Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել է հինգ կետով. Fox News
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից գոհ ամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել է 5 տոկոսային կետով: Դրա հետ մեկտեղ երկրի այն քաղաքացիների թվաքանակը, որոնք լավատեսորեն են գնահատում ազգային տնտեսության վիճակը, հասնում է 48 տոկոսի՝ 2003 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշին: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման տվյալները, որն անցկացվել է Fox News հեռուստաալիքի պատվերով:
Սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցման մասնակիցների 43 տոկոսը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է, թե ինչպես է Թրամփը կատարում նախագահական պարտականությունները: Հարցվածների 51 տոկոսը հակառակ տեսակետն է պաշտպանում: Համանման հարցման ընթացքում, որն անցկացվել է փետրվարին, հարաբերակցությունը կազմում էր 48 տոկոս եւ 47 տոկոս՝
համապատասխանաբար:
Հարցման մասնակիցների միայն 33 տոկոսն է գոհունակություն հայտնել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակի կապակցությամբ: Դժգոհողների թիվը կազմում է 55 տոկոս:
Հարցվածների 47 տոկոսը դրական է գնահատում այն, թե ինչպես է ԱՄՆ-ի
ախագահն զբաղվում երկրի տնտեսությամբ, հակառակ կարծիքին է 44 տոկոսը:
Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում հարաբերակցությունը կազմում է 45 տոկոս եւ 48 տոկոս, միգրացիայի ոլորտում՝ 41 տոկոս եւ 56 տոկոս, առողջապահության բնագավառում՝ 35 տոկոս եւ 55 տոկոս՝ համապատասխանաբար:
Մասնակիցների 48 տոկոսը կարծում է, որ Թրամփի օրոք ամերիկյան տնտեսության վիճակը բարելավվում է: 29 տոկոսը գտնում է, որ գործերը, ընդհակառակը, ավելի ու ավելի են վատանում:
Հարցումը, որին մասնակցել է 1008 մարդ, անցկացվել է մարտի 12-14-ին: Վիճակագրական անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: