«Եվրոպան ո՞ւր եք տանում, սկսել եք կործանել Եվրոպան». Չավուշօղլուն մեկնաբանել է Հոլանդիայում տեղի ունեցած ընտրությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ուր եք հասնելու, ոչ մի տարբերություն չկա սոցիալդեմոկրատների և ֆաշիստ Վիլդերսի միջև, նրանք բոլորն էլ նույնն են»,-ասել է Չավուշօղլուն: «Եվրոպան ո՞ւր եք տանում, սկսել եք կործանել Եվրոպան»,-հավելել է նա:
Չավուշօղլուն նշել է, որ մոտ ժամանակներս Եվրոպայում կրոնական պատերազմ է սկսվելու:
«Սրանից 100 տարի առաջ էլ են պատերազմել: Եվրոպայի պատմությունը բացիր և դիր երկու կողմերի առաջ, եթե մի գրամ ամոթ ունենան եվրոպացիները, մեկը մյուսի երեսին չեն նայի»,-խոսքը եզրափակել է Չավուշօղլուն:
Հոլանդիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների արդյունքում Հոլանդիայի ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտտեի գլխավորած «Հանուն ազատության և ժողովրդավարության» ժողովրդական կուսակցությունը հաղթել է Հերթ Վիլդերսի գլխավորած «Ազատություն» կուսակցությանը: