,-ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

«Նիդեռլանդնե՛ր, Նիդեռլանդնե՛ր, Դուք չեմպիոն եք… Շնորհավորում եմ ընտրությունների հիանալի արդյունքի կապակցությամբ»,-­«Թվիթեր»-­ում գրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Պետեր Ալտմայերը:

Ձայների ավելի քան 95 տոկոսի հաշվման արդյունքում VVD­ն շահել է խորհրդարանական 150 աթոռից 33-­ը՝ ութով պակաս, նախորդ գումարման համեմատությամբ:

Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատության կուսակցությունը, որին հաջողություն էին կանխագուշակում ներկայիս ընտրություններում, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 20 տեղ՝ հինգով ավելի, քան անցած անգամ:

Այս խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել արտասովոր բարձր՝ ավելի քան 80 տոկոս մասնակցությամբ, որը ռեկորդային է վերջին 30 տարվա ընթացքում: Վերլուծաբանների խոսքով՝ դա կարող էր ձեռնտու լինել եվրոպամետ եւ լիբերալ կուսակցություններին:

Գործող վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հոլանդիան դեմ է քվեարկել «վնասակար պոպուլիզմին», որի մյուս դրսեւորումներն աշխարհում նա համարել է «բրեկզիթ»­-ը եւ Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ­ի ընտրություններում:

«Մենք ցանկանում ենք շարունակել անվտանգության, կայունության եւ բարգավաճման ներկայիս քաղաքականությունը»,-­ասել է Ռյուտեն:

Գերտ Վիլդերսը որոշ հիասթափություն է հայտնել քվեարկության արդյունքների կապակցությամբ, սակայն հայտարարել է, որ կուսակցության գրանցած արդյունքներով կարելի է հպարտանալ:

Նախընտրական արշավի ընթացքում Վիլդերսը խոստացելէր Հոլանդիան դուրս բերել Եվրամիությունից, փակել բոլոր մզկիթները եւ արգելել Ղուրանը:

Ազատության կուսակցության պարտության կապակցությամբ գոհունակություն Է հայտնել նաեւ Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը:

«Մենք պե՛տք է շարունակենք պայքարել հանուն բաց եւ ազատ Եվրոպայի»,­-գրել է նա «Թվիթեր»-­ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս